Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի 2022  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:   
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     
Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 3 150 000.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 4 570 651.2  հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 1 420 651.2  հազար դրամ:        
   1. Բյուջեի եկամուտների կանխատեսում   
Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 3 150 000.0  հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն  60.1 %-ով, որը կազմում է 1 256 305.7  հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 516 864.5  հազար դրամ՝ 2021 թվականի հաստատված 835 501.0 հազար դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը   81.0 %-ով:      
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։        
Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.      
Հարկային եկամուտները ծրագրվել են  809 061.2 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 25.7 %–ը։ 2022 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2020 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2022 թվականի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից և համայնքների միավորումից։   
Տեղական տուրքերը ծրագրվել են 77 340.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 2.4 %–ը։ Այն  պայմանավորված է համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների ավելացմամբ։
Պետական տուրքերը ծրագրվել են 51 000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝  12 000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 39 000.0 հազար դրամ։    
     2) Պաշտոնական դրամաշնորհներ.  
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված  ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 1 575 337.5 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 50.1 %–ը,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով պետական բյուջեով   հաստատված  գումարները՝ 6 798.0 հազար դրամ։     
3) Այլ եկամուտներ. 
2022 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 630 463.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 20.0 %–ը։  ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։    
        
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում  
Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  4 570 651.2 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 69.0 %-ը կամ 3 150 000.0  հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 2 104 247.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 683 595.8  հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 23. %-ը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.5 %-ը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 9.1 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 17.2 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 10.8 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.2 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 6.9 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 28.0 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.4 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 3.5 %-ը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.1 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։    
Ստորև ներկայացվում են համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։      
 1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը եռակի ավել են պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև աշխատավարձի  բարձրացումները և համայնքների միավորումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։       
2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը չեն ավելացվել, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում  կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։  
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 10 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։ 
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝       
4.1)     Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  49.1 %-ը, որը նախատեսված է Աբովյան համայնքի և բնակավայրերի գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու և ճանապարհային նշաններ ձեռք բերելու համար։
Նախատեսվում է նաև Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի ասֆալտապատման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ, Առինջ բնակավայրում Գետարգել վանքին միացնող փողոցների, Արամուս բնակավայրում Երիտասարդական թաղամասի և Ազատամարտիկների փողոցների, Բալահովիտ բնակավայրում կենտրոնական փողոցի, Գեղաշեն բնակավայրում 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի, Գետարգել բնակավայրում           Հ. Վերդյան փողոցի, Կաթնաղբյուր բնակավայրում 5-րդ փողոցի, Կամարիս բնակավայրում 7-րդ և 3-րդ փողոցների, Մայակովսկի բնակավայրում 2-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ փողոցների, Վերին Պտղնի բնակավայրում գերեզմանների հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։     
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքնությունների կատարման համար նախատեսվում է 43 113.0 հազար դրամ:
 4.2) Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 20 000.0 հազար դրամ, իսկ կապիտալ վերանորոգման համար 18 500.0 հազար դրամ։
4.3) Ծախսերի 0.7%-ը ուղղվելու է Կարմիր բանակայինների փողոցի անհատական տների  գազաֆիկացման աշխատանքներին։               
4.4) Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝  2022 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսել է կատարել 161 700.0 հազար դրամի խաղահրապարակների և զբոսայգիների կառուցման աշխատանքներ։
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքնությունների կատարման համար նախատեսվում է 3 844.0 հազար դրամ: 
4.5) 2022 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսվում է  ծախսել 100 510.0 հազար դրամ՝ Աբովյանի 7-րդ և 8-րդ միկրոշրջանների, Ռոսիա փողոցի մայթերի, Առինջ, Արամուս, Գեղաշեն, Մայակովսկի և Պտղնի բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության համակարգերի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվել է 10 000.0 հազար դրամ լուսավորության հետ կապված նյութերի ձեռք բերում, որը կազմում է ֆոնդային բյուջեի պլանավորված ծախսերի 5.3  տոկոսը։        
4.6)    Կաթնաղբյուր բնակավայրի 4-րդ փողոցի ոռոգման համակարգի վերանորոգման անցկացման համար նախատեսվել է 8 000.0 հազար դրամ:
4.7) 2022 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսվում է  ծախսել 100 220.0 հազար դրամ՝ Աբովյանի Ռոսիա փողոցի, Առինջ, Բալահովիտ, Գեղաշեն և Կամարիս բնակավայրերի փողոցների ջրահեռացման համակարգերի նորոգման և անցկացման աշխատանքների համար։
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքնությունների կատարման համար նախատեսվում է 3 844.0 հազար դրամ: 
4.8) 2022 թվականին Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման և արդիականացման համար նախատեսվել է 93 440.0 հազար դրամ։ 
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքնությունների կատարման համար նախատեսվում է 3 844.0 հազար դրամ:
4.9) Բալահովիտ բնակավայրում նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզ 70 երեխայի համար, որի համար նախատեսվում է 158 000.0 հազար դրամ:
4.10) Աբովյանի համայնքապետարանի վարչական շենքի սանհանգույցների վերանորոգման, ինչպես նաև շենքի դիմացի աստիճանների, հարթակի հիմանորոգման և լուսամուտների փոխարինման աշխատանքների համար նախատեսվել է 51 866.0 հազար դրամ, որը կազմում է ֆոնդային բյուջեի պլանավորված ծախսերի 2.5 %-ը:
4.11) Աբովյան խոշորացված համայնքի վարչական շենքերի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը աջակցելու նպատակով ծրագրվում է ծախսելու 110 000. 0 հազար դրամ՝ վարչական շենքերում, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներին անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։      
Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնելու է մեծ ծավալի աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում  է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 55 000.0 հազար դրամ արժեքով։              
4.12) Նախատեսվել է Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասը մարզադաշտ տանող ճանապարհին կապող աստիճանների հիմնանորոգման, ինչպես նաև պանթեոնի կառուցման աշխատանքները կատարելու համար հատկացնել 22 552.0։       
4.13) Համայնքում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների համար նախատեսվել 10 000.0 հազար դրամ:        
 4.14) Համայնքի նախատեսված վայրերում աղբամաններ և նստարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կանաչապատ տարածքները ավելացնելու նպատակով նախատեսվել է 20 000.0 հազար դրամ: 
        

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                 Է. ԲԱԲԱՅԱՆ

  • Քննարկվել է

    18.03.2022 - 04.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3928

Տպել