Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

           

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով;

         Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

          Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

          Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

          Սահմանադրության համաձայն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է, որ լիազորող նորմը ձևակերպվի այնպիսի հստակությամբ, որ միանգամայն պարզ և հասկանալի լինի ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը (ինչ հարցեր պետք է կարգավորի, ինչ սահմաններում և ինչ ծավալով):

          Ներկայումս Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինական գործունեության բնագավառը կարգավորվում է  Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն, 2011 թվականի հունիսի 23-ի  N 879-Ն,  2003 թվականի սեպտեմբերի 4-ի  N 1530-Ն, 1999 թվականի մայիսի 26-ի N 351, 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն, 2001 թվականի օգոստոսի 14-ի N 753,  2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1142-Ն որոշումներով, 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2164-Ն, 2003 թվականի մայիսի 2-ի N625-Ն, 2003 թվականի օգոստոսի 8-ի N997-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն, 2006 թվականի օգոստոսի 10-ի N1154-Ն, 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2015 թվականի մարտի 15-ի N596-Ն, 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն որոշումներով:

         Օրենքում լիազորող նորմերի ոչ ամբողջական լինելու պարագայում քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը հնարավորություն չունի լիարժեք իրականացնել  քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը: Մասնավորապես՝ մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսված միջոցառումների շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված օրենսդրական ակտերի նախագծերը բազմիցս տարբեր գերատեսչությունների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վերադարձվել են սույն օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները բացակայելու հիմքով, ինչի արդյունքում միջոցառումների կատարման համար սահմանված ժամկետները երկարաձգվում են, իսկ Կառավարության հանձնարարականները գնահատվում որպես չկատարված:

       Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին են վերապահվել ընդհանուր թվով 18 միջոցառում և 63 ենթամիջոցառում, որոնք ակնհայտորեն ծավալուն և ժամանակատար գործընթացներ են և վերջիններիս երկարաձգումը խոչընդոտ են հանդիսանում լիազոր մարմնի կողմից ռազմավարական խնդիրների լուծմանը: Նմանատիպ խնդիրներ են առաջացել նաև Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիրն իրագործելու ընթացքում:

      Հարկ է նաև նշել, որ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցառումներն սերտորեն փոխկապակցված են մի շարք շահագրգիռ պետական մարմինների գործառույթների հետ: Այսինքն, կարելի է արձանագրել, որ մեկ մարմնի կողմից չկատարված միջոցառումը խաթարում է նաև մյուս շահագրգիռ մարմինների գործունեության բնականոն ընթացքը, այն է՝ քաղաքաշինության բնագավառի չկարգավորված խնդիրներն ուղղակիորեն խոչընդոտում են տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացման ծրագրերին:

       Նախագծի ընդունումը նաև հնարավորություն կընձեռի ներդնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների արդի ընթացակարգեր, ինչպես նաև կկանոնակարգվեն իրավական ակտերի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ միջազգային փորձի կիրառմամբ:

        Անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական գործունեության համակարգման փորձի և խնդիրների վերլուծության հիման վրա հստակեցնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում առկա խնդիրներն ու քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, կազմման և հաստատման ընթացակարգերն ու կանոնակարգերը: Ինչպես նաև անհրաժեշտ է առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող ընթացակարգում սահմանել լրացուցիչ պահանջներ՝ պարզ, հասկանալի ընթացակարգերով և հստակ պայմաններով:

        Ուստի նախագծի ընդունումը համարվում է խիստ կարևոր և օրակարգային:

        Նախագծի ընդունման պարագայում փոփոխություններ կկատարվեն Կառավարության վերոնշյալ որոշումներում:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

   Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել և հնարավորինս ամբողջականացնել Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

          Առաջարկվում է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաև ՀՀ կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:

 

 3.Ակնկալվող արդյունքը.

         Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի  իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում փոփոխություններ չեն սպասվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

         Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջից  և թեև ուղղակիորեն կապված չի որևէ ռազմավարական փաստաթղթի հետ, սակայն նախագծի ընդունումը կապահովի Ազգային ժողովի կողմից  2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների և հարակից այլ միջոցառումների անխոչընդոտ իրականացումը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N02/10.3/37766-2021 հանձնարարականը:

7. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

       «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

      

 

 

  • Քննարկվել է

    17.03.2022 - 01.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4110

Տպել