«Մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- --------------- 2017 թվականի N -Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 310-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 24-ի Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին թիվ 236 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
Հավելված
Հաստատված է ՀՀ կառավարության
2017թ. -Ն որոշմամբ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի (այսուհետ` Օրենսգիրք) 322-րդ հոդվածով սահմանված ձևերին և 338-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներին համապատասխան:
- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների նկատմամբ:
- Սույն մեթոդաբանության իմաստով «Մաքսային հսկողության ընթացակարգ» նշանակում է ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ընտրված մաքսային հսկողության իրականացման միջոցառումների, այդ թվում՝ մաքսային հսկողության ձևերի ու մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների ամբողջականություն:
- Սույն մեթոդաբանության մեջ կիրառվող այլ հասկացությունները մեկնաբանվում են Օրենսգրքով սահմանված իմաստներով:
- ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մաքսային հսկողության իրականացման ձևերի կիրառման մեթոդաբանությունը սահմանված է Օրենսգրքի 323-ից 337-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ սույն մեթոդաբանությանը համապատասխան:
- Ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում իրականացվում է այն դեպքում, երբ նախքան ապրանքների բացթողումը մաքսային հսկողության իրականացման ընթացակարգերից մեկի հետ զուգահեռ ընտրվել է «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգը, ինչպես նաև մաքսային կարգավորման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
- Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննում իրականացնող պաշտոնատար անձն ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման ժամանակ առաջնորդվում է հետևյալ գործողություններով.
ա) հայտարարագրված բոլոր ապրանքատեսակներից պայմանական կարգով ընտրվում և զննվում է առնվազն 10 տոկոսը,
բ) տեխնիկական միջոցներով զննվում է ապրանքների մնացած մասը,
գ) հաշվառվում է ապրանքը,
դ) ստուգվում է հայտարարագրում առկա տեղեկությունների (ապրանքի նկարագիրը, ծածկագիրը, քաշը, քանակը, չափման միավորը) համապատասխանությունը փաստացի հայտարարագրման ներկայացված ապրանքների վերաբերյալ տվյալների հետ, ինչպես նաև ստուգվում են այն փաստաթղթերի առկայությունը և տվյալները, առանց որոնց այդ ապրանքները չի թույլատրվում բաց թողնել,
ե) ստուգվում են տրանսպորտային միջոցի պատերի երեսապաստառը, հատակի մասը, առաստաղի մասը, թաքստոցների, պահեստամասերի և այլ նմանատիպ պարագաների համար նախատեսված խցիկների առկայությունը:
- Սույն մեթոդաբանության 7-րդ կետում նշված գործողություններից տարբերվող այլ գործողությունների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
- ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները կիրառվում են ինքնուրույնաբար կամ մաքսային հսկողության ձևերի կիրառումն ապահովելու համար:
- Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման մեթոդաբանությունը սահմանված է Օրենսգրքի 339-ից 350-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
- Մաքսային մարմին ներկայացված մաքսային հայտարարագիրը Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գրանցվելուց հետո ընտրվում է մաքսային հսկողության հետևյալ ընթացակարգերից մեկը` ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկերի պրոֆիլներին համապատասխան.
ա) Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց փաստաթղթերի ու տվյալների ստուգման և մաքսային զննման,
բ) Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնելուց հետո,
գ) Կարմիր ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան փաստաթղթերի ու տվյալների ստուգում և մաքսային զննում իրականացնելուց հետո:
- Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրերի համար կարող է ընտրվել նաև մաքսային հսկողության «Կապույտ ուղի» մաքսային ընթացակարգ, որը ենթադրում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան:
- Այն դեպքում, երբ ընտրվում է Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կանաչ ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց փաստաթղթերի ու տվյալների ստուգման և մաքսային զննման, բացառությամբ սույն մեթոդաբանության 14-րդ կետում սահմանված դեպքերի:
- Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգի ընտրությունից հետո ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թղթային կամ էլեկտրոնային (այսուհետ՝ գրավոր) որոշման հիման վրա Ընտրված է կանաչ ուղի նշագրումով մաքսային հայտարարագիրը կարող է բաց թողնվել Դեղին ուղի կամ Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով` սույն մեթոդաբանության 15-րդ և 17-րդ կետերին համապատասխան` որոշման մեջ նշելով այն հիմքերը, համաձայն որոնց ապրանքների կամ տրանսպորտային միջոցների նկատմամբ պետք է իրականացվեն փաստաթղթերի ու տվյալների ստուգում և (կամ) մաքսային զննում: Ընտրված է կանաչ ուղի նշագրումով էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Դեղին ուղի կամ Կարմիր ուղի ընթացակարգերով նախատեսված պայմաններով բաց թողնելու դեպքում մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին տեղեկացվում է այդ մասին` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում էլեկտրոնային հաղորդագրություն տալու միջոցով կամ թղթային եղանակով` նշելով փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը` դրանք թղթային եղանակով մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, և (կամ) մաքսային զննման իրականացման ժամանակն ու վայրը:
- Այն դեպքում, երբ ընտրվում է Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է դեղին ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ և (կամ) ակնհայտ կեղծ տվյալներ, ապա իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, որից հետո ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց մաքսային զննման, բացառությամբ սույն մեթոդաբանության 16-րդ կետով սահմանված դեպքերի:
- Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգի ընտրությունից հետո ապրանքների մաքսային ձևակերպումներ կամ մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Ընտրված է դեղին ուղի նշագրումով մաքսային հայտարարագիրը կարող է բաց թողնվել Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով` սույն մեթոդաբանության 17-րդ կետին համապատասխան` գրավոր որոշման մեջ նշելով այն հիմքերը` համաձայն որոնց ապրանքների կամ տրանսպորտային միջոցների նկատմամբ պետք է իրականացվի մաքսային զննում: Ընտրված է դեղին ուղի նշագրումով էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով բաց թողնելու դեպքում մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին տեղեկացվում է այդ մասին` օրենսդրությամբ սահմանված ժամկետներով էլեկտրոնային հաղորդագրություն տալու միջոցով` նշելով փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը` դրանք թղթային եղանակով մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, և (կամ) մաքսային զննման իրականացման ժամանակն ու վայրը:
- Այն դեպքում, երբ ընտրվում է Կարմիր ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կարմիր ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Փաստաթղթերի ու տվյալների ստուգման ժամանակ ներկայացված փաստաթղթերում կամ տվյալներում անճշտությունների և (կամ) սխալների առկայության դեպքում իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային զննում` Օրենսգրքի 328-րդ հոդվածին համապատասխան: Իրականացված զննման արդյունքում անճշտություններ և (կամ) կեղծ տվյալներ չհայտնաբերելու դեպքում մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում: Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային զննման ժամանակ հայտնաբերվում են անճշտություններ և (կամ) կեղծ տվյալներ, իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ:
- Այն դեպքում, երբ սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ մաքսային մարմնի կողմից սահմանված ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ ընտրվում է նաև մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կապույտ ուղի նշագրումը և Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման ժամկետներում մաքսային մարմնի կողմից իրականացվում է փաստաթղթերի ու տվյալների ստուգում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան:
- Սույն մեթոդաբանության 18-րդ կետում իրականացված փաստաթղթերի ու տվյալների ստուգման արդյունքում ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ, որոնք չեն առաջացնում մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարների չափի և արգելքների ու սահմանափակումների փոփոխություն, ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում՝ մաքսային հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման մասին, և իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ, որոնք առաջացնում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարների չափի և արգելքների ու սահմանափակումների կիրառում (փոփոխություն), ապա իրականացվում է մաքսային ստուգում՝ Օրենսգրքին համապատասխան:
- Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում ռիսկերի կառավարման համակարգի կողմից ստացված ցուցումների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
- Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված՝ «Կարմիր ուղի» կամ «Դեղին ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում սույն կարգի 20-րդ կետում նշված ցուցումներին համապատասխան ստուգված տվյալները «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգի շրջանակներում կարող են չստուգվել:
- Սույն մեթոդաբանությանը համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության արդյունքում փաստաթղթերի ու տվյալների ստուգում և (կամ) մաքսային զննում իրականացնելու անհրաժեշտության պարագայում մաքսային հսկողության այդպիսի ձևերն իրականացվում են մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի` սույն կարգով սահմանված` գրավոր որոշման ընդունումից հետո:
-
Քննարկվել է
07.09.2017 - 25.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 11690
Տպել