ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Հանրային ծառայողների տիպային կանոնները մշակվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

      Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի կանոնները կոչված են նպաստելու նրանց վարքագծում բարեվարքության՝ օրենքով սահմանված սկզբունքների ու էթիկական նորմերի արտացոլմանը:  Հաշվի առնելով հանրային ծառայողի օրենսդրորեն ամրագրված պարտավորությունը՝ հետևելու հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, կարևորվում է վարքագծի միասնական հիմնարար նորմերի սահմանումը բոլոր հանրային ծառայողների համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված առավել թիրախավորված և արմատական պայքար մղելու համար առաջնային խնդիր է համարվում հանրության կողմից կոռուպցիոն բնույթի գործողությունների մերժումը և կոռուպցիայից զերծ հանրային ծառայության առկայությունը: Այս նպատակին հասնելու համար ամենաարդյունավետ գործիքներից է հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովումը, ինչպես նաև հանրության շրջանում հանրային ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը:

     Հանրային ծառայության մասին օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ բարեվարքության համակարգը ի թիվս այլնի ներառում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքը։ Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 22-27-րդ հոդվածները սահմանում են վարքագծի սկզբունքները։ Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է վարքագծի կանոնների ընդունման առանձնահատկությունները։ Մասնավորապես, հոդվածը նախատեսում է, թե հանրային պաշտոնների և հանրային ծառայության առանձնահատկություններից ելնելով, որ մարմինների կողմից են սահմանվում պաշտոնների համապատասխան խմբերի վարքագծի կանոնները։ Հարկ է նշել, որ վկայակոչված հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ հանրային ծառայողների՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Միաժամանակ, նույն հոդվածի 7-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով։

     Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման նպատակով, Եվրոպայի Խորհրդի միջազգային փորձագետների ներգրավմամբ, մշակվել է վարքագծի տիպային կանոնների նախագիծը, որն ունի պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Պարտադիր բաղադրիչը անդրադառնում է հանրային ծառայողների վարքագծի այնպիսի նորմերի, որոնց խախտումը առաջացնում է Օրենքով սահմանված պատասխանատվություն և ի թիվս այլնի ներառում է նաև նորմեր Օրենքով սահմանված շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների վերաբերյալ։ Նախագիծը նաև անդրադառնում է հանրային ծառայողից ակնկալվող վարքագծին մասնավոր կյանքում՝ նպատակ ունենալով զերծ պահել հանրային ծառայությունը վարկաբեկման և արատավորման ցանկացած դրսևորումներից։ Խրախուսելի կանոնները միտված են կերտելու հանրային ծառայողի առավել բարեվարք կերպար՝ շեշտադրելով նրանց ինքնազարգացման և ինքնակատարելագործման անհրաժեշտությունը։

     Նախագծի մշակման համար հիմք ենք հանդիսացել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի տիպային կանոնները, ՄԹ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Գլոբալ հակակոռուպցիոն ուղեցույցը, Հանրային բարեվարքության վերաբերյալ ՏՀԶԿ Հանձնարարականը և այլ միջազգային փաստաթղթեր, ինչպես նաև տարբեր երկրների ներպետական իրավական ակտեր։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Սույն նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետից։

  1. Նախագիծը մշակող մարմինը

    Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել  հանրային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք, ինչպես նաև բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։  

 

  • Քննարկվել է

    15.03.2022 - 30.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9131

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

82-րդ կետի վերաբերյալ․ հանրային ծառայողները, ինչպես նաև այլ աշխատողներ իրավունք ունեն իրենց աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերը ներկայացնելու նպատակով միավորվել արհեստակցական միություններում։ Նրանք իրավունք ունեն նաև ընտրվել այդ արհմիությունների ղեկավար մարմիններում։ Որպես արհմիության անդամ՝ իրենց իրավունքները հանրային ծառայողներն իրացնում են տարբեր եղանակներով։ Այն դեպքում, երբ հանրային ծառայության մարմինը խոչընդոտում է այդ իրավունքների իրականացմանը, կամ հանրային ծառայողն ու հանրային ծառայության մարմինը կամ նրանց ղեկավարը համաձայնության չեն գալիս որևէ հարցի շուրջ, հասունանում է կոլեկտիվ աշխատանքային վեճ, որի լուծման ձևերը սահմանված են Աշխատանքային օրենսդրությամբ՝ ընդհուպ մինչև գործադուլ, որը հրապարակային գործողություն է։ Եվ միայն արհմիությունն ու դրա անդամներն են որոշում՝ այդ լուծման ձևերը լինեն հրապարակային, թե ոչ, տեղեկությունները և քննադատությունները հրապարակվեն սոցցանցերում, թե ոչ։ Այնպես որ, այս կետը սահմանափակում է հանրային ծառայողների սահմանադրական իրավունքը՝ ուղղված իրենց աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը։ Բացի դրանից, հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը չքննադատելու մասին դրույթը հակասում է սույն կանոնների 29-րդ կետին, որտեղ սահմանված է, որ քննադատական մտահոգություններ արտահայտելիս պետք է լինել հարգալից։ Այնպես որ, առաջարկում ենք 82-րդ կետը հանել։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

81-րդ կետի դրույթները հարկավոր է հստակեցնել, քանի որ դրանք սուբյեկտիվ ընկալման տեղիք են տալիս և դրանով սահմանափակում են հանրային ծառայողի ազատ խոսքի և ինքնաարտահայտման հիմնարար իրավունքը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

72-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերը։ Մասնավորապես, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուն պարտավոր է պայմաններ տրամադրել արհեստակցական միությանը կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար։ Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդեն ներկայացված օրենսդրական նախագծում նախատեսվում է սահմանել դրույթ, որով աշխատողների ներկայացուցիչներին գործատուն պետք է տրամադրի տարածք և նյութատեխնիկական միջոցներ։

Տեսնել ավելին