«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2017 թվականի N -Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հանրայինծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սույն որոշման համաձայն` հասարակական կազմակերպությունների ընտրություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:
- Սույն որոշման համաձայն` ընտրված հասարակական կազմակերպություններին գումարը տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
- Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և հանձնարարարել ֆինանսների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում սահմանել օրենքով սահմանված գումարի փոխանցման ընթացակարգը:
- Սույն որոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
--------- ------ի N –Ն որոշման
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Սույն կարգը սահմանում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրության և գումարի տրամադրման կարգը և պայմանները:
- Սույն կարգի համաձայն կազմակերպությունների ընտրությունը և վերջիններիս գումարի տրամադրումն իրականացվում է՝ կազմակերպությունների կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:
- Կազմակերպությունների ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ ընտրող հանձնաժողով):
- Կազմակերպությունը ընտրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- կազմակերպության կանոնադրական նպատակներից է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը,
- կազմակերպության անդամներից առնվազն երեքն ունեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներից որևէ մեկում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ։ Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը.
- կազմակերպությունը՝
ա. առաջին անգամ ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վերջին երեք տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 5 տոկոսին.
բ. առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հանձնաժողովի վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 15 տոկոսին
- առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ կազմակերպությունը մասնակցել է տվյալ տարվա ընթացքում Հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին և լսումներին, որոնց մասին Հանձնաժողովը նախապես հրապարակել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացրել է գրավոր դիրքորոշում իրեն կարծիքի ուղարկված՝ Հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը կազմակերպությունների ընտրության գործընթացը սկսելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):
- Ընտրվելու նպատակով կազմակերպությունը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝
- Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք․
- կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր․
- Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ վերջինիս կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ Հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշման ներկայացման վերաբերյալ տեղեկանք՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն։
- Կազմակերպությունը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
- Դիմումում ոչ էական թերությունների (վրիպակների և այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրող հանձնաժողովը դիմումը ստանալու պահից 3 օրվա ընթացքում գրավոր առաջարկում է կազմակերպությանը 2 օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև կազմակերպության կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը:
- Ընտրող հանձնաժողովը դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին է ներկայացնում եզրակացություն՝ կազմակերպության ընտրության կամ ընտրության մերժման վերաբերյալ, որի հիման վրա նախարարը 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան հրաման՝ այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնելով կազմակերպությանը:
- Կազմակերպության ընտրությունը մերժվում է, եթե կազմակերպությունը՝
- չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին․
- սահմանված ժամկետում չի վերացրել սույն կարգի 8-րդ կետում նշված թերությունները․
- նախորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում չի ներկայացրել կամ հրապարակել սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հաշվետվությունը․
- նախորդ ընտրման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գումարը չի օգտագործել սույն կարգի 14-րդ կետի համաձայն։
- Կազմակերպության ընտրությունն իրականացվում է մեկ օրացուցային տարով:
- «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվարկված Հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը (որը ներառվում է Հանձնաժողովի պահպանման ծախսերում) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում է սույն կարգին համապատասխան ընտրված կազմակերպություններին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ավարտը։
- Սույն կարգի 12-րդ կետում նշված գումարը բաժանվում է ընտրված կազմակերպությունների թվի վրա և բաշխվում հավասարապես։
- Կազմակերպությունն իրեն տրամադրված գումարի 50 տոկոսը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պետք է ուղղի իր կարողությունների զարգացմանը, իսկ 50 տոկոսը անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։
- Ընտրված կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը իրեն տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ատացված տեղեկատվության հիման վրա` Ֆինանսների նախարարի հրամանով կազմակերպությանը տրամադրված գումարը վերջինիս կողմից սույն կարգին համապատասխան չօգտագործվելու դեպքում այդ չափով ենթակա է վերադարձման՝ հրամանով սահմանված ժամկետում :
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով կազմակերպության ընտրությունը չեղյալ է համարվում և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով գումարի տրամադրումը դադարեցվում է, եթե.
- կազմակերպության գործունեությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է.
- կազմակերպությունը դիմում է ներկայացրել այդ մասին.
- կազմակերպությունը ընտրման ժամանակահատվածի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:
- Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքերում, դադարեցմանը հաջորդող ժամանակահատվածի համար արդեն իսկ տրամադրված գումարը կազմակերպության կողմից ենթակա է վերադարձման մինչև դադարեցման ամսվա ավարտը, ինչի վերաբերյալ համապատասխան դրույթ է ամրագրվում սույն կարգի 17-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանում:
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպության ընտրության գործընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում սույն կարգի 5-րդ կետում նշված կայքերում տեղեկատվություն է հրապարակում ընտրված կազմակերպությունների վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարում է ընտրված կազմակերպությունների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ մատյան)։ Դիմումն ստացվելուց հետո անմիջապես գրանցում է կատարվում մատյանում կազմակերպության տվյալների, վերջինիս ընտրության կամ ընտրության մերժման, ժամկետի, այդ մասին կազմակերպությանը պաշտոնական գրություն ուղարկելու ամսաթվի, ընտրությունը չեղյալ համարելու, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկությունների վերաբերյալ։
-
Քննարկվել է
06.09.2017 - 22.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9402
Տպել