Հիշել նախագիծը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել ««Հարկային» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերով,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքի իմաստով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • աղբահանություն`բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, ներառյալ տեսակավորում, պահում, փոխադրում՝ դրանց վերաօգտագործման, օգտահանման, մշակման, վերամշակման, վնասազերծման և/կամ  աղբավայրում տեղադրման  նպատակով.
  • աղբ՝ բնակելի և հասարակական տարածքներում մարդու կենսագործունեությունից առաջացող, սպառողական հատկությունը և պիտանելիությունը կորցրած իր.
  • կոշտ կենցաղային աղբ՝ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կոշտ կենցաղային թափոն.
  • կենսաքայքայվող /օրգանական/ աղբ՝ աէրոբիկ կամ անաէրոբիկ քայքայման ենթարկվող աղբ (օրինակ՝ սննդային աղբ, այգու կանաչ աղբ և այլն).
  • հատուկ աղբ՝ իրենց հատկանիշների շնորհիվ առնաձնահատուկ միջոցառում պահանջող աղբ (լուսավորող սարքեր, սնդիկ պարունակող էլեկտրական լամպեր, մարտկոցներ և կուտակիչներ, անվադող, փոխադրամիջոց, էլեկտրոնիկա և ալն).
  • արտադրական աղբ`արտադրության և արտադրական և (կամ) սպառման աղբ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արտադրական գործունեության ընթացքում.
  • շինարարական աղբ` շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության արդյունքում  առաջացող աղբ.
  • խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող սպառման աղբ, որոնց չափերը գերազանցում են  1 խորանարդ մետրը, և որոնց  ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ)` անհնար է դրանց հավաքումը, պահումը կամ փոխադրումը կենցաղային աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.
  • աղբաման՝ կոշտ կենցաղային աղբի՝ բացառությամբ խոշոր եզրաչափի աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որոնց ձևն ու չափը սահմանվում է համապատասխան համայնքի ավագանու կողմից․
  • աղբամուղ՝ բազնաբնակարան շենքերում ներկառուցված կոշտ կենցաղային աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման և ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր։
  • աղբահավաք խուց՝ բազմաբնակարան կամ հանրային շենքերում կոշտ կենցաղային աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք։
  • աղբամանների հարթակ՝ 0․75 խորանարդ մետր և ավել տարողությամբ կոշտ կենցաղային թափոնների աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի  աղբահանության սխեմաներին համապատասխան.
  • փոխաբեռնման կայան՝ բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.
  • աղբի հավաքման կենտրոն՝ հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը՝ հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով.
  • աղբավայր՝ բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ՝ նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար:
  • սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, պուրակների, հրապարակների, բակերի, մայթերի, անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.
  • օպերատոր`համայնքին/կամ համայնքներին աղբահանության՝ այդ թվում աղբի հավաքման, փոխադրման, աղբավայրում տեղադրման և (կամ) վերամշակման, օգտահանման, վնասազերծման, և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր).
  • աղբի քանակի նվազեցում՝ սկզբնաղբյուրում գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.
  • աղբի տեսակավորում՝ աղբի բաղադրությունից վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի առանձին հավաքումն ու պահումը սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.
  • աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար, ներառյալ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը. 
  • աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.
  • աղբի հեռացում՝ կոշտ կենցաղային աղբի հավաքում և փոխադրում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և/կամ աղբավայր.
  • աղբի սեփականատեր՝ աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ անհատ ձեռնարկատեր, ում տիրապետման ներքո է աղբը.
  • աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեմա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության և թափոնների հետ գործածության գործունեության համար առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված գոյացող աղբի քանակից, տեսակից և աշխարհագրական տեղադիրքերից.

2․ Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:

Հոդված 4.  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 6.1-րդ կետերով.

«5.1)  առաջացող աղբի  քանակի նվազեցումը․ 

6.1)   շրջանաձև տնտեսության խթանումը»:

Հոդված 5.  Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ, 3.3-րդ և 3․4-րդ կետերով.

«3.2 Հաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեման:

3.3 Հաստատում է աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերի տիպային ձևը:

3.4 Հաստատում է գործող աղբավայրերի  շահագործման ու փակման նվազագույն նորմերը»:

Հոդված 6.  Օրենքի 4.2-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետում «չհսկվող  և չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին  կետով.

«4.1) աղբահանության և  սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող նորմերի ու կարգերի հաստատումը, այդ թվում՝ աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման ու փակման նորմերն ու կարգերը, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթակարգերը, ոլորտի մեթոդական ուղեցույցները։»։

Հոդված 7.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ և 4.4-րդ հոդվածներով.

  «Հոդված 4.3. Թափոնների նկատմամբ սեփականության իրավունք

  1. Աղբը հանդիսանում է սեփականության օբյեկտ: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա ստեղծման պահից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ ​​օրենսդրությամբ:
  2. Աղբի սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատերերին, որոնց գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում, պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար, ձգտելով դրանց ռացիոնալ օգտագործմանը:
  3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրանց տնօրինման, այդ թվում՝ փոխանակման, օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցել սեփականության իրավունքը, եթե այդ անձիք ունեն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:
  4. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել են իրենց չպատկանող աղբ, պարտավոր են այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում: Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման և դրա հետ գործածության մասով՝ տեղեկացվելուց հետ եռօրյա ժամկետում:

    Հոդված 4.4.  Կոշտ կենցաղային աղբի առաջացման կանխարգելման և դրանց քանակի նվազեցման ընդհանուր պահանջները

  1. Կոշտ կենցաղային աղբի առաջացումը կանխելու և դրանց քանակը նվազեցնելու նպատակով իրականացվում են համապարփակ հետևյալ միջոցառումները՝

     1) սակավաթափոն և  աղբ չառաջացնող միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառում.

     2) առաջացող աղբի առավելագույնս օգտահանում.

     3)  աղբի տեսակավորված հավաքման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան պայմանների և ենթակառուցվածքների ստեղծում:»

 

Հոդված 8.   Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Հոդված 5.

Աղբահանության վճարը

  1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

  2․ Արտադրական, շինարարական աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով։

 3․ Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին աղբահանության վճար վճարողներին՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

 4․  Աղբահանության վճարի դրույթաչափի տեսակի  հետ անհամաձայնության դեպքում, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում՝ աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը։»։

  Հոդված 9.   Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «իրականացնում են» բառերից հետո լրացնել «համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերը.

2) 2-րդ և 3-րդ մասերում «իրականացնել» բառից հետո լրացնել «տեսակավորված,» բառը։

3)  Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված աշխատանքները կարող են ֆինանսավորվել  կամ իրականացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:»։

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում`

  • 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1.Կոշտ կենցաղային աղբի հավաքումը  կատարվում է՝

1) անմիջապես աղբ գոյացնողից և հեռացվում է անմիջապես աղբատար մեքենա՝ առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով՝ աղբը հավաքվում և (կամ) պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ  հարթակների վրա տեղադրված  համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղերի միջոցով՝ աղբը հավաքվում է աղբահավաք խցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և/կամ տեսակավորվում է աղբը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտարդամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը՝ հետագա դրանց  հետ գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական, իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ իրենց միջոցների հաշվին:»։

2)  3-րդ մասում «Ոչ կենցաղային» բառերը փոխարինել «Արտադրական, շինարարական» բառերով,  «հավաքվում և» բառերը փոխարինել «հավաքվում է անմիջապես աղբ առաջացնողից առանց աղբամաններում կուտակելու կամ»»  բառերով:

   3) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1, 3․2 և 4․1 մասերով․

«3․1  Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբ) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից տրամադրված առանձնացված աղբամաններում կամ  կոնտեյներներում:

3․2  Հատուկ աղբը  հավաքվում է առանձին և  տեղափոխվում հատուկ մեքենաներով դեպի վնասազերծման, օգտահանման  կամ հատուկ միջոցառումների կիրառմամբ պահման ու թաղման տարածքներ։»։

«4․1 Աղբամաններում արգելվում է  տեղադրել կամ պահել հատուկ աղբը, այրվող, շիկացած կամ տաք ու խոշոր եզրաչափերով աղբը,  բժշկական թափոնները,  ձյունը և սառույցը, ինչպես նաև այլ թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը:»։

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով․

«2․ Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ  մասնագիտացված տեխնիկայի և մասնագիտացված անձնակազմի միջոցով՝ սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան։

3․ Շինարարական,  խոշոր եզրաչափերով, օգտահանման և վերամշակման ենթակա, ինչպես նաև  հատուկ աղբը  փոխադրվում է առանձին-առանձին՝ սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան։ Աղբի առանձին տեսակների հավաքման և փոխադրման նորմերն ու կանոնները սահմանում է աղբահանության ոլորտի լիազոր մարմինը»։

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող» բառերով․

2) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ից 2․4 և 3․1 մասերով.

« 2․1 Աղբավայրերի շահագործման կարգը, ինչպես նաև գործող աղբավայրերի բարեկարգման նվազագույն նորմերը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2․2 Արգելվում է հեղուկ աղբի, ինչպես նաև  պայթուցիկ, դյուրավառ, բժշկական, սպանդանոցներից և  այլ կենսաբանական աղբի տեղադրումը աղբավայրերում։

2․3 Սահմանափակվում է  կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:

2․4 Արգելվում է աղբավայրում թափոնների բաց եղանակով այրումը։

3․1 Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ՝ թափոնների ինքնայրումը կանխելու համար։ Աղբավայրի հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

  Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «Հոդված 13.

Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում են հետևյալ հիմնական տարրերը. առաջացող թափոնների ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, թափոնների հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:
  2. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:
  3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտանահման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարկան մաքրման սխեմաները, որոնք ներառում են՝

1) գոտիավորված  տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.

2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.

3) գոտիավորված տարածքում թափոնների վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) գոտիավորված տարածքում թափոնների օգտահանման, վնասազերծման,  վերամշակման, թափոնների հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյա տվյալներ.

6) գոտիավորված տարածքում նախատեսվող թափոնների վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների  և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն

7) գոտիավորված տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման:»:

Հոդված 14.  Օրենքի 14-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերում «առանձնացված» բառից հետո լրացնել «՝ տարբերակված» բառը,
  • Հոդվածի 3-րդ մասում «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների» բառերը փոխարինել «Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի» բառերով, «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 2․1 մասով » բառերը և ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը․
  • Հոդվածի 3․1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի  շենք-շինությունների ու  տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում,  նշված շենքերի, շինությունների և տարածքների սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2․1 մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին։»։

    4) Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 3․2 և 3․3 մասերով․

 «3.2 Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման  անհնարինության դեպքում։»։ Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պարտադիր պետք է ապահովվի աղբի հավաքման և փոխադրման համար աղբատար մեքենաների անարգելգ մուտքն ու ելքը։

 3․3 Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3․2 մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համախատասխան աղբամանների տեղադրման անհնարինության դեպքերում։»։

Հոդված 15.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ և 19․2-րդ հոդվածներով.

       «Հոդված 19.1  Աղբի հետ գործածության ոլորտում դրույքաչափերը

  1. Աղբի հետ գործածության ոլորտում գործում են հետևյալ դրույքաչափերը.

1) օպերատորի ծառայությունների դիմաց դրույքաչափ.

2) կոշտ կենցաղային աղբի վնասազերծման դրույքաչափ.

3) կոշտ կենցաղային աղբի օգտահանման և վերամշակման դրույքաչափ.

4) կոշտ կենցաղային աղբից էներգիայի վերականգնման դրույքաչափ.

5) կոշտ կենցաղային աղբի աղբավայրում տեղադրելու դրույքաչափ:»:

     Հոդված 192 Տնտեսական խթանիչների կիրառում

  1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են տնտեսական խթաններ, որոնք կիրառվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ սույն Օրենքի 14.2 հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման  գործունեություն ծավալելու դեպքերում։»։

         Հոդված 16  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ օրենքի 5-րդ հոդվածի 3.2–րդ մասով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝  43.1 հոդվածում (այսուհետ` Հոդված)՝

 

1.      3-րդ մասում «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերը։   

2.     Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7․1, 8․1, 8․2 մասերով։

«7․1  Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված  տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում,  բժշկական թափոնների,  մարտկոցների ու կուտակիչների, 1խմ և ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի,  ձյան և սառույցի տեղադրումը, ինչպես նաև այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը՝ 

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` քսանապատիկից երեսնապատիկի չափով։»։

«8․1 Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողներն իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում  այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը՝

  առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեքնապատիկից հինգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութնապատիկից տասնապատիկի չափով։

8․2 Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան միջոցներ չձեռնարկելն առաջացնում է տուգանք պաշտոնական անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով։»։

3․ Հոդվածի 9-րդ մասում՝  «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերը:

4․ Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 10․1-ից 10․5 մասերով․

 «10․1 Պայթուցիկ, դյուրավառ, բժշկական հստատություններից, սպանդանոցներից և  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  ութսունապատիկից հարյուրապատիկի չափով։

10․2. Սույն հոդվածի 10.1-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10․3  Աղբավայրերում բաց եղանակով այրման կազմակերպումն  առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։

10․4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

10․5 Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկից  մինչև  երեքհարույրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի    2191 –-րդ հոդվածում

1․ 1-ին մասում՝ «43․1-րդ հոդվածին 1-ին» բառերից հետո լրացնել 8․2-րդ,» և «9-րդ» բառերից հետո՝ «10․5-րդ» բառերով․

2․ 2-րդ մասում  «43․1-րդ հոդվածին 2-8-րդ» բառերից հետո լրացնել «8․1-րդ» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածում «քննում է սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43․1 հոդվածի  10․3-րդ և 10․4-րդ մասերով, »  բառերը։

Հոդված 4․ Օրենսգրքի 242-րդ հոդվածում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43․1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 7․1-րդ, 9-րդ, 10-րդ, 10․1-րդ, 10․2-րդ և 10․5-րդ մասերով,»  բառերը։

Հոդված 5․ Օրենսգրքի 24411-րդ հոդվածում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43․1-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով,»  բառերը։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ լրացվող 43․1-րդ հոդվածի 10․5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    10.03.2022 - 25.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4910

Տպել