<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ
09.03.2022
15. 12-րդ կետով սահմանվում է, որ Զեկույցի վիճելի դրույթները դրվում են քվեարկության, սակայն սահմանված չէ քվեարկության կարգը, ինչն առաջարկում ենք հստակեցնել և կարգավորել:
Լրամշակման փուլում է
6 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2022 թվականի N ------Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ
2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջները`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
_____________ ____-ի N _____-Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ
2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջխաղացում՝ կյանքի բոլոր ոլորտներում ներառման և հաշմանդամություն ունեցող անձանց՝ ինքնավարության և ընտրության ազատության հնարավոր առավելագույն մակարդակից օգտվելու հնարավորությամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին։
1) Հավասարություն և խտրականության բացառում,
2) Միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիություն,
3) Որակյալ ներառական կրթության իրավունքի մատչելիություն,
4) Զբաղվածություն և աշխատանքային իրավունքներ,
5) Ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահվում,
6) Մշակութային իրավունքներ, մասնակցություն սպորտին և ժամանցին,
7) Անկախ կյանքին աջակցող ծառայությունների ձևավորում և զարգացում,
8) Արտակարգ իրավիճակներում պաշտպանություն և անվտանգություն։
1) Խնդիր 1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում` օրենսդրական դաշտի զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության պաշտպանության և իրավական աջակցության միջոցով․
ա․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը համարելով որպես օրենսդրական բարեփոխումների սկիզբ և հիմք ընդունելով վերջինիս սահմանած պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, անհրաժեշտ է բացառել իրավական ակտերի միջև ներկայումս առկա անհամապատասխանությունները։ Անհրաժեշտ է ապահովել բոլոր իրավական ակտերի համապատասխանությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները։
բ․Մասնավորապես հարկ է զարգացնել օրենսդրությունը, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին և ընդլայնել հնարավորությունները, բացառել իրավական ակտերում հաշմանդամության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականությունը, ապահովել իրավաստեղծ գործունեությունում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Այս գործողությունները պետք է համահունչ լինեն հակախտրականության (հավասարության) քաղաքականությանը և օրենսդրությանը, նպաստեն հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելման համակարգային մեխանիզմների, իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերի ստեղծմանը և կատարելագործմանը։ Այս խնդրի տրամաբանական շրջանակներում պետք է մշակել և ընդունել անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների (ներառյալ ընթացակարգային հարմարեցումները) իրավունքը։
գ․ Խտրականության բացառման և հավասարության ապահովման գործողությունները պետք է համընթաց լինեն մարդկային ռեսուրսի զարգացմանը, այդ թվում՝ մասնավոր և հանրային սեկտորի ակտիվ ներգրավվածությամբ։ Առանձնակի ուշադրությամբ և արդեն ձևավորված փորձի վրա պետք է ուսումնասիրել և փոփոխել արտակարգ և հումանիտար իրավիճակներին առնչվող օրենսդրությունը՝ բացառելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը և նվազեցնելու (մեղմելու) հնարավոր բացասական հետևանքները։
դ․ Հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիությունը ապահովելու և խելամիտ (ներառյալ՝ ընթացակարգային) հարմարեցումներն ինտեգրելու նպատակով կառավարությունը կվերանայի օրենսդրությունը և դատավորների և արդարդատության վարչական համակարգի աշխատողների վերապատրաստումը։
ե․Անարդյունավետ և անձի արժանապատվությանը հակասող սահմանափակումներից պետք է անցում կատարել որոշումների կայացման աջակցության մեխանիզմների, բացառել գործունակության իրավունքի սահմանափակումը անձի փաստացի կամ ենթադրյալ առողջական խնդրի հիմքով։ Այս նպատակով պետք է մշակել ռազմավարական փաստաթուղթ՝ վերանայելով օրենսդրությունը և ստեղծելով աջակցող ծառայություններ։
զ․ Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և հանրային կառավարմանը մասնակցության համար պետք է ձևավորել նպաստավոր մթնոլորտ, ինչը մեծապես կախված է քաղաքական երկխոսության ընդհանուր միջավայրից։ Կառավարությունը պետք է շարունակի բարելավել ընտրական օրենսդրությունը, ապահովել իրավունքները ոչ միայն որպես ընտրողներ, այլ նաև ընտրվողներ՝ խրախուսելով հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը։ Պետք է շարունակել աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպությունների հնարավորությունների հավասարությանը և կայունությանը։
է․ Պետք է ձեռնարկվեն գործողություններ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների մշակման համակարգի ձևավորման համար։ Օրենսդրության և քաղաքականությունների մշտադիտարկման և գնահատման նպատակով պետք է շարունակել մշտադիտարկման մեխանիզմների (ներառյալ անկախ մեխանիզմների և խորհրդակցական մարմինների) հատկացվող ռեսուրսների ընդլայնման աշխատանքները։
2) Խնդիր 2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության ապահովում` ճարտարապետական և տեղեկատվական ու հաղորդակցական խոչընդոտների վերացման միջոցով` որպես հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներառման նախապայման․
ա․ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը և համայնքում ներառումը մեծապես կախված է միջավայրից, որի մասն են ճարտարապետական խոչընդոտները և անմատչելի տեղեկատվական ու հաղորդակցական համակարգերը: Կոնվենցիան և այս ոլորտում բոլոր ռազմավարական փաստաթղթերը կոչ են անում վերացնել նման խոչընդոտները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության իրավունքի հիմնական քայլ: Մատչելիությունը որպես առաջնահերթություն սահմանված էր նաև նախորդ Համալիր ծրագրում, սակայն դրան բավարար ուշադրություն չի դարձվել պատասխանատու կառույցների ծրագրերում և գործունեության մեջ։ Հետևաբար, այս Համալիր ծրագրի հատուկ նպատակներից մեկն է սահմանել հիմնական ասպեկտները և հստակեցնել այն կառույցները, որոնք պատասխանատու են մատչելիության համար։
բ․ Որպես անմատչելիության ամոթալի գործելակերպերը դադարեցնելու միջոց՝ առաջնային անհրաժեշտություն է Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն մինչև 2027 թվականը մատչելիության վերահսկողության մեխանիզմի ստեղծումը և դրա կայացումը։ Մեխանիզմն, ի լրումն այլ գործառույթների, պետք է ակտիվ մասնակցություն ունենա մատչելիության քաղաքականության և ստանդարտների մշակմանը, իրականացնի իրազեկվածության բարձրացման և կրթական արշավներ և խթանի հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը վերահսկողության մեջ։
գ․ Օրենսդրության զարգացման միջոցով պետք է երաշխավորել, որ հանրությանը հասանելի բոլոր ապրանքները և ծառայությունները ձևավորվեն համընդհանուր դիզայնի սկզբունքներով, իսկ արդեն ձևավորված ծառայությունները ողջամիտ ժամկետներում դառնան մատչելի։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի գնումների օրենսդրությանը՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրային միջոցները անմատչելի ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանն ուղղելուն։
դ․ Մինչև 2023 թվականը պետք է հնարավորինս մատչելի դառնան արդեն կառուցված շենքերը, ինչի ուղղությամբ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը մատչելիության պահանջների վերաբերյալ։ Այս նպատակով պետք է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և գործընթացի կազմակերպման և կառավարման գործիքները։
ե․ Համընդհանուր դիզայնը մշակույթի մաս դարձնելու նպատակով այն պետք է ներդրվի մասնագիտական կրթության բոլոր փուլերում՝ նպաստելու ոչ միայն միջավայրերի մատչելիությանը, այլ նաև բոլոր գործընթացների, այդ թվում՝ քաղաքականությունների և ծրագրերի։ Համընդհանուր դիզայնի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը առաջնահերթ է հատկապես լիցենզավորվող գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, ինչպես նաև շինարարարական և արտադրական բոլոր ընկերությունների, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիական կազմակերպությունների, հեռարձակողների, ինժեներների, դիզայներների, ճարտարապետների, քաղաքային պլանավորողների, տրանսպորտային ծառայություններ մատուցողների, ակադեմիաների համար։ Այս նպատակով պետք է ստեղծել ինտերակտիվ գործիքներ կայուն և պարբերական կրթությունն ապահովելու նպատակով։
զ․ Հատուկ գործողություններ է պետք իրականացնել ոչ միայն հաշմանդամության տարբեր խմբերի համար մատչելիության ապահովման ուղղությամբ, այլ նաև գյուղական և փոքր քաղաքային համայքներում։ Ճանապարհաշինարարության, բնակարանաշինության մեծ թափը պետք է հավասարապես նպաստի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանը, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
է․ Մայրաքաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը չպետք է հանգեցնի անմատչելի տրանսպորտային միջոցների տեղափոխմանը մարզեր, այլ պետք է ռեսուրսների վերաբաշխման արդյունքում նպաստի նաև մարզերում մատչելիության ապահովմանը։ Մատչելի տաքսի ծառայությունների ներդրման նպատակով պետությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի, նպաստելով ինչպես առկա ծառայությունների ներառականությանը, այնպես էլ հատուկ ծառայությունների ստեղծմանը, այդ թվում՝ սոցիալական տաքսի ծառայությունը, հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի պաշտպանությանը։
ը․ Հաշվի առնելով համավարակի փորձը և հեռավար ծառայությունների ցանցի խիստ սահմանափակ լինելը, հանրային ծառայությունները (ներառյալ կրթությունը, առողջապահական և սոցիալական ծառայությունները) պետք է շարունակեն հասանելի դառնալ հանրությանը, այդ թվում՝ մատչելի ձևաչափերով։ Բանկային կամ դրամական գործարքներ կատարելու համար ստեղծված հեռախոսային հավելվածների մատչելիության համար պետք է մշակվի ուղեցույց և ծառայություն մատուցողների հետ գործակցությամբ սահմանվի ժամանակացույց։ Անկանխիկ վճարումներին անցնելու փաստը հաշվի առնելով՝ պետք է վերանայել վճարումների ընդունման տերմինալների, ավտոմատ գանձման մեքենաների (բանկոմատ), բանկային ավտոմատ մեքնենաներին (automated banking kiosk) ներկայացվող պահանջները՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։
թ․ Առանց տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության, անհնար է հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության իրավունքի իրացումը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Մինչև 2027 թվականը պետք է ստեղծվի և կայանա հայերեն ժեստերի լեզվի հեռավար թարգմանության ծառայությունը, որից պետք է օգտվեն պետության կողմից ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, երբ սպասարկում են հայերեն ժեստերի լեզվով հաղորդակցվող անձի հետ։ Հայերեն ժեստերի լեզվի (ոչ մանկավարժության) որակյալ մասնագետների պատրաստման համար այն պետք է դառնա բարձրագույն կրթության համակարգի մաս, ստեղծվի թարգմանիչների լիցենզավորման միասնական կարգ, խրախուսվի հայերեն ժեստերի լեզվի ուսումնասիրությունը, պահպանումը և տարածումը խթանող նորարար նախաձեռնությունները։ Լսողությունը բարելավող համակարգերը, այդ թվում՝ լսողության սարքերին աջակցող միջավայրային համակարգերը և ինդուկցիոն հանգույցները, պետք է համակարգված կերպով հասանելի դառնան և կիրառվեն՝ առաջնահերթ կրթական միջավայրերում։
ժ․ Թվայնացման ռազմավարությանը համահունչ՝ պետք է մշակվեն հայերեն բանավոր խոսքից գրավոր տեքստի և հակառակը (Text to Speech և Speech to Text) փոխակերպման ծրագրային լուծումներ, այդ թվում՝ ապահովելով էկրանի ընթերցիչների համատեղելիությունը հայալեզու բովանդակության հետ։ Խելացի հեռախոսներից, բրայլյան համակարգով աշխատող բարձր տեխնոլոգիաներից օգտվելը հայալեզու օգտատերերի համար դյուրացնելու համար կառավարությունը պետք է համակագործակցի խոշոր ընկերությունների հետ, այդ թվում՝ գործի դնելով դիվանագիտական գործիքակազմը։
ի․ Հաշմանդամություն ունեցող անձանց համար համացանցի մատչելիությունը կարգավորելու նպատակով պետք է հաստատել Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը և դրա կիրառումը ապահովելու նպատակով այն ընդգրկել կրթական ծրագրերում։
լ․ Հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքն ապահովելու նպատակով ևս պետք է վերանայվի տեղեկատվության ազատության օրենսդրությունը։ Հաշվի առնելով այս իրավունքի ապահովման համակարգի ապակենտրոն լինելը, մարդկային ռեսուրսների նվազ լինելը, տեղեկատվության մատչելիությունը կարող է արդյունավետ ապահովվել մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այս հիմնախնդրի լուծմանը հասնելու համար պետք է իրականացվեն միջազգային փորձի ուսումնասիրություններ և հանրային լայն քննարկումներ, որից հետո ոչ ուշ, քան 2027 թվականը, ստեղծվեն ենթակառուցվածքներ։
խ․ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող բարձր տեխնոլոգիաները պետք է խթանվեն ինչպես հատուկ ծրագրերով, այնպես էլ ընդհանուր ծրագրերով՝ ապահովել ներդրումների անհրաժեշտ հոսքը հետազոտությունների և արտադրության նպատակով։ Արհեստական բանականությունը խոստանում է բազմաթիվ բեկումնային փոփոխություններ բերել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում, սակայն կարող է նույնքան ռիսկային լինել։ Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման համակարգերում հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, դրանց օգուտներից հավասար օգտվելու նպատակով պետք է իրականացվի ռիսկերի գնահատում և արձագանքում։
3) Խնդիր 3. Հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում․
ա․ Կրթությունը պետք է ուղղված լինի յուրաքանչյուր անձի անհատականության, տաղանդների և ստեղծագործականության, ինչպես նաև առավելագույնս նրա հոգեկան ու մտավոր, ֆիզիկական և հաղորդակցական կարողությունների զարգացմանը։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունը շատ հաճախ կենտրոնանում է անձի փաստացի կամ ենթադրյալ «թերության» և նրանց ներուժի վերաբերյալ կանխակալ բացասական ենթադրությունների վրա: Կրթությունը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անհատի համար հնարավորությունների ստեղծմանը՝ հենվելով անձի տաղանդների վրա։ Ցանկացած ծառայություն, որը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող սովորողներին, պետք է նպաստի ներառման նպատակի իրագործմանը։
բ․ Կրթության բոլոր մակարդակներում բոլոր սովորողների ներառման և հնարավորությունների հավասարության նպատակով անհրաժեշտ է մշակել և ընդունել նոր ռազմավարական փաստաթուղթ։ Գործողությունների պլանով և հստակ ժամանակացույցով պետք է ապահովել նաև մեկուսացած կրթության բոլոր ձևերից ներառական կրթության վերջնական անցումը։
գ․ Մինչև վերոնշյալ ռազմավարության ընդունումը պետք է ներդրվեն և զարգանան կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և նրանց կրթության իրավունքի պաշտպանության մեխանիզմները։ Մասնավոր ուսումնական հաստատությունները ևս պետք է ընդգրկվեն ներառական կրթության անցման օրակարգում և ապահովեն իրենց ծառայությունների մատչելիությունը և ներառականությունը բոլոր անձանց համար։
դ․ Նախադպրոցական, միջնակարգ, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական և մյուս բոլոր ուսումնական պետական և ոչ պետական հաստատությունների շինարարակական ընթացիկ և պլանավորվող ծրագրերը պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն համընդհանուր դիզայնի չափանիշներին։ Այս նպատակով պետք է միջազգային համագործակցությամբ վերանայել ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները և զարգացնել տեղի մասնագետների մասնագիտական կարողությունները՝ նախաձեռնության շարունակականությունն ապահովելու նպատակով։
ե․ Կառավարությունը պետք է շարունակի իր ջանքերը կրթության բոլոր ձևերը, այդ թվում՝ առցանց կրթությունը մատչելի դարձնելու համար։ Բացի այդ, պետք է գործողություններ իրականացնել կույր և թույլ տեսողություն ունեցող սովորողներին Բրայլ սովորելու, այլընտրանքային հաղորդակցության մեթոդներից օգտվելու, կողմնորոշման և տեղաշարժման հմտություններ փոխանցելու համար։ Այդ նպատակով ներդրումներ պետք է արվեն հայալեզու աջակցող տեխնոլոգիաների մշակման և արտադրության նպատակով։ Խուլ կամ թույլ լսողություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան առանց մեկուսացման և վաղ մանկությունից սովորելու ժեստերի լեզուներ և պետությունը պետք է խթանի նրանց լեզվական ինքնությունը, լեզվի պահպանումը և զարգացումը։ Պետք է հասանելի դառնան խոսքի թերապիայի որակյալ ծառայությունները, որի նպատակով պետք է քննարկել ծառայության որակի վերահսկման տարբերակները։ Կույր և խուլ երեխաների կրթությունից դուրս մնալը բացառելու նպատակով պետք է իրականացնել մի շարք համակցված գործողություններ, որոնք կբերեն նրանց հայտնաբերմանը, կրթության կազմակերպման առավելագույն անհատականացմանը և սոցիալականացմանը։ Մտավոր հաշմանդամաություն ունեցող սովորողները պետք է հնարավորություն ունենան ստանալ հեշտ ընթերցվող ուսումնական նյութեր, որոնց տրամադրման հարցը պետք է կանոնակարգվի համապատասխան իրավական ակտով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ։
զ․ Բարձրագույն կրթության մատչելիության ապահովման նպատակով անհրաժեշտ է քննարկել և ներդնել խելամիտ հարմարեցումների ապահովման միասնական մեխանիզմ պետական և պետության մասնակցությամբ բուհերի համար։ Այդ նպատակով պետք է ստեղծել և տարածել խելամիտ հարմարեցումների գործնական ուղեցույց կրթության կազմակերպիչների համար։
է․ Կրթության բոլոր մակարդակներում աշխատողների, այդ թվում՝ վարչական աշխատողների և ուսուցիչների կարողությունները պետք է զարգացնել ներառական կրթության միջավայրն արդյունավետ ձևավորելու նպատակով։ Այս նպատակով պետք է խրախուսվի համայնքի (ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների) և ուսումնական հաստատությունների համագործակցությունը, ուսումնական հաստատությունների նախաձեռնողականությունը։ Ուսուցիչների՝ գործնական առաջնորդության և աջակցության կարիքը բավարարելու նպատակով պետք է ամրապնդել ոչ միայն ուսումնական հաստատություն-ռեսուրս կենտրոն կապը, այլ նաև ուսումնական հասատատությունների միջև, համալսարանների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ գործակցությունը:
ը․ Կրթության վերաբերյալ տվյալների մշակումը պետք է հիմնվի մարդու իրավունքների սկզբունքների վրա՝ առաջնային նպատակ ունենալով ձևավորել փաստերի հիման վրա քաղաքականություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության վերաբերյալ տվյալները պետք է լինեն որակյալ, հնարավորինս հասանելի և մանրամասն՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել մշտադիտարկում և գնահատում։ Կրթության ոլորտում մշտադիտարկման և գնահատման նպատակով պետք է հաստատվեն ներառականության ապահովման գործընթացի ցուցիչներ (ինչպիսիք են ֆիզիկական միջավայրի մատչելիության փոփոխությունները, ուսումնական ծրագրերի հարմարեցումները կամ ուսուցիչների վերապատրաստումը), որոնք հնարավորություն կտան վերահսկել վերափոխման առաջընթացը: Պետք է նաև սահմանվեն արդյունքային ցուցիչներ (ինչպիսիք են ներառական կրթության իրավունքից օգտվող հաշմանդամություն ունեցող սովորողների տոկոսը, կրթության շարունակությունը):
4) Խնդիր 4. Հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահավում.
ա․ Աշխատանքը մարդկանց բարեկեցության հիմնասյուներից է: Եկամուտ ապահովելուց բացի, աշխատանքը կարող է ճանապարհ հարթել ավելի լայն սոցիալական և տնտեսական առաջընթացի համար՝ ամրապնդելով անհատների, նրանց ընտանիքների և համայնքի հնարավորությունները:
բ․ Մինչև 2027 թվականը պետք է վերանայել զբաղավածության և աշխատանքային օրենսդրությունը՝ ապահովելու ներառական և մատչելի աշխատանքային միջավայրում և ազատ աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և արժանապատիվ աշխատանքը։
գ․ Հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով պետք է հզորացվի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։Իրավունքների պաշտպանության նպատակով պետք է կարողությունների զարգացման հնարավորություն ընձեռնվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հատկապես արհեստակցական միություններին և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին։
դ․ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքից բխող՝հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրում խելամիտ հարմարեցումների իրավունքմ իրացնելու ուղղությամբ։ Միաժամանակ,պետք է բարձրացնել գործատուների և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությունը խելամիտ հարմարեցման իրավունքի և կողմերի պարտականությունների վերաբերյալ։ Գործատուների համար պետք է մշակվի նաև խելամիտ հարմարեցումների տրամադրման ուղեցույց ըստ առողջական վիճակի և միջավայրային ու անհատական այլ գործոնների։
ե․ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, ինքնազբաղվածության, ձեռներեցության խթանման ուղղությամբ։
զ․ Կառավարությունը պետք է դյուրացնի զբաղվածության ծրագրերին դիմելը գործատուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ տրամադրելով առցանց մատչելի գործիքներ, տեղեկություններ և խթանիչներ։
է․ Կառավարությունը պետք է վերանայի նաև արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող աշխատողներին և գործատուներին աջակցելու մեխանիզմները, նախատեսելով առանձին միջոցառումներ բոլոր հնարավոր իրավիճակներում, այդ թվում՝ բնական աղետների ժամանակ։
ը․ Կառավարությունը պետք է շեշտակի մեծացնի նաև հաշմանդամություն ունեցող հանրային ծառայողների թիվը՝ հարցը դիտարկելով հանրային կառավարման բարեփոխման համատեքստում։ Հաշմանդամություն ունեցող հանրային ծառայողները պետք է կարողանան օգտվել խելամիտ հարմարեցումների իրավունքից այնպես, ինչպես մասնավոր սեկտորի աշխատողները, ուստի պետք է վերանայել գնումների և հանրային ծառայության օրենսդրությունը համապատասխան ճկունությունը երաշխավորելու նպատակով։
5) Խնդիր 5. Ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում․
ա․ Առողջությունն անհատներին հնարավորություն է տալիս օգտագործել իրենց ամբողջ ներուժը, երջանիկ զգալ: Երբ մարդիկ չունեն առողջապահական ծառայություններին հասանելիություն, ներառյալ վերականգնողական ծառայությունները, նրանք կարող են դժվարությունների հանդիպել կյանքի մյուս ոլորտներում, սովորելու, աշխատելու կամ մասնակցելու հասարակական կյանքին: Անհատների և խմբերի առողջության վրա ազդեցություն ունեն նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են անվտանգ և մատչելի բնակարանը, տրանսպորտը, կրթությունը և զբաղվածությունը: Համապատասխանաբար, առողջությունը և՛ արդյունք է, և՛ կայուն զարգացման հասնելու ճանապարհ։
բ․ Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն առողջական կարիքները, ինչ բոլորը, ներառյալ հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և վերականգնումը: Նրանք կարող են նաև ունենալ լրացուցիչ հատուկ առողջապահական կարիքներ, որոնք բխում են իրենց առողջական խնդիրներից և այլ գործոններից, ինչպիսիք են աղքատությունը, խտրականությունը, բռնությունը և սոցիալական մեկուսացումը: Թեև առողջական որոշ խնդիրներ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն զարգանում են, ֆիզիկական և սոցիալական վատ միջավայրերը կարող են խորացնել առաջնային հիվանդությունները կամ սրել առաջնային հիվանդությունների երկրորդական հետևանքները:
գ․ Առողջապահության օրենսդրությունը պետք է վերանայվի առողջության իրավունքի միջազգային շրջանակի և հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցման լույսի ներքո: Դրույթները, որոնք բացառում կամ սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական ծառայություններից օգտվելը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունները, պետք է փոփոխվեն՝ ապահովելու դրանց համընդհանուր հասանելիությունը:
դ․ Մինչև 2024 թվականը պետք է հիմքեր ստեղծվեն հարկադիր հոսպիտալացման և բուժման պրակտիկայից հրաժարվելու համար և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությամբ մշակվի հարկադիր բուժման աստիճանական վերացման քաղաքականության փաստաթուղթ՝ հստակ ժամանակացույցով և գործողությունների պլանով։ Հնարավոր սեղմ ժամկետներում ներդնել բժշկական միջամտություններից առաջ կամ ավելի վաղ ազատ և իրազեկ համաձայնության ներկայացման մատչելի (հեշտ հասկանալի) համակարգ։
ե․ Հասարակական կարծիքի ուսումնասիրության հիման վրա կառավարությունը պետք է մշակի և իրականացնի առողջապահական գրագիտության ծրագրեր և գործողություններ։ Միաժամանակ պետք է երաշխավորել, որ իրազեկման բոլոր ծրագրերը հաշվի են առնում հայերեն ժեստերի լեզվով հաղորդակցվող, տեսողության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքները և գենդերազգայուն են։
զ․ Շարունակաբար պետք է բարելավել առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և միջամտության գործիքակազմը՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ընտանիքներին, այդ թվում՝ տեղեկատվական և կրթական ծառայությունների միջոցով, բարձրացնելու նրանց հասկացողությունն ու կարողությունները՝ առանց ամոթի կամ խարանի իրենց կամ իրենց երեխաների առողջական կարիքները հոգալու համար։ Հիգիենայի և սնուցման, հոգեկան առողջության և ինքնախնամքի հարցերը պետք է ինտեգրվեն ներառական կրթության ծրագրերում՝ համարվելով առաջնահերթ բոլոր երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող աղջիկների, բազմակի և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց զարգացող հնարավորություններին համապատասխան։
է․ Քաղցկեղի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծրագրերը պետք է դառնան մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմուքներով, այդ թվում՝ շարժական կայանների միջոցով։ Հաշվի առնելով առողջության առումով հաշմանդամություն ունեցող անձանց խիստ ռիսկային խմբում լինելը, կառավարությունը պետք է վատ սովորությունների, ծխախոտային արտադրանքի, ալկոհոլի և թմրանյութերի դեմ պայքարում թիրախավորի հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ մեծացնելով հոգեբանական ծառայությունների տրամադրումը։
ը․ Մինչև 2027 թվականը պետք է ներդրվի անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման նոր համակարգ, որը պետք է հաշվի առնի նաև կյանքի տևողությունը նվազեցնող հիվանդություններ ունեցող անձանց և երկարաժամկետ կամ մշտական բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող անձանց իրավունքները և շահերը։
թ․ Կառավարությունը, ի թիվս այլ ոլորտային ռազմավարական փաստաթղթերի, պետք է մշակի վերականգնողական ծառայությունների հայեցակարգ՝ կիրառելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության համայքահենք վերականգնման վերաբերյալ ուսումնասիրությունները և առաջարկությունները։ Հայեցակարգի հիման վրա մինչև 2024 թվականը պետք է հիմնվեն տիպային առաջին վերականգնողական կենտրոնը մարզային բնակչության համար՝ տրամադրելով ամբողջական, բազմադիսցիպլինար և անհատական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց (հատկապես կանանց և երեխաներին):
ժ․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը պետք է ներառվեն բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերում՝ փոխելու նրանց պատկերացումները հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և տրամադրելու գործնական աջակցություն, թե ինչպես մատուցել ծառայությունները համապատասխան տարիքով, սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված առանձնահատկությունների։ Անձնական օգնականի ծառայության ներդրմանը զուգահեռ պետք է մշակվեն կոնկրետ առողջական խնդրի առանձնահատկություններից ելնելով խնամքի տրամադրման ուղեցույցներ, իրականացվի համապատասխան մասնագետների վերապատրաստման և աշխատանքների որակի վերահսկման աշխատանք։
ի․ Հիվանդանոցային խնամք ստացող անձանց շրջանում բռնությունը և չարաշահումները բացառելու նպատակով պետք է ներդրվեն մշտադիտարկման և արագ արձագանքման արդյունավետ համակարգեր։ Դրանք հավասարապես պետք է գործեն նաև ոչ պետական բժշկական և խնամքի կենտրոններում, այդ թվում՝ հոգեբուժական և պալիատիվ խնամքի կենտրոններում։
լ․ Պետք է վերանայել առողջապահական տվյալների մշակման համակարգը՝ նպատակ ունենալով հավաքել ամբողջական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց առողջության և ծառայությունների վերաբերյալ, ներառյալ վիճակագրական և հետազոտական տվյալները։ Պետք է կանոնակարգել նաև համավարակների և այլ արտակարգ իրավիճակներում տեղեկատվական քաղաքականության և դրա մատչելիության հարցը։ Միաժամանակ պետք է խրախուսել հաշմանդամության առումով զգայուն տվյալների վրա հիմնված հետազոտությունների իրականացումը արտակարգ իրավիճակներում, ինչի նպատակով պետք է ամրապնդել նախարարություն-քաղաքացիական հասարակություն-ակադեմիա կապը։
6) Խնդիր 6. Մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին․
ա․ Չնայած հավելյալ խոչընդոտներին՝ հաշմանդամություն ունեցող արվեստագետները ստեղծագործական մեծ ներդրում ունեն մշակութային կյանքում: Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հավասար հասանելիություն ունենան արվեստի գործերին և կարողանան վայելել մշակութային կյանքը բոլոր քաղաքացիներին հավասար:
բ․ Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային իրավունքների խթանման, ապահովման և պաշտպանության նպատակով կառավարությունը պետք է խրախուսի նորարարությունը։ Այս նպատակով, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, պետք է իրականացնել դրամաշնորհային ծրագիր՝ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային գործերի (հատկապես ժամանակակաից արվեստի) մատչելիությունը։
գ․ Պահպանելով պետական մշակութային օջախներ անվճար մուտքի հնարավորությունը, կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետք է ապահովի շենքերի և մշակութային գործերի մատչելիությունը։
դ․ Մինչև 2027 թվականը պետք է իրականացնել պատմության և մշակույթի առնվազն 500 հուշարձանների եռաչափ տպագրությամբ մանրակերտների ստեղծման ծրագիր՝ դրանք մատչելի դարձնելու տեսողության խնդիրներ ունեցող կամ կույր անձանց, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։ Առնվազն հինգ թանգարանում պետք է ապահովել մշտապես ցուցադրվող նյութերի եռաչափ մանրակերտների առկայությունը։ Թանգարանների աշխատողների՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով պետք է ստեղծել տեսանյութերի շարք, որը կապահովի կարողության պահպանումը մարդկային ռեսուրսի հոսքի դեպքում։
ե․ Գրականության մատչելիությունն ապահովելու համար պետք է իրականացնել գրադարանների և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողների կրթական ծրագիր՝ տրամադրելու գիտելիքներ գրականության մատչելիության և մատչելի ձևաչափերի վերաբերյալ։ Այս նպատակով կառավարությունը պետք է շարունակի «Կույրերի, տեսողական խնդիրներ ունեցող կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, խրախուսի ստեղծագործությունների մատչելի ձևաչափերով ստեղծումը։
զ․ Մշակութային հեռուստահաղորդումների, ֆիլմերի և թատերական ներկայացումների՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նպատակով պետք է վերանայվի օրենսդրությունը և ապահովվի, որ հայերեն ժեստերի լեզվով հեռարձակման պահանջը տարածվում է նաև մշակութային հաղորդումների վրա։ Բացի այս, օրենսդրությամբ պետք է ամրագրել ֆիլմերի (կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ) կամ ներկայացումների աուդիոնկարագրության հնարավորությունը, իրականացնել միջազգային լավագույն փորձի հիման վրա թրեյնինգներ՝ ձևավորելու մատչելիության և ներառականության նոր մշակույթ։
է․ Հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների հավասար մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի պետության կողմից իրականացվող բոլոր մշակութային միջոցառումներում (ներառյալ փառատոնները, գրական միջոցառումները, ցուցահանդեսները և այլն)՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ստեղծագործական և մտավոր ներուժի հանրայնացումը ի նպաստ մշակույթի զարգացման։ Բացի այդ, պետք է խրախուսվել նաև հաշմանդամություն ունեցող և չունեցող ստեղծագործողների հաշմանդամության վերաբերյալ մշակութային գործերի ստեղծմանը և տարածմանը։
ը․ Կառավարությունը կշարունակի մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանումը և իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, սիրողական այլ մրցաշարերը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Մասսայական սպորտի, այդ թվում՝ բակային սպորտի և ժամանցի ներառականության նպատակով կառավարությունը կմշակի ուղեցույց և տեղական ինքնակառավարման մարմիններին կառաջարկի համընդհանուր դիզյանի սկզբունքներով նախագծված խաղահրապարակների և ակտիվ հանգստի գոտիների մոդելներ։ Վերջինիս հիման վրա առնվազն հինգ մարզային համայնքում կստեղծվեն օրինակելի հանրային տարածքներ։
թ․ Կառավարությունը հատուկ ջանքեր պետք է գործադրի հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկներին խրախուսելու և նրանց առաջխաղացումն ապահովելու համար հաշմանդամություն չունեցող մարզիկների հետ հավասար հիմունքներով՝ չսահմանափակվելով միայն հաշմանդամությանը հատուկ միջոցառումներին մասնակցությամբ։ Սպորտային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետք է ձևավորել հաշմանդամություն ունեցող և չունեցող մարզիկների փոխօգնության հարթակ։
ժ․ Պետք է գործողություններ ձեռնարկել պարալիմպիկ սպորտաձևերի զարգացման համար՝ նպատակ ունենալով ապահովել հայաստանցի մարզիկների, այդ թվում՝ կանանց, հաջող մասնակցությունը ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Այս նպատակով պետք է իրականացվեն մարզիչների, բժիշկների և մարզիկների վերապատրաստման, սպորտային աջակցող տեխնոլոգիաների հասանելիության միջոցառումներ, ապահովվի մարզասրահների մատչելիությունը և համապատասխանությունը հատուկ սպորտաձևերին, ստեղծվի հաշմանդամություն ունեցող մարզիկների խրախուսման և ֆինանսավորման մեխանիզմ։
ի․ Կրթության բոլոր մակարդակներում ֆիզիկակական կրթությունը պետք է հնարավորինս մատչելի և ներառական լինի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների և չափահասների համար։ Ֆիզկուլտուրայի (սպորտի) ուսուցիչները ևս պետք է վերապատրաստումներ անցնեն՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող սովորողների հետ աշխատելու հմտությունները։ Պետք է բացառել նաև բարձրագույն կրթության մակարդակում առանձնացված պայմաններում հաշմանդամություն ունեցող ուսանողների ֆիզիկական կրթության կազմակերպումը։
լ․ Ինչպես Համալիր ծրագրում առկա բոլոր խնդիրներին, այս հարցերին անդրադառնալիս ևս կառավարությունը պետք է ներդնի տվյալների հավաքման արդյունավետ մեխանիզմներ և իրականացնի հանրության իրազեկվածության բարձրացման ծրագրեր։
7) Խնդիր 7. Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց սոցիալական պաշտպանության և անկախ կյանքի իրավունքներիի ապահովում՝ աջակցող ծառայությունների ձևավորման և զարգացման միջոցով․
ա․ Նախորդ համալիր ծրագրի շրջանակներում կառավարությունը նախադրյալներ է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենսապահովման բավարար մակարդակի ու սոցիալական պաշտպանության և անկախ կյանքի իրավունքներն ապահովելու համար, իսկ տվյալ համալիր ծրագիրը միտված է բարեփոխումն իրականացման փուլ առաջնորդելը։
բ․ Կառավարության այս և մյուս ջանքերը պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց (անկախ իրենց հաշմանդամությունից) այս իրավունքների իրականացումն առանց խտրականության ապահովելուն։
գ․ Մինչև 2027 թվականը պետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող հնարավորինս մեծ թվով անձանց ֆունկցիոնալության գնահատում՝ ստանալու տվյալներ ներառական սոցիալական քաղաքականության և ծառայությունների համակարգ մշակելու նպատակով։ Ստացվող տվյալները պետք է համակարգային կերպով հաշվի առնվեն ոլորտային և այլ ընթացիկ ծրագրերում։
դ․ Կառավարությունը պետք է վերանայի սոցիալական աջակցության և պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելու համապատասխանությունը ժամանակի մարտահրավերներին և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, այդ թվում՝ այն անձինք, որոնք անգործունակ են ճանաչված։
ե․ Հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային իրավունքի աստիճանաբար սրվող հիմնահարցերին ամբողջությամբ արձագանքելու համար պետք է հաշմանդամության հարցերը ներառվեն բնակարանային իրավունքի ապահովման ռազմավարական փաստաթղթերում։ Բնակարանաշինության ծրագրերը, ապահովելով ներառականության սկզբունքը, պետք է արտոնյալ և մատչելի պայմաններ նախատեսեն հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների ընտանիքների համար, այդ թվում՝ հիպոթեքային վարկերը։ Մինչև 2027 թվականը պետք է հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանների հարմարեցման մասնակի կամ ամբողջական հարմարեցման աջակցության նոր ծրագիր՝ ապահովելով համապատասխան մասնագետների վերապատրաստումը ծրագրի իրականացման ապահովման նպատակով։
զ․ Կառավարության ծրագրին համապատասխան՝ պետք է մինչև 2027 թվականը ներդրվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման համակարգ։ Միաժամանակ պետք է աղքատության հաղթահարման բոլոր ծրագրերը վերանայվեն՝ ամբողջությամբ վերացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների շրջանում ծայրահեղ աղքատությունը և նվազեցնելու աղքատությունը։ Այս նպատակով տարեկան ծրագրերում պետք է ներառվեն միջոցառումներ՝ ուղղված ֆինանսական կրթությանը, եկամտաստեղծ գործունեությանը, ֆինանսական աջակցությանը և խնամքին, այդ թվում՝ հատուկ ժամանակավոր միջոցառումներ, որոնք կապահովեն փաստացի հավասարությունը։
է․ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու համար, ի թիվս Համալիր ծրագրում նշված առաջնահերթությունների, պետք է ձևավորել ծառայությունների մատուցման համակարգ։ Մինչև 2027 թվականը Հայաստանի բոլոր մարզերում պետք է գործեն առնվազն մեկական պետական կամ պետության մասնակցությամբ անկախ կյանքի ծառայությունների կենտրոններ։
ը․ Մինչև 2027 թվականը պետք է ձևավորված լինի անձնական օգնականների և սոցիալական օգնականների (սպասարկողների) ծառայության համակարգը՝ առաջնահերթ հասանելի դառնալով հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին, մասնակցության նվազն հնարավորություններ ունեցող անձանց։ Ծառայության համակարգը պետք է նախևառաջ հաշվի առնի հաշմանդամություն ունեցող անձանց կամքը և պետք է ընդգրկի մշտադիտարկման մեխանիզմներ։
թ․ Հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման և հաստատությունների ամբողջական փակման նպատակով պետք է ընդունել ծառայությունների փոխակերպման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ և գործողությունների պլան։
ժ․ Մինչև 2027 թվականը պետք է ընդլայնել աջակցող տեխնոլոգիաների և ծառայություն տրամադրող կազմակերպությունների ցանկը՝ նպատակ ունենալով ապահովել անձի համար հարմար բոլոր աջակցող սարքերի և ծառայությունների տրամադրումը։ Այս նպատակով պետք է խթանել ինչպես որակյալ աջակցող սարքավորումների ներմուծումը, այնպես էլ արտադրությունը և նորարարությունը։
ի․ Պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերել շահագործման, բռնության և դաժան վերաբերմունքի զոհ դարձած հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց վերասոցիալականացման, ինչպես նաև պաշտպանության ծառայություններ տրամադրելու միջոցով։ Այս նպատակով պետք է ապահովել, որ գործող և ստեղծվելիք ապաստարանները բավարար մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող չափահասների կամ երեխաների ընտանիքի անդամների համար՝ բացառելու նրանց բաժանումը հաշմանդամության հիմքով։ Հաշմանդամություն ունեցող ապաստան հայցողները և փախստականները ևս պետք է կարողանան օգտվելու սոցիալական աջակցության իրենց իրավունքից՝ կամայականորեն կամ հաշմանդամության հիմքով չզրկվելով այդ հնարավորություններից։
8) Խնդիր 8. Արտակարգ և հումանիտար իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն և անվտանգություն՝ փորձի վրա հիմնված և զարգացող համակարգերի միջոցով․
ա. Հայաստանը որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն, իր ջանքերն է գործադրում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։
բ․ Քաղաքականությունների և դրանց իրականացման մեխանիզմերի մշակումը, զարգացումը և կիրառումը պետք է ներառական և մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար։ Արդյունավետ և ներառական պատրաստվածության համար առաջնային է տվյալների հավաքման, վերլուծման, կառավարման և կիրառման գործողությունների մասնակցային իրականացումը:
գ․ Օրենսդրությունը պետք է վերանայվի վտանգավոր և արտակարգ հումանիտար իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը բացառելու, պաշտպանության մեխանիզմները բարելավելու նպատակով։ Այդ աշխատանքները պետք է իրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների նշանակալի մասնակցությամբ, հաշվի առնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային փորձը։
դ․ Կառավարությունը պետք է խրախուսի ներդրումները՝ ստեղծելու, շահագործելու և զարգացնելու հաշմանդամության առումով զգայուն, տարատեսակ վտանգների համար նախատեսված և բազմոլորտ կանխատեսման և վաղ ազդարարման համակարգեր։ Այն դեպքերում, երբ առկա են վաղ ազդարարման համակարգեր, պետք է մինչև 2027 թվականը բարձրացնել դրանց մատչելիության մակարդակը և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության և օգտվելու ցուցանիշը։ Կառավարությունը պետք է խթանի նաև անվտանգության ահազանգման (այդ թվում՝ հակահրդեհային)՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի (լուսային, ձայնային, վիբրացիոն) համակարգերի հասանելիությունը շուկայում և ապահովի դրանց լայնորեն կիրառում հանրային միջոցներից ծառայություններ մատուցող կազմակերպություններում։
ե․ Ըստ անհրաժեշտության, պետք է մշակվեն և պարբերաբար թարմացվեն արձագանքման և վերակագնման գործողությունների պլանները՝ դրանցում հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց փոփոխական կարիքները։ Պարբերաբար պետք է ամրապնդել և ստուգել տեղական ինքնակառավարման մարմինների՝ վտանգավոր տարածքներից հաշմանդամություն ունեցող անձանց տարհանման, պատսպարման համալիր միջոցառումները զգայուն կերպով իրականացնելու կարողությունները։
զ․ Հասարակական վայրերում աղետների ռիսկի կառավարման ներառական պլանների մշակման և ներդրման նպատակով կառավարությունը պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն և տրամադրի մեթոդական աջակցություն։ Կառավարությունը պետք է շարունակի բարձրացնել աղետների ռիսկերի, աղետների և վտանգների, բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրազեկվածությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է իրականացվեն անվտանգության վարքականոների, այդ թվում՝ հակահրդեհային, հակահամաճարակային կաննոների, առաջին օգնության վերաբերյալ ինտերակտիվ և մատչելի ուսուցում, անցկացվեն ուսումնական տագնապ-վարժանքներ։ Աղետների ռիսկերի նվազեցման՝ հաշմանդամության առումով զգայունության ապահովման նպատակով պետք է իրականացվի զանգվածային լրատվության միջոցների հետ ակտիվ աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու պարզ, մատչելի տեղեկություններ։
է․ Աղետների ռիսկերի նվազեցման՝ հաշմանդամության առումով ներառական գործողությունների թեմայով տարածաշրջանային համագործակցության ձևավորման համար մինչև 2023 թվականը նախատեսվում է իրականացնել միջազգային համաժողով, ինչը կամրապնդի նաև երկրների հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների փոխօգնության ավանդույթը։
ը․ Պետք է հրատապ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների, ներքին տեղահանվածների, փախստականների և նման իրավիճակներում գտնվող անձանց խոցելիության գնահատում և ապահովել, որ նրանք ունենան արժանապատիվ կացարան, սոցիալական պաշտպանության, աջակցող տեխնոլոգիաների, տեղեկատվություն և համապատասխան ծառայությունների հավասար հնարավորություն։ Հավատարիմ մնալով խաղաղության օրակարգին՝ պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը հակամարտությունների կանխարգելմանը, լուծմանը, խաղաղաշինական և հումանիտար գործողություններին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2019 թվականի 2475 բանաձևը։
թ․ Կառավարությունը պետք է վերանայի նաև արտակարգ իրավիճակներում հաղորդակցության քաղաքականությունը՝ ապահովելով դրա մատչելիությունը և հասկանալի լինելը բոլորի համար։ Հաշվի առնելով առկա փորձը պետք է ինստիտուցիոնալացնել արտակարգ իրավիճակների ընթացքում և դրանից հետո հոգեկան առողջության ծառայությունների տրամադրումը։
Ռիսկ |
Առաջացման հավանականություն |
Հնարավոր ազդեցություն |
Ռիսկի կառավարում |
Արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում առաջնահերթությունների էական փոփոխություն, իրականացման լրիվ կամ մասնակի անհնարինություն |
Բարձր |
Բարձր |
Իրականացման այլընտրանքային ճանապարհային քարտեզների մշակում |
Քաղաքական փոփոխությունների արդյունքում քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն (անտեսում) |
Միջին |
Բարձր |
Հանրային (քաղաքական) համաձայնության ձևավորում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հրատապության և ապահովման մոտեցումների շուրջ |
Իրականացման համար պատասխանատուների կողմից անբավարար հանձնառություն (քաղաքական առաջնորդություն) |
Բարձր |
Բարձր |
Պատասխանատվության շրջանակի հստակեցում և սոցիալական հաշվետվողականության մեխանիզմների ներդրում |
Մարդկային, ֆինանսական և նյութական անհրաժեշտ և առկա ռեսուրսների անհամապատասխանություն |
Բարձր |
Բարձր |
Կարողությունների զարգացման և փորձագիտական ներուժի ներգրավում, ֆինանսավորման, այդ թվում՝ այլընտրանքային մոտեցումների ներդրման ճկունություն |
Ջանքերի համատեղման ցանկության և պայմանների բացակայություն, ռեսուրսների համակարգման բացակայություն |
Միջին |
Միջին |
Զարգացման գործընկերների հետ պորակտիվ համագործակցություն և համակարգում |
Իրավական շրջանակի ոչ լրիվ ձևավորված լինելու հետևանքով ժամկետների փոփոխություններ կամ խախտումներ |
Ցածր |
Միջին |
Մարդկային ռեսուրսների ներգրավում, համագործակցություն Ազգային ժողովի հետ |
Իրականացմանը և մշտադիտարկմանը հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցածր մասնակցություն, համագործակցության անհնարինություն կամ պակաս |
Միջին |
Բարձր |
Իրականացմանը և մշտադիտարկմանը մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների աշխատանքի ապահովում և հանրային շարունակական հաղորդակցություն և իրազեկում |
25 Մշտադիտարկման համար առաջնային պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը:
39. Կառավարությունը խրախուսում է միջազգային գործընկերների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների փոխգործակցությունը՝ Համալիր ծրագրի ամբողջական կամ մասնակի մշտադիտարկում և գնահատում իրականացնելու նպատակով, այդ թվում՝ հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով։ Կառավարությունը նաև չի բացառում այլ ձևաչափերով համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ Համալիր ծրագրի արտաքին մշտադիտարկման և գնահատման նպատակով:
Քննարկվել է
23.02.2022 - 10.03.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7706
Տպել09.03.2022
15. 12-րդ կետով սահմանվում է, որ Զեկույցի վիճելի դրույթները դրվում են քվեարկության, սակայն սահմանված չէ քվեարկության կարգը, ինչն առաջարկում ենք հստակեցնել և կարգավորել:
09.03.2022
14. 7-րդ կետով սահմանվում է, որ աշխատանքային խումբն է մշակում մոնիթորինգի և գնաhատման աշխատանքային պլանը, որը ներառում է մշտադիտարկման և գնահատման ցուցիչները: Առաջարկում ենք ցուցիչների մշակման գործառույթը լիազորել այլ մարմնի:
09.03.2022
13. 7-րդ կետով Համալիր ծրագրի մշտադիտարկում և գնահատում իրականացնող մարմնում նախատեսվում է ներառել միայն հասարակական կազմակերպություններ և մարմիններ, մինչդեռ առաջարկում ենք հնարավորություն ստեղծել նաև անկախ փորձագետների ներգրավման համար: