Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 13.03.2022 18:05:27 Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 23.02.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ քննչական կոմիտեն: Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է. 1) ՀՀ գործող քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցակազմը ֆորմալից վերակերպել նյութականի՝ որպես այդպիսին նախատեսելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Միաժամանակ արարքի համար նախատեսվում է պատիժ` ազատազրկման ձևով։ 2) Օրենսգրքի 307.1 հոդվածի 1-ին մասից հանել «որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ» բառերը՝ այդ կերպ քրեական պատասխանատվություն նախատեսելով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ որևէ հետևանքի վրա հասնելու հանգամանքից (ֆորմալ հանցակազմ)։ Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող երկրորդ փոփոխությունը խնդրահարույց է և որևէ կերպ չհիմնավորված` հետևյալ պատճառաբանությամբ. 1. Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերը նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը հեղինակը պայմանավորում է նրանով, որ « ... ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն՝ ինքնին արդեն իսկ հանրային վտանգավորություն ունեցող արարքներ են»: Անխոս, հեղինակը ճիշտ է, սակայն, ամենայն հավանականությամբ հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը, հատկապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (այսուհետ` նաև ՎԻՎ օրենսգիրք) արդեն իսկ նախատեսում է պատասխանատվություն հիշյալ արարքների համար (հոդված 182.5)։ Այդպիսով, գործող օրենսդրությամբ ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն ինքնին համարվում է զանցանք, որն առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝ որպես առավել վտանգավոր արարքներ, առաջացնում են քրեական պատասխանատվություն։ 2. Բացի նշվածից, եթե նույնիսկ համարենք, որ առաջարկվող փոփոխությունը ենթադրում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող` օրենքով նախատեսված ցանկացած սահմանափակման խախտման համար (անկախ հետևանքներից) քրեական պատասխանատվության սահմանում վարչական պատասխանատվության փոխարեն, ապա այս առումով ևս փոփոխությունը խնդրահարույց է, քանի որ նախաձեռնողը չի ներկայացնում նման խստացման անհրաժեշտությունը հիմնավորող որևէ փաստական հիմք և/կամ հաջողված միջազգային փորձ։ Այդպես, օրինակ, խստացման անհրաժեշտությունը հեղինակը չի հիմնավորում գործնականում ՎԻՎ օրենսգրքի 182.5 հոդվածի կիրառման առումով (hոդվածը լայնորեն կիրառվել է 2020 թ․-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) հնարավոր խնդիրների արձանագրմամբ կամ վարչական պատասխանատվության կիրառման՝ բավարար արդյունավետ չլինելու վերաբերյալ հիմնավոր փաստարկներով, այդ թվում՝ չի բերվում որևէ վիճակարգրական տվյալ, որը կարող էր փաստել վարչական պատասխանատվության՝ կանխարգելիչ գործառույթի տեսանկյունից ոչ արդյունավետ լինելը կամ բավարար արդյունավետ չլինելը։ Առաջարկություններ Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ