Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունները վերացնելու և ուղղելու իրականացմամբ:

Նախագծով կատարվել են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

Օրենքի ամբողջ տեքստում «էտալոնային» բառի «ռեֆերենս» բառով փոխարինումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես ռեֆերենս լաբորատորիա ճանաչելու գործընթացի, հստակեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում ռեֆերենս լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես ռեֆերենս լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, համակարգող մարմնի կողմից լաբորատորիան ճանաչվում է որպես ռեֆերենս, երբ առաջանում է հանրային (բնակչության) և կենդանիների առողջության, առաջացած հրատապ որոշակի խնդիրների, պետական անվտանգության համար, ինչպես նաև արտադրանքի որոշակի ցուցանիշների որոշման և արբիտրաժային խնդիրների լուծման անհրաժեշտություն: Ընդ որում միևնույն պայմաններում միևնույն ցուցանիշի մեկ կամ մեկից ավելի վկայագրված մեթոդիկաների օգտագործմամբ ստացված փորձարկումների արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների առաջացման ժամանակ ռեֆերենս ճանաչված լաբորատորիայի կողմից պետք է կիրառվի ռեֆերենսային մեթոդիկա/մեթոդ, այդ թվում` միջազգային հավատարմագրման ոլորտում ներառված և վավերացված մեթոդը։

«Ընդհանուր պահանջների» բառերի փոխարինումը «պարտադիր պահանջներով» պայմանավորված է այն հանգամանքով, որ տեխնիկական կանոնակարգերը նորմատիվ իրավական ակտեր են, հետևաբար դրանցում սահմանված պահանջները «պարտադիր» են կիրառման և կատարման համար:

Օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի լրացումը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգերի և սանիտարահամաճարակային և հիգիենիկ կանոնների և նորմերի, բուսասանիտարական կամ անասնաբուժասանիտարական չափանիշների հետ ուղղակի կապի հստակեցմամբ:

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվել է Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմնական հասկացությունների փոփոխություններ և լրացումներ, ինչը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխանեցմամբ, ինչպես նաև Օրենքի կիառման ընթացքում առաջացած բացթողումների լրացմամբ:

Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերի լրացումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված դրույթի համապատասխանեցմամբ:

Օրենքի 7-րդ հոդվածի 2.1-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել և սահմանվել է Օրենքի 8-րդ հոդվածի «ՀՀ կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում» 1-ին մասի նոր 7)-րդ կետով:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12)-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները կանոնակարգող մարմինների կազմից դուրս են եկել և ներկայումս ընդգրկված են ՀՀ կառավարության կազմում:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.1)-րդ կետում կատարված փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի №293 որոշմամբ սահմանված պահանջների ներդաշնակեցմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի №293 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №154 որոշում):

Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8) և 9)-րդ կետերով նախատեսված փոփոխություններով կլրացվեն օրենսդրական բացթողումները:

Նախագծի 11-րդ հոդվածով կատարված փոփոխությունները պայմանավորված են Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված պահանջների` տեխնիկիական կանոնակարգում հղում կատարվող ստանդարտների անվանումների հստակեցմամբ: Միաժամանակ «ազգային» բառը հանելու անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին որոշելու գործընթացում կարող են կիրառվել ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային ստանդարտներ:

Օրենքը համալրվել է 181 հոդվածով, որի համաձայն սահմանվել են ընդունված և գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման գործընթացը, որն իրականացվում է համակարգող և կանոնակարգող մարմինների համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբերի կողմից:

Համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներկայացվող փաստաթղթերի հստակեցման, հակասությունների բացառման նպատակով օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրվել է և հղում է կատարվել ՀՀ կառավարության սահմանած կարգին:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսվում է նաև արտադրանքի համապատասխանության միասնական նշանի կիրառություն, ուստի Օրնեքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից և Օրենքի 25-րդ հոդվածից հանվել է սահմանափակում առաջացնող «ազգային» բառը:

Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակային փոփոխությունը պայմանավորված է բողոքարկման հետ կապված իրականացվող ծախսերի հստակեցմամբ:

Օրենքի 24-րդ հոդվածը ամբողջությամբ վերանայվել է` ներառվել են նաև համապատասխանության սերտիֆիկատին ներկայացվող պահանջներ

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին հանդիսացող ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազորությունները սահմանված են «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակը:

Ներկայումս առկա է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացների արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի հստակեցման, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ շտկման անհրաժեշտություն, ինչի համար մշակվել է սույն նախագիծը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շուկայահանված արտադրանքի բարձր որակի ապահովմանը:

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծման, ինչպես նաև հստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակի սահմանումը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն համակարգող մարմնի կողմից հաստատվող փաստաթղթերի հստակեցմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի վերացմամբ, բացակա հասկացությունների սահմանմամբ։

  • Քննարկվել է

    22.02.2022 - 09.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4185

Տպել