«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`
1) պլանավորում է պաշտպանական ծախսերը և ապահովում դրանց ֆինանսավորումը.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
5) ծրագրում և ապահովում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացումը.
6) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին` պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
7) կազմակերպում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործունեությունը.
8) հաստատում է`
ա. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,
բ. պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության պլանը.
գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը.
դ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը.
ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը.
զ. սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կարգը.
9) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում՝
ա. ղեկավարում և վերահսկում է զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացը.
բ. գնահատում է զորահավաքային նախապատրաստության վիճակը.
գ. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը, այդ ուղղությամբ ուսումնավարժական, ներառյալ՝ ռազմավարական բնույթի, մարզումների և (կամ) հավաքների և (կամ) պարապմունքների անցկացումը,
դ. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գիտամեթոդական ու տեղեկատվական ապահովումը,
ե. ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, որոշում է ընդունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու մասին.
զ. որոշումներ է կայացնում զորահավաքային զորակոչ անցկացնելու, ինչպես նաև զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին.
է. ապահովում է զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի փոխադրումը անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի,
ը. կազմակերպում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգերի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի,
թ. հաստատում է ռազմական դրության պայմաններում ծառայությունների մատուցման և զորահավաքային առաջադրանքների շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, մատակարարման և վերանորոգման պլանը.
ժ. սահմանում է կազմակերպությունների հետ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,
ժա. հաստատում է նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման` ձեռքբերման, ֆինանսավորման, ամբարման, կուտակման, պահպանման, թարմացման և ապաամրագրման ծրագրերը,
ժբ. սահմանում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ֆինանսավորման կարգը,
ժգ. սահմանում է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը,
10) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը.
բ. զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հայեցակարգն ու դրա դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը.
գ. զինված ուժերի և այլ զորքերի զորանոցաբնակարանային ֆոնդի զարգացման ծրագրերը.
դ. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.».
2) լրացնել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը ներառում է՝
1) պաշտպանության պլանի մտահղացումը.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը` ծավալման և զորահավաքային պլաններով.
3) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության պլանը.
4) Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը.
7) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը.
8) այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների զարգացման պլանները.
9) Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման պլանը.
10) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգերի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանը,
11) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման և գիտական հետազոտությունների իրականացման պետական ծրագիրը.
12) Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը.
13) Հայաստանի Հանրապետության պաշտպանության կառավարման պլանը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1) հաստատում է զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները.»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
1) մասնակցում է`
ա. պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը,
բ. պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգերի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանի, նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման, դրանց կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի մշակմանը,
գ. քաղաքացիական պաշտպանության պլանավորմանը և իր լիազորությունների սահմաններում իրականացմանը.
2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ.
4) մասնակցում է ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպման ու ապահովման գործընթացին.
5) վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացը,
6) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.
7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի անցկացումը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը.
8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.
9) իրականացնում է զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների գնումները, կառավարում է զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդը, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ.
10) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայությունը.
11) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանություն.
12) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.
13) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.
14) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում.
15) կազմակերպում և իրականացնում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացման գործընթացները, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը, իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.
16) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`
1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.
2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.
4) հաստատում է զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.
5) հաստատում է զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, մեքենաներ վարելու և շահագործելու, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները, զինծառայողների որակավորումների տեսակները և դրանց շնորհման կարգը.
6) սահմանում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները.
7) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.
8) իրեն կից ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ նախարարության կոլեգիա ու հասարակական խորհուրդ, և հաստատում է դրանց աշխատակարգերը.
9) հաստատման է ներկայացնում`
ա. զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը,
գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,
դ. զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.
10) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությամբ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ունի երկու առաջին տեղակալ, որոնցից մեկն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի իմաստով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին փոխարինող առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որոնց թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը
1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա պետական մարմին է:
2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`
1) հանդիսանում է զինված ուժերի և այլ զորքերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը.
2) ապահովում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը՝ համապատասխանաբար զինված ուժերի ծավալման և զինված ուժերի կիրառման պլանների համաձայն.
3) պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության համար.
4) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերը ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային կարիքների պլանավորման, այդ միջոցների բաշխման գործընթացը.
5) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.
6) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության և անվտանգության նպատակով.
7) ապահովում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության կազմակերպման գործընթացը, պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.
8) ապահովում է պահեստազորային պատրաստության և տարածքային պաշտպանության գործընթացի իրականացումը.
9) կազմակերպում է զինված ուժերի համակողմանի ապահովումը,
10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.
11) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.
12) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.
13) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.
14) մասնակցում է`
ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,
բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.
15) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.
16) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Զինված ուժերի գլխավոր շտաբում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով և Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների և զորատեսակների գործունեության կառավարման ու համակարգման ուղղություններով:
4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը`
1) ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է զինված ուժերի գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է զինված ուժերի գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի զինվորական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
4) զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`
ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,
գ. զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը.
դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, մեքենաներ վարելու և շահագործելու, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ.
ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ.
զ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,
է. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.
5) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «մարմինների» բառից հետո լրացնել «և պետության ու բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն իրականացնող կազմակերպությունների» բառերը.
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 4-րդ կետում «պատգամավոր» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ» բառերը.
2) լրացնել 5-րդ, 6-րդ և 7-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
6) խնամում է առանց մոր մեծացող երեխա.
7) ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ:»:
ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90, իսկ սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «փոխնախարարներին,» բառից հետո լրացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը կարող է հանդիսանալ նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պետական ծառայության պաշտոն, որը զբաղեցվում է պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով:».
2) 5-րդ մասում «օժտված չէ» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունում «պաշտոնակատարներ,» բառերից հետո լրացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,» բառերը.
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «վարչապետը» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարն օրենքով սահմանված դեպքում կարող է ունենալ երկու առաջին տեղակալ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ օրենքով ի պաշտոնե առաջին տեղակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վրա:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
22.02.2022 - 10.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6413
Տպել