«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
15 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի հմ. 1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի հմ. 647-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկի համապատասխան: Հիմք ընդունելով որոշ ոլորտների (մասնագիտությւոնների) գծով Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած աշխատաշուկայի վերլուծությունը, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները և բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների քանակը՝ նախագծվել է 2022/2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի): 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի (Մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին և շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ ոլորտներ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը 2021-2022 ուստարվա հետ համեմատած ավելացել է 22 տեղով, այդ թվում՝ 2022-2023 ուսումնական տարվա պահուստային 9 տեղից 3-ը հատկացվել է ՀԱՊՀ-ին և ՀՖՀ-ին՝ համապատասխանաբար «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության նույն կրթական ծրագրի (2 տեղ) և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրի (1 տեղ) դիմոդների համար: 2021-2022 ուստարվա ընդունելության հետ համեմատած ցանկից հանվել են. ԵՊՀ՝ «Զբոսաշրջություն», «Փիլիսոփայություն», ՀԱՊՀ՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», ՀԱՊՀ ԳՄ՝ «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա», ՃՇՀԱՀ՝ «Տեղեկատվական համակարգեր», «Տնտեսագիտություն», «Տրանսպորտային համակարգեր», ՀՊՏՀ ԳՄ՝ «Շուկայագիտություն», ԵԼՀ՝ «Սերվիս», ՇՊՀ՝ «Զբոսաշրջություն», ԵՊԿ՝ «Երաժշտական արվեստ», ԵՊԿ ԳՄ՝ «Արվեստի տեսություն և պատմություն», ՖԿՀՊԻ՝ «Շուկայագիտություն», ԳԱԱ ԳՄԿ՝ «Ֆինանսներ», «Իրավագիտություն», «Հնագիտություն» մասնագիտությունները: Ավելացվել են ԵՊՀ-ում՝ «Լեզվաբանություն» մասնագիտության մեջ «Վարչագործարարական թարգմանություն» կրթական ծրագիրը, «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունը՝ «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» կրթական ծրագրով, «Շուկայագիտություն», «Բարոյագիտություն» մասնագիտությունները նույնանուն կրթական ծրագրերով, ՇՊՀ-ում՝ «Կրթական գիտություններ», «Պարենամթրքի տեխնոլոգիա», «Հատուկ մանկավարժություն», ՎՊՀ՝ «Ընդհանուր մանկավարժություն», «Պատմություն» և «Ծրագրային ճարտարագիտություն», ՀԱԱՀ՝ «Տրանսպորտային համակարգեր», ՀՖՀ՝ «Տեղեկատվական համակարգեր», ԳԱԱ ԳՄԿ՝ «Մաթեմատիկա» և այլն մասնագիտությունները: ՀԱՀ-ում «Իրավագիտություն» մասնագիտությունը լրացվել է «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն» կրթական ծրագրով՝ 2 տեղ, ՃՇՀԱՀ-ում՝ «Գեոմատիկա» մասնագիտությունը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրով՝ 4 տեղ, ՀԱԱՀ-ում՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունը «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրով՝ 2 տեղ, «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտությունը՝ «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով՝ համապատասխանաբար՝ 3 և 4 տեղերով: Նշենք նաև, որ «Էլեկտրոնիկա» մասնագիտության «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրով ընդունելության համար հատկացվել է անվճար ուսուցման 5 տեղ և «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում»՝ 2 տեղ: 2022/2023 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել նաև շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը հիմնականում տրվել է STEM ոլորտի մասնագիտություններին (կրթական ծրագրերին), մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, ֆիզիկական գիտությունների, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների, մաթեմատիկայի, վիճակագրության ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ընդհանուր առմամբ 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1416 տեղ, որից 1101-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նշեմ նաև, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին նախատեսվել է հատկացնել 28 տեղ՝ նախորդ տարվա 36 տեղի փոխարեն (-8 տեղ), իսկ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաուսումնական հաստատությունների համար սահմանվել է 73 տեղ՝ նախորդ տարվա 40 տեղի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2022-2023 ուստարվա համար ՊՆ նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 25 տեղ, որի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցներով: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝ 1. Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում. 2. Մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում: Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը: Նախագծով նախատեսված են պահուստային տեղեր, որոնք ըստ անհրաժեշտության կհատկացվեն նաև ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) հավաքած դիմորդներին: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Մասնավորապես տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, ագրարային ճարտարագիտության, զբոսաշրջության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, ագրոնոմիայի, զբոսաշրջության, կրթական գիտությունների և այլն մասնագիտություններին: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապես մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելությունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջների համապատասխան, ինչպես նաև պատրաստել լայն մտահորիզոն և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող որակյալ կադրեր, որոնք հետագայում իրենց կրթությունը կարող են շարունակել ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ, Արցախի Հանրապետություն, Պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի կրթական ծրագրով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։ |
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից: |
-
Քննարկվել է
11.02.2022 - 27.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5246
Տպել