ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 14 արձանագրային որոշման կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ նպատակ հետապնդելով կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը:

Հարկ է հավելել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Միաժամանակ, 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ:

Աղետների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է անդրադառնալ գոյություն ունեցող մարտահրավերներին, նախապատրաստվել հաղթահարելու ապագա մարտահրավերները, իրականացնել աղետների ռիսկերի մշտադիտարկում, գնահատում և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Աղետների ռիսկերի նվազեցումը և բնակչության պաշտպանությունը ենթադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ներգրավումը աղետների ռիսկերի կառավարմանը:

Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով մանրակրկիտ ձևով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը, հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաև հետաղետային վերականգմանը:

Մինչ այժմ գործող օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է և ոչ լիարժեք, մինչդեռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված և օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցումը, արձագանքումը և այլ միջոցառումների իրականացումը:

Բացի այդ, գործող օրենքով կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային և տեղային բնույթի:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է նոր մոտեցում աղետների ռիսկի կառավարմանը, որով տրվում է հստակ իրավակարգավորումներ արտակարգ իրավիճակ հայտարարելու, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դադարեցման հիմքերը:

Այսպիսով, նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ, Նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների  պատշաճ ապահովման գործընթացը:

Սահմանվում են նաև արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում:

  Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից առավել արդյունավետ են: Բացի այդ, նախագծով հստակեցվում և կանոնակարգվում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը:

Միաժամանակ ամրագրվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիակատար ներգրավվածությունը բոլոր  մակարդակներում, ինչպես նաև հստակեցվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց իրավասությունների շրջանակը:

Ակնկալվող փոփոխություններով կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներին:

Նախագծով նախատեսվում են արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը պայմաններն ու կարգը, արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշման   բովանդակությունը, արտակարգ իրավիճակներում  իրականացվող միջոցառումները:

Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել խոցելի խմբերին:

Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:

 

  1. Միասնական օրենսդրական կարգավորումներ ապահովելու նպատակով՝ նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթով:

Մասնավորապես՝

1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց օրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումներ.

2) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվում է գործատուի իրավունքը՝ աշխատողին ընդգրկելու աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման միջոցառումների մշակման և իրականացման համար ձևավորվող հանձնաժողովների, խորհուրդների և աշխատանքային խմբերի կազմում.

3) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համայնքի ղեկավարի որոշմամբ արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում արտահերթ նիստը գումարելու և անցկացնելու կարգը, հայտարարված արտակարգ իրավիճակը վերացնելու կամ արտակարգ իրավիճակում նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ավագանու որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը.

4) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում նախատեսվող լրացումներով առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքից հանել արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանող իրավակարգավորումները և դրանք սահմանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով, քանի որ Նախագծով կարգավորվում են ոչ միայն համաճարակով, այլ բոլոր երևույթներով (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով) պայմանավորված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Հակառակ պարագայում անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանել բոլոր երևույթներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, ինչը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անհնարին է։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Քննարկվել է

    07.02.2022 - 22.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8352

Տպել