Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «կազմակերպական հիմքերը,» բառերից հետո լրացնել «ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային աուդիտի իրականացման և թունելների անվտանգության նվազագույն պահանջները,» բառերով։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով. 

«ճանապարհային ենթակառուցվածք՝ ճանապարհային ֆիզիկական ակտիվների համակարգի ամբողջություն, որն ընդգրկում է ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտը, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքը, ճանապարհային ծառայության շինությունները և ճանապարհային ինժեներական շինությունները.

ճանապարհային անվտանգության կառավարում` ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ճանապարհատրանսպորտային վթարների և բնութագրերի, ինչպես նաև ճանապարհներից օգտվողների վերաբերյալ քանակական և պարբերական ուսումնասիրության գործընթաց, որը ներառում է ճանապարհների անվտանգության վիճակի հսկողությունը, բարելավումը, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորումը, վերապատրաստումը, ճանապարհային ցանցի անվտանգության ամբողջական գնահատման և անվտանգության մակարդակի գնահատման նպատակով հսկողության իրականացումը և ընթացիկ մշտադիտարկումը․

ճանապարհային անվտանգության կառավարման մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանապարհային անվտանգության կառավարման լիազորված պետական կառավարման մարմին,

ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում` ճանապարհային ցանցի անվտանգության մակարդակի նկատմամբ նոր կառուցվող ճանապարհի կամ գործող ճանապարհային ցանցի էական փոփոխության ազդեցության համեմատական վերլուծություն.

ճանապարհային անվտանգության աուդիտ՝ ճանապարհի անվտանգության պահանջների համապատասխանության անկախ և օբյեկտիվ գնահատման նպատակով անցկացվող  աուդիտ կամ աուդիտորական դիտարկում․

ճանապարհային ենթակառուցվածքային ծրագիր՝ երթևեկության հաշվարկային ինտենսիվության վրա ազդեցություն ունեցող ճանապարհային ենթակառուցվածքի մաս կազմող ճանապարհի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիր․

անվտանգության վարկանիշ՝ գործող ճանապարհային ցանցի ճանապարհահատվածների անվտանգության չափանիշների դասակարգումն ըստ կարգերի․

ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն՝ ավտոմոբիլային ճանապարհների կամ դրանց հատվածների նպատակային հետազոտություն, որը պետք է բացահայտի ճանապարատրանսպորտային պատահարների առաջացման հնարավոր ռիսկը, պայմանները, թերությունները և խնդիրները․

ճանապարհային անվտանգության պարբերական հետազոտություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհների կամ դրանց հատվածների անվտանգության համապատասխան մակարդակների ապահովման նպատակով պարբերաբար կատարվող հետազոտություն․

ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խումբ՝ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողների խոցելի խումբ՝ ներառյալ հետիոտները, հեծանվորդները, ինչպես նաև շարժիչով աշխատող երկանիվ տրանսպորտային միջոցներից օգտվողները:»։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1․ ․«ա» կետում «նորոգման ու պահպանման ծրագրերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև իրականացնում է դրանց մշտադիտարկումը» բառերով,

2․ ․«գ» կետը ուժը կորցրած ճանաչել,

4․  լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը-ժե» կետերով.

«ը) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

թ) իրականացնում է ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում  Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը,

ժ) մշակում է ճանապարհային բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

ժա) մշակում և ընդունում է ճանապարհային բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր․

ժբ) մշակում և հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման ծրագրերի կազմման և դրանց իրականացման առաջնահերթությունները սահմանելու մասին կարգը․

ժգ) մշակում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների զարգացման ոլորտում ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները.

ժդ) մշակում և հաստատում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանր և մեծ եզրաչափերով, չմասնատվող, ինչպես նաև վտանգավոր բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներով պետական ճանապարհային մարմնի հետ փոխադրումների  իրականացման կարգը և  որոշում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանր և մեծ եզրաչափերով, չմասնատվող, ինչպես նաև վտանգավոր բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներով փոխադրումների արդյունքում ճանապարհի հողային պաստառին պատճառած վնասի չափը.

ժե) աջակցում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` համաձայնեցնելով դրանց տնօրինողների հետ» բառերով։․

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5․ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրման և վերատեղադրման, ինչպես նաև կառուցապատման գործընթացի՝ ճանապարհը տնօրինողի հետ համաձայնեցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 6 Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից բացի որևէ այլ հաղորդակցուղու տեղադրումն իրականացվում է բացառիկ դեպքերում, որոնք սահմանվում են ճանապարհային մարմնի կողմից։»։

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15.1-րդ մասով.

«15.1․ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1․ 4-րդ մասում «հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը» բառերը փոխարինել «պետական ճանապարհային մարմին է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարը» բառերով․

2․ 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«5. Ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, ինչպես նաև համայնքի սեփականությունն հանդիսացող հողամասերի օտարումները, իրականացվում են օրենքով սահմանված կարգով, ընդ որում` հողամասի նպատակային և գործառնական նշանակություն փոփոխության և համայնքի սեփականությունն հանդիսացող օտարման առաջարկությունները նախապես համաձայնեցվում են պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ:»։

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1 գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 5.1

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 19.1 Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության կառավարումը և ազդեցության գնահատումը

  1. Ճանապարհային մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության կառավարումը։
  2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ենթակա են ճանապարհային անվտանգության ազդեցության պարտադիր գնահատման։
  3. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման գործընթացում պետք է հաշվի առնվեն ճանապարհային երթևեկության խոցելի մասնակիցների շահերը։
  4. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

Հոդված 19.2 Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության կառավարման մարմինը

1․ Ճանապարհային անվտանգության կառավարման մարմինը՝

  • պատասխանատու է ճանապարհային անվտանգության ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ճանապարհային ցանցի անվտանգության կառավարման համար,
  • իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ճանապարհների անվտանգության ապահովման վիճակի հսկողություն և դրանց բարելավմանն ուղղված միջոցառումները,
  • իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ճանապարհատրանսպորտային պատահարների և բնութագրերի, ինչպես նաև ճանապարհներից օգտվողների վերաբերյալ քանակական և պարբերական ուսումնասիրություն,
  • իրականացնում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը,
  • իրականացնում է ճանապարհային անվտանգության աուդիտների որակավորումը և վերապատրաստումը,
  • իրականացնում է ճանապարհային ցանցի անվտանգության հսկողություն և ընթացիկ մշտադիտարկում,
  • ճանապարհային անվտանգության ապահովման նպատակով կազմում է ճանապարհային անվտանգության ռիսկերի վրա հիմնված առաջնահերթ գործողությունների տարեկան ծրագիր և իրականացնում է ռիսկերի կրճատման անհրաժեշտ միջոցառումները․
  • սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները, ինչպես նաև իրականացնում է  դրանց պարբերական գնահատում, հսկողություն և մշտադիտարկում․
  • թունելների անվտանգության ապահովման նպատակով մշակում է վթարներին արագ արձագանքման միջոցառումների ծրագիրը.
  • թունելի վթարի առաջացման դեպքում սահմանում է թունելի շահագործումը անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու վերաբերյալ կարգը։

 

Հոդված 19.3 Ճանապարհային անվտանգության աուդիտը

  1. Ճանապարհային անվտանգության աուդիտը հանդիսանում է ճանապարհային անվտանգության կառավարման գործընթացի անբաժանելի մասը։
  2. Ճանապարհային անվտանգության աուդիտն իրականացվում է ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի նախագծումից մինչև ճանապարհի շահագործման հանձնումը: Լիազոր մարմնի որոշմամբ կարող է նշանակվել ճանապարհային անվտանգության լրացուցիչ աուդիտ՝ ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման արդյունքներից ելնելով:
  3. Ճանապարհային անվտանգության աուդիտորը ենթակա է պարտադիր որակավորման:
  4. Ճանապարհային անվտանգության աուդիտոր կարող են նշանակվել այն անձիք կամ կազմակերպությունները, որոնք․

1)       ունեն ճանապարհների նախագծման, ճանապարհային անվտանգության ճարտարագիտության և ճանապարհատրանսպորտային պատահարների  վերլուծություն իրականացնելու համապատասխան փորձ,

2) անցել են ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի կողմից կազմակերպվող որակավորման կամ վերապատրաստման դասընթացները և ստացել են որակավորման վկայագիր։

4․ Ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային ենթակառուցվածքային ծրագրի մշակման, իրականացման գործընթացներում:

5․ Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, իրավունքները և պարտականությունները, աուդիտորի որակավորման պահանջները, վերապատրաստման դասընթացների իրականացման ժամկետները և կարգը, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19.4 Թունելներին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները

1․    Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման համար ճանապարհային մարմնի կողմից սահմանվում են թունելների անվտանգության նվազագույն պահանջները, որոնք պետք է ուղղված  լինեն մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի և թունելների կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների համար հնարավոր վտանգ ներկայացնող դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև պատահարների դեպքում անվտանգության ապահովմանը՝ անկախ այն բանից դրանք գտնվում են շահագործման, կառուցման, թե նախագծման փուլում։

  1. Թունելի անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանության ստուգումն իրականացնում է ճանապարհային անվտանգության կառավարման մարմինն, իսկ անվտանգության միջոցառումներն ապահովում է թունելի պահպանումն իրականացնող կապալառու կազմակերպություն:
  2. Ճանապարհային անվտանգության կառավարման մարմինը իրավասու է կասեցնելու կամ սահմանափակելու թունելների շահագործումը, եթե դրանք չեն բավարարում անվտանգության պահանջներին։ Թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման համար իրականացվող միջոցառումները հաստատում է պետական ճանապարհային մարմինը։
  3. Կառուցման կամ շահագործման փուլերում գտնվող թունելների անվտանգության պահանջների պահպանման համար պատասխանատու է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կապալառու կազմակերպությունը։
  4. Թունելում տեղի ունեցած վթարների վերաբերյալ կապալառու կազմակերպությունը տեղի ունեցած վթարի օրվանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացվում ճանապարհային անվտանգության կառավարման մարմնին, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմնին և անվտանգության գծով պատասխանատուին՝ այդ մարմինների (անձանց) կողմից պատահարի կամ վթարի հանգա­մանքների պարզման կամ դրանից բխող հնարավոր հետևանքների վերաբերյալ վերլուծություն կատարելու համար։
  5. Երթևեկության մասնակիցների և շահագործող կազմակերպության անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով՝ կապալառու կազմակերպությունները նշանակում են անվտանգության գծով պատասխանատուների՝ վերջիններիս թեկնածությունները նախապես համաձայնեցնելով ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի հետ։ Անվտանգության գծով պատասխանատուն համակարգում է թունելների անվտանգության կանխարգելիչ և պաշտպանական բոլոր միջոցառումները։ Անվտանգության գծով պատասխանատուն կարող է լինել թունելների կամ վթարային փրկարարական ծառայությունների անձնակազմի անդամ, անկախ է թունելների անվտանգությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս և անվտանգության հարցերով որոշումներ իրականացնելիս չի առաջնորդվում կապալառուի կողմից տրված հրահանգներով։

7․ Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը։

8․ Թունելների անվտանգության նվազագույն պահանջների  համապատասխանությունն ապահովելու նպատակով ճանապարհային անվտանգության կառավարման մարմինը իրականացնում է պարբերական հսկողություն։

9․ Թունելի անվտանգության համապատասխան մակարդակները պահպանելու նպատակով իրականացվող երկու հաջորդական ստուգումների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին։»։

 

Հոդված 10 Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով․

«4․Սույն օրենքի 19.1 հոդվածով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2024 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2025 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ 19.4 հոդվածով սահմանված դրույթների մասով նոր կառուցվող ճանապարհային թունելների համար՝ 2023 թվականի հունվարի 1-ից։

5․Մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառուցված և շահագործման մեջ գտնվող անդրեվրոպական ճանապարհային ցանցի մաս հանդիսացող թունելների անվտանգության պահանջները ոչ ուշ քան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետք է  համապատասխանեցվեն սույն օրենքի 19․4-րդ  հոդվածով սահմանված դրույթներին։ Անդրեվրոպական ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատում է կառավարությունը։

6․Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետից հետո ճանապարհային անվտանգության աուդիտները պետք է իրականացվեն միայն սույն օրենքի 19.2-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ճանապարհային մարմնի կողմից որակավորման վկայագիր ստացած աուդիտորների կամ այն կազմակերպությունների (աուդիտորական խմբերի)  կողմից, որտեղ ներգրավել են ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի կողմից որակավորման վկայագիր ստացած աուդիտորները։

7․ Սույն օրենքի 19.1 հոդվածով նախատեսված ճանապարհային անվտանգության ազդեցության առաջին գնահատումը պետք է իրականացվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։»։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի՝

1․ վերնագրում «հաշվառման կազմակերպումը» բառերից հետո լրացնել «և վերլուծություն իրականացումը» բառերը,

2․ 1-ին մասի 1-ին նախադասությունում «պետական հաշվառում» բառերից հետո լրացնել «և վերլուծություն» բառերը, իսկ 2-րդ մասում «պետական հաշվառումն» բառերից հետո լրացնել «և վերլուծությունը» բառերը,

3․ 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ մասը.

«1․1 Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տեղի ունեցած մահվան ելքով վթարի և ծանր վնասվածքների աստիճանի որոշման նպատակով ոստիկանությունը իրականացնում է դրանց հետևանքով կրած վնասի միջին հանրային ծախսերի հաշվարկ և վերլուծություն։»․

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    01.02.2022 - 16.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3148

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ