Gabriel Gabrielyan
25.01.2022
Առաջարկում եմ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելուց բացի, սահմանել նաև արդյունավետ մեխանիզմներ, ընթացակարգեր, որոնց միջոցով վերահսկողություն կիրականացվի ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններ պարբերաբար խախտում են գործող իրավական ակտի՝ Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-Ի N 29-Ն որոշման պահանջները, ինչը հիմնավորվում է Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված տարբեր տարիների հաշվետվություններոով։ Գործող օրենսդրության համաձայն՝ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահպանման նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և կրթության տեսչական մարմինը, սակայն այդ վերահսկողությունը չի կարելի արդյունավետ համարել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները միշտ չէ, որ ստուգումներ կամ նմանատիպ այլ միջոցառումներ են իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, իսկ Կրթության տեսչական մարմինը սահմանափակվում է տարեկան մի քանի ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելով, ինչը հաստատվում է հենց Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված հաշվետվություններով։ Բացի այդ, Կրթության տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող համապատասխան իրավական ակտով սահմանված է, որ բողոքի ներկայացումը պարտադիր հիմք չէ Կրթության տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու համար, ինչը կարծում եմ սխալ է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ համապատասխան փոփոխություններ կատարել նաև այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների և Կրթության տեսչական մարմնի լիազորությունները սահմանող իրավական ակտերում, որպեսզի ապահովվի պատշաճ վերահսկողություն նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահանջների ապահովման նկատմամբ։