«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում։
Նման կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչև նոր անդամի ընտրությունը ինքնավար մարմինն ունենա նիստի և որոշումների ընդունման իրավազորության խնդիր։ Ավելին, նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ միևնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում։
Ուշագրավ է, որ նման իրավիճակ նախատեսվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (այսուհետ նաև՝ Հանձնաժողով), երբ երեք անդամի լիազորությունները 2022 թվականին միաժամանակ դադարեն։
Հարկ է նշել, որ օրենսդրության մեջ որոշ այլ մարմինների դեպքում նման խնդիրներից խուսափելու համար նախատեսված է մինչև անդամի պաշտոնի թափուր մնալը նոր անդամի նշանակման հնարավորություն։ Մասնավորապես՝ նման կարգավորում նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակման դեպքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ հոդվածների։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։
- Առաջարկվող կարգավորման նպատակը․
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորություն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․
Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ։
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.01.2022 - 27.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Դիտումներ` 6680
Տպել