Լրամշակման փուլում է
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնց հիման վրա կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ և Հայաստանի Հանրապետության աշխատանի և սոցիալական հարցերի նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններ։ Լիազորող նորմերի անհրաժեշտությունը բխում է գործնական անհրաժեշտությունը և իրավական բացը լրացնելու պահանջից: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը, որն ընդունելիս որպես լիազորող նորմ ներկայացվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ հոդվածը կամ հոդվածի մասը:
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու և լրագրողներին քննարկվող թեմայով գրագետ հոդվածներ, տեսանյութեր պատրաստելու խրախուսման նպատակով յուրաքանչյուր տարի հայտարարում է լրագրողական մրցանակաբաշխություն, սակայն մրցանակաբաշխությունն իրականացվում է խիստ կամայական, հայեցողական տարբեր մոտեցումներով, անգամ մասնագիտական տեսանկյունից ոչ բավարար չափով:
Նույնացման հանձնաժողովի կողմից տարբեր անձինք նույնացվում են որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, օրինակ՝ 2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, 2019 թվականին՝ 8 անձ, 2020 թվականին՝ 9 անձ: Սակայն հստակ ցուցիչներ, որոնք հիմք են տալիս օբյեկտիվորեն անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ Հայաստանում սահմանված չեն:
Չնայած մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանված են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշմամբ, սակայն համապատասխան լիազորող նորմ օրենքում ամրագրված չէ:
Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվում է տարաբնույթ սոցիալական աջակցություն, և դրա մի մասը հստակ կարգավորված է, օրինակ՝ անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցման տրամադրումը և այլն: Սակայն, կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանված չեն Հայաստանի Հանրապետությունում, ինչից ելնելով փաստացի վերահսկելի չէ թե՛ քանակակական, թե՛ որակական անհրաժեշտությունից, սակայն այդ հիմնախնդիրներն էական ազդեցություն են ունենում տրամադրվող ծառայությունների որակի վրա:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը և աջակցությանն առնչվող հիմնական իրավահարաբերությունները, սակայն հարցերի մի մասը թողնվեց ենթաօրենսդրականա կարգավորման կամ իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը։ Օրենքի գործունեության վեցամյա պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության հարցերը դեռ վերանայման և հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է գործողությունների ազգային 6 ծրագրեր: Դրանք են՝
- Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում),
- Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում),
- Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում),
- Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում)
- Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726–Ն որոշում),
- Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշում):
Ինչպես երևում է 2019 թվականի համար գործողությունների ազգային ծրագիր առհասարակ չի նախատեսվել, իսկ ընդունված ծրագրերը եղել են եռամյա:
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունների (2003թ.), Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005թ.) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 (2006թ.) կոնվենցիաների պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացումը (շահագործման յուրաքանչյուր ձևի առանձնահատկություններին համապատասխան), նրանց տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի և վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նույնացման չափորոշիչների, նրան՝ որպես թրաֆիքինգի զոհ նույնացնելու դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տևողության, պայմանների, չափանիշների և այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաև որոշակիություն ու կոնկրետություն կձևավորի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի ու հատուկ կատեգորիայի զոհերի մոտ:
Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, և նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը և պաշտպանությունը, հետևաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված: Ավելին, հաշվի առնելով որ այդ նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, հնարավոր է, որ նրանք ունենան էական հակասություններ անձին նույնացման գործընթացում, քանի որ այդ ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչները կամ չափանիշները երևույթը որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում դիտելու և հետևաբար այդ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու կամ չճանաչելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային տարբեր կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Միգրացիայի միջազգային կազմակերպություն և այլն, կազմել են ուղենիշային ցուցանիշներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կամ դրա առանձին դրսևորումների ցուցանիշներ և ցուցիչներ, որոնք պետությունները նույնացնելով դարձնում են կիրառելի իրենց տարածքում:
Սոցիալական աջակցության տրամադրման որակի չափորոշիչների անհրաժոշտությունը պայմանավորված է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին որակյալ ծառայություններ տրամադրելու, այդ ծառայությունները տրամադրող կազմակերպություններին ընտրելու որոշակիություն ապահովելու և դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին երկրորդային զոհականացումից պաշտպանելու ու հասարակություն վերաինտեգրումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների մեծ դերը տարբեր երևույթների, այդ թվում նաև՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարը լուսաբանելու հարցում, լրագրողներին խրախուսելը և դրանով որակյալ լրագրողական նյութեր ունենալը, խիստ կարևորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ընդհանուր աշխատանքներում:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով կսահմանվեն անհրաժեշտ 5 լիազորող նորմեր, որոնք միտված կլինեն բարձրաձայնված հարցերն արդյունավետորեն լուծելուն։
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպեման եռամյա ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների անընդհատությունն ապահովելու համար (2019 թվականին եղել է ընդհատում), այդ որոշումների ընդունման լիազորումը սահմանելու և դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ և որակապես նոր մակարդակի վրա դնելու համար առաջարկվում է 3 տարին մեկ ընդունել համապատասխան ազգային ծրագրեր և դրանց իրականացման ժամանակացույցեր:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն և կազմակերպում է դրա անցկացումը, որն առավել արդյունավետ կազմակերպելու, գործնականում առաջացած բարդություններն ու խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է հաստատել համապատասխան կանոնակարգը, որն առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ որպես այդ նախարարության կողմից իրականացվող միջոցառում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը համակարգման և որոշակիության կարիք ունի, նույնացման հստակ չափորոշիչների սահմանումը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումներն, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել զոհին կամայական որոշումներից: Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչներն առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, քանի որ այդ նախարարության ենթակայության ներքո է գործում Նույնացման հանձնաժողովը, և այդ հանձնաժողովի նախագահը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:
Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության ձևերից կանոնակարգման կարիք ունեն կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, ձևերը, քանի որ մյուս ձևերը վերաբերում են այն ոլորտների, որոնք ունեն ընդհանուր ներոլորտային կանոնակարգումներ (օրինակ՝ բժշկական օգնությունը և սպասարկումը, թարգմանչական ծառայությունների մատուցումը, օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովումը, միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովումը, աշխատանքի ապահովումը) կամ կարգավորված են առանձին իրավական ակտերով (անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցում): Այն փաստը, որ անվտանգ վերադարձի կազմակերպումը և միանվագ դրամական փոխհատուցումը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (համապատասխանաբար՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի ապրիլի 6-ի N 353-Ն և Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումները) միատեսակությունն ապահովելու տեսանկյունից հիմք է հանդիսացել առաջարկել զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումն արդեն սահմանում է Նախագծով ներկայացվող լիազորող նորմերից մեկում ամրագրված կարգավորումը, սակայն այդ լիազորող նորմով ներկայացում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշման կապն օրենքի հետ:
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա ընդունել 2 հրաման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1 որոշում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն եռամյա ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն այն լիազորող նորմերը, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել հետևյալ իրավական ակտերը՝
- Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպեման 2023-2025 թվականների ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (լիազորորղ նորմի ձևակերպումից բխում է, որ այն ընդունվելու է երեք տարին մեկ պարբերաբար),
- Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը,
- Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանը,
- Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումը (փաստացի ընդունված է):
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա:
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից։
-
Քննարկվել է
08.12.2021 - 23.12.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4889
Տպել