Հիշել նախագիծը

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշմամբ սահմանված` 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-245-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետով նախատեսված է վերոնշյալ նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:

          Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր են ձևակերպել ուղեկցող փաստաթղթերը էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում։ Միաժամանակ, համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխում չի թույլատրվում հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում բացառությամբ այն դեպքի, երբ այդ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում բացակայում են տեղեկատվական համակարգերի անսարքության պատ-ճառով, որն առաջացել է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղոր-դակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական - հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից սահմանվում է մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափության հաստատման կարգ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով հետագծելիության ազգային համակարգում այդպիսի տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև, նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում, և անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկատվական համակարգերի անսարքության մասին տեղեկացման կարգ: Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

Վերոնշյալ դրույթների սահմանման համար համապատասխան լիազորություններ վերապահելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 358.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը պետք է սահմանվի Կառավարության կողմից։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում, տեղեկատվական համակարգերի անսարքության մասին հարկային մարմինը տեղեկացնում է հարկ վճարողներին,

2) համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.petekamutner.am): Խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է դեպքը հատնի դառնալու օրվա դրությամբ: Ընդ որում՝ համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն),

3) հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական կայքում` առնվազն 3 տարի ժամկետով:

 4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման մասով սահմանված դրույթներին համապատասխան Համաձայնագրով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով հետագծելիության իրականացման ապահովման նպատակով տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգի սահմանում:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  էական փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման՝ «2.Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» ռազմավարական նպատակի «1.Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի 8-րդ կետով սահմանված «ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն» միջացառումից (գործողությունից)։ Միջոցառմամբ (գործողությամբ) նախատեսվում է ներդնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ ԵԱՏՄ հարթակում ստանձնած պարտավորություններին համապատասխան:

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է ներդնել փաստաթղթային հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքերի հետագծելիության մեխանիզմի վերաբերյալ» համաձայնագրին համապատասխան։ Համաձայնագրի հիմնական նպատակներից է ստեղծել մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետագծելիության նկատմամբ հսկողություն: Այդ միջոցառման (գործողության) շրջանակներում նորմատիվ-իրավական ակտերի համապատասխան նախագծերի մշակում և հաստատման ներկայացում:

  • Քննարկվել է

    02.12.2021 - 17.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3339

Տպել