Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔՕ) 309.1-ին հոդվածով նախատեսված խոշտանգման հանցակազմով, ինչպես նաև քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից բռնություն կամ սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ դատավարությանը մասնակցող անձանց ցուցմունք կամ բացատրություն կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, որը զուգորդվել է խոշտանգմամբ, և խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմով (նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձին դաժանությամբ, անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) քրեական գործերի քննության ենթակայության հարցը հստակեցնելու և նշված հանցակազմերի քննության վերաբերյալ առկա միջազգային չափանիշներին ներպետական կարգավորումների համապատասխանությունը ապահովելու, ինչպես նաև որոշ հանցակազմերի, մասնավորապես՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ հոդված 149), ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՔՕ հոդված 150), կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՔՕ հոդված 154.1) քննչական ենթակայությունը փոխելու անհրաժեշտությամբ:     

    

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:

Համանման կարգավորում է նախատեսում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը (ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին):

Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից:

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ խոշտանգումների դեպքերով քննություն իրականացնող պատշաճ մարմնի վերաբերյալ ներպետական և միջազգային չափանիշներին, որոնք հանգում են հետևյալին.

ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ 

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգումը կիրառվել է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում:»:

Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք։ Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու համար հայցվորի և վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետևանքի։»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (…)»։

Հայաստանի վերաբերյալ մի շարք վճիռներում (օրինակ՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռ, «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի մարտի 31-ի վճիռ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ըստ այդմ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումների 10-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ պետությունը միջազգային չափանիշներին համապատասխան պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ ազատությունից զրկված բոլոր անձանց՝ ազատությունից զրկելու սկզբնական պահից խոշտանգումների կանխարգելմանն ուղղված բոլոր հիմնարար իրավական երաշխիքներից գործնականում օգտվելու հնարավորությունն ապահովելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Խոշտանգումների դեմ կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում հայտնել է, որ Հայաստանում խոշտանգման և վատ վերաբերմունքի ենթարկվելու դեպքերի քննության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է`

«(…)

դ) ամրապնդել Հատուկ քննչական ծառայության քննչական կարողություններն ու անկախությունը` ապահովելու համար, որ անհապաղ իրեն տրամադրվեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները, ներառյալ ազատությունից զրկված անձանց նման պնդումները, և որ բոլոր պնդումները խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ քննվեն, իսկ դրանց կատարման մեջ կասկածվողները պատշաճ կերպով ներկայացվեն դատարան, և նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում պատժվեն իրենց գործողությունների ծանրությանը համաչափ ձևով, և որ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակավ տեղեկություններ հաղորդի ոչ միայն հարուցված քրեական գործերի, այլև հետապնդման արդյունքի մասին (…)»:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների  առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ կատարելու քննություն, որի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։

Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներից է քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ և մանրամասն։ Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա։ Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները։ Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունների սպառիչ սահմանման անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում «լուրջ ջանքեր գործադրելը» կամ «բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելը»:

Ամփոփելով խոշտանգման գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի և Գագիկ Դավիթի Կարապետյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0172/11/17 քրեական գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ՝ «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը, այլ այդ տեղեկատվության մանրամասն պարզման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, որն օբյեկտիվ դիտորդի մոտ համոզիչ կերպով հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով»:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է նշել, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության հանգամանքով:

Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է Վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինները:

Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով և գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն:

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերին, ապա դրանք անհրաժեշտ է թողնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը՝ հաշվի առնելով նման գործերով նույն մարմնի կողմից քննություն իրականացնելու աննպատակահարմարությունը:

Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

Բացի այդ, վերոգրյալ հիմնավորումների համատեքստում վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների քննության ենթակայության հարցը: Ներկայումս նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում ևս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը ևս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծերով առաջարկվում է՝

  • խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները,
  • ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին,

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծերը կապված չեն համապատասխան ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:

 

 

  • Քննարկվել է

    01.12.2021 - 16.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6425

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

16.12.2021

2. ՀՀ քննչական կոմիտեին վերապահված գործերով քննչական ենթակայության խնդիրները Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին, խնդրին տրվում է արհեստական լուծում, քանի որ հենց այդ և այլ պետական ծառայություն իրականացնող անձանց հակազդման համար էր ստեղծվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ ՀՀ քննչական կոմիտեն չունի ինստիտուցիոնալ և գործառութային այն մակարդակի անկախություն և անաչառություն, որը պահանջվում է խոշտանգման գործերի քննության համար (Տե՛ս Վճռաբեկ դատարանի`Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշման 23-րդ կետը:): Առաջարկվող մեխանիզմը պետք է լինի անկախ ինստիտուցիոնալ անձնային և գործնական մակարդակներում։ Նման անկախ մարմնի ղեկավարը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և հաշվետու լինի օրենսդրին (Տե՛ս ավելի մանրամասն՝ https://hcav.am/factor-am-7-04-19/):ՀՔԱՎ գրասենյակը վերստին հիշեցնում է, որ ՀՔԾ ստեղծումը դրական է գնահատվել է թե միջազգային, թե ներպետական մակարդակներում։ Այապիսով, անհրաժեշտ է վերանայել Կառավարության քաղաքականությունը խոշտանգման դեմ պայքարում և աշխատանքներ իրականացնել ՀՔԾ վերականգման կամ նոր մարմնի ստեղծման համար, որը համապատասխանելու է խոշտանգումների վերաբերյալ գործերով քննության չափանիշներին (Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84, Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109, Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39։ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134։ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Օthers v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106։ Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 23-րդ կետը։): Առաջարկություններ․ 1. Վերանայել գործող օրենսդրությամբ սահմանված ԱԱԾ մանդատը, գործառույթները և հաշվետվողականությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հստակորեն նույնականացվի որպես անվտանգության ծառայություն, որը պետք է սահմանափակվի հետախուզական տվյալների հավաքագրմամբ: 2. Ստեղծել նոր մարմին կամ ապահովել ՀՔԾ աշխատանքի շարունակությունը որպես քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարած հանցագործություններով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգքրի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններով քննություն իրականացնող անկախ մարմին։ 3. ՀՀ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսել որպես բացառություն 450-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

16.12.2021

1. ՀՀ ազգային անվտանգության մարմիններին վերապահված գործերով քննչական ենթակայության խնդիրները ՀՔԱՎ գրասենյակը ս․թ․ հոկտեմբերին 1-ին խիստ բացասական է գնահատել խոշտանգման գործերով քննչական ենթակայության վերաբերյալ իրականացված օրենսդրական փոփոխությունները, արձանագրելով էական հետընթաց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունից և ակնհայտ միտում ուժեղացնելու Ազգային անվտանգության ծառայության դիրքը իրավապահ համակարգում։ ՀՔԱՎ գարսենյակը բազմիցս անդրադարձ կատարել է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համակարգային փոփոխության, այն ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու, միայն հետախուզական ու հակահետախուզական գործունեություն իրականացնելու հրատապ անհրաժեշտությանը և այդ մարմնի քննչական դեպարտամենտի քննիչների ոչ թափանցիկ և հակաիրավական աշխատանքներին (https://hcav.am/sashik-sultanyan-30-07-21/ ): Ազգային անվտագության ծառայության մարմինների լիազորությունների բնույթը և ծավալը ցույց են տալիս, թե տվյալ երկրում որքանով են ապահովված և պաշտպանված իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։ Ազգային անվտագության մարմինների աշխաատնքի արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելիս կիրառվում են հետևյալ պահանջները. (i) մանդատի հստակությունը․ (ii) լիազորությունների սահմանափակված լինելը․ (iii) հաշվետվողականության ապահովումը (Commission of Inquiry into the Actions of Canadian Officials in Relation to Maher Arar, A New Review Mechanism for the RCMP’s National Security Activities, Ottowa, 2006․):(i) Մանդատի հստակությունը և (ii) լիազորությունների սահմանափակված լինելը Մանդատի առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ամենակարևոր տարրը ոստիկանական/քննչական գործառույթների տարանջատումն է անվտանգության/հետախուզական գործառույթից։ Անվտանգության ծառայության մարմինները պետք է պատասխանատու լինեն միայն ներքին և արտաքին հետախուզության համար (https://redress.org/wp-content/uploads/2018/01/January-Security_Briefing_Paper_26_Jan-English-_2_.pdf ): ե) պայքար հանցագործությունների դեմ: Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ազգային անվտանգության մարմինները «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով իրենց առջև դրված խնդիրների լուծման նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարում են հետաքննություն և նախաքննություն` իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտման, կանխման և խափանման նպատակով («Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս): Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել նաև հանցագործությունների դեմ պայքարի այլ խնդիրներ («Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս): Նշված նորմը կարող է առաջացնել իրավական անորոշության խնդիր և հիմք դառնալ ԱԱԾ մարմինների լիազորությունների անհարկի ընդլայնմանը և կամայական մեկնաբանությունների: ԱԱԾ-ի գործունեության շրջանակներն անհրաժեշտ է ձևակերպել բավարար աստիճանի հստակությամբ՝ կամայականությունների կանխարգելման նպատակով: ՀՀ քրեական դատավարության գործող և նոր օրենսգրքերը սահմանում են հանցագործությունների լայն շրջանակ, որոնց վերաբերյալ նախաքննություն կարող են կատարել ԱԱԾ մարմինները: Հայեցողական չափազանց լայն հնարավորություններ է թողնված ԱԱԾ մարմիններին նրանց կողմից նախաքննության կատարման դեպքերի համար այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, որոնցով նախաքննությունը կարող են կատարել նաև մաքսային մարմինների քննիչները, կամ այն հանցագործությունների ուղղությամբ, որոնց վերաբերյալ նախաքննությունը կատարում են ԱԱԾ քննիչները, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, որի դեպքում նաև գործում է գործը մեկ մարմնից մյուս մարմնին հանձնելու Դատախազի լիազորությունը: Քանի որ գործում է մեկ մարմնից մյուս մարմնին հանձնելու Դատախազի լիազորությունը, որի վերաբերյալ չկան հստակ չափորոշիչներ, ապա որոշ հանցագործություններով քննության վերաբերյալ թե´ դատախազության, թե´ ԱԱԾ քննիչների կողմից մեծանում է հայեցողական մոտեցումը: ԱԱԾ մարմինների և մաքսային մարմինների ընդհանուր իրավասության տակ գտնվող գործերի դեպքում առհասարակ բացակայում է գործերի բաշխման լիազորությունների որևէ որոշակիություն: Հարկ է ուշադրություն դարձնել, որ այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կարող են քննվել և´ ԱԱԾ, և´ մաքսային մարմինների ու այլ քննչական մարմինների կողմից` չունեն հստակ դասակարգում, թե ինչքանով են իրենցից ներկայացնում հստակ և իրական վտանգ ազգային անվտանգության տեսանկյունից: Բացի այդ ՀՔԾ-ի վերացումը հանգեցրել է ԱԱԾ մանդատի քննչական գործառույթների ընդլայմանը՝ ներառելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործություննրի, (բացառությամբ կոռուպցիոն և այլ սահմանված հանցագործությունների), ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը։ Այսպիսով, ստացվում է որ ՀՀ քննչական կոմիտեի քննչների կողմից ենթադրյալ խոշտանգում կատարած լինելու հիմքով հարուցված գործերի քննությունն իրականացնելու են ազգային ավտանգության ծառայության քննիչները, որոնք չեն բավարարում խոշտանգումների արդյունավետ քննության միջազգային և ներպետական իրավական չափանիշները (Տե՛ս ավելի մանրամասն https://hcav.am/torture-analysis-01-10-2021/ ): (iii) Հաշվետվողականություն «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն․ «Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) վարչապետին ենթակա մարմին է»: «Ազգային անվտանգության մասին մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը՝ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, կապված իրենց պատգամավորական գործունեության իրականացման հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին: Օրենսդրական նորմերը հստակ ամրագրում են, որ ազգային անվտանգության ծառայությունը անկախ և անաչառ մարմին չէ, այն գործում է վարչապետի անմիջական ենթակայության տակ։ ԱԱԾ-ի ձևավորման, գործունեության կարգավորման վերաբերյալ գոյություն ունեցող օրենսդրական կարգավորման նորմերը չեն երաշխավորում նաև արդյունավետ պառլամենտական և ժողովրդավարական, քաղաքացիական ու հասարակական վերահսկողության հնարավորությունը:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

16.12.2021

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 01.12.2021 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (https://www.e-draft.am/projects/3786/about) (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշված նախագծով առաջարկվում է. - խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ըստ այդմ խմբագրելով քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները, - ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը, - ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Դրական ենք գնահատում նախագծով առաջարկվող փոփոխությունները, կապված 1-ին և 3-րդ կետերում նշված գործերով քննչական ենթակայության փոփոխության հետ, սակայն միևնույն ժամանակ գտնում ենք, որ քննչական ենթակայության փոփոխության անհրաժեշտություն առկա է նաև գործերի ավելի լայն շրջանակի հետ կապված: Ազգային անվտանգության մարմինների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասության խնդիրն ունի երկու հիմք. - անկախության երաշխիքների բացակայություն. - գործունեության տարբերվող նպատակ: 1. Անկախության երաշխիքների բացակայություն Հատկանշական է, որ քննարկման դրված նախագծով առաջարկվող քննչական ենթակայության փոփոխությունների անհրաժեշտությունը հեղինակի կողմից հիմնավորվել է նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությամբ (https://www.e-draft.am/projects/3786/justification): Նախաձեռնողը իրավացիորեն արձանագրում է այն կարևոր իրողությունը, որ գործող օրենսդրությունը չի օժտում ազգային անվտանգության մարմիններին բավարար անկախության երաշխիքներով, ավելին՝ նրանք գտնվում են գործադիրի ենթակայության տակ («Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված, «Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ): Սրան անհրաժեշտ է ավելացնել, որ ի տարբերություն այլ քննչական մարմինների` (օրինակ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի) դեպքերի` ազգային անվտանգության մարմինների դեպքում վերաբերելի օրենսդրությունը ոչ միայն չի ամրագրում դրանց գործունեության անկախության ու ինքնուրույնության երաշխիքներ, այլև դրանք չի նախատեսում նույնիսկ որպես գործունեության սկզբունք (Տե՛ս «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը և «Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը): Հարկ ենք համարում նշել նաև, որ քննչական մարմնի անկախության պահանջը բխում է նաև քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրվող՝ մինչդատական քննության օբյեկտիվության, լրիվության և բազմակողմանիության պահանջից (գործի արդարացի քննության սկզբունք): ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1402 հանձնարարականով մտահոգություն է հայտնել անդամ երկրների անվտանգության ծառայությունների ՝ նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասության վերաբերյալ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վեհաժողովը մասնավորապես նշել է, որ անվտանգության ծառայությունները հաճախ անձանց իրավունքների նկատմամբ հարգանքից վեր են դասում այն շահերը, որոնք ընկալում են որպես ազգային անվտանգության և իրենց երկրի շահեր և, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը հաճախ անբավարար է, բարձր է իշխանության չարաշահման և մարդու իրավունքների ոտնահարման վտանգը: Վեհաժողովն առաջարկում է, որ անվտանգության ծառայություններին չտրվի քրեական գործերով քննություն անցկացնելու, այդ թվում՝ անձանց ձերբակալելու կամ կալանավորելու իրավասություն, ավելին, նրանք չպետք է ներգրավվեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարում՝ բացառությամբ շատ կոնկրետ դեպքերի, երբ կազմակերպված հանցագործությունը ակնհայտ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական պետության ազատ կարգի համար (http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=16689&lang=en։ )։ Վերը նշվածի լույսի ներքո խնդրահարույց ենք համարում ազգային անվտանգության մարմինների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասության առկայությունն առհասարակ և գտնում ենք, որ խնդիրն առավել արդիական է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական ծառայություն իրականացնող անձանց հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասության առումով: Վերջին խումբ գործերով a priori ողջամիտ կասկածի տակ է գործադիր մարմնի ենթակայության տակ գտնվող քննչական մարմնի՝ մինչդատական քննության օբյեկտիվության պահանջները պահպանելու կարողությունը: 2. Գործունեության տարբերվող նպատակ Նշվածից բացի պետք է արձանագրել նաև, որ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը որպես նշված մարմինների գործունեության նպատակ սահմանում է անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումը («Ազգային անվատնգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված), ինչի շրջանակում ակնհայտորեն տեղավորվում է նույն օրենսդրությամբ սահմանված հանցավորության դեմ պայքարը՝ որպես գործունեության ուղղություն, սակայն նախաքննական գործառույթը ինքնին չի նույնանում հանցավորության դեմ պայքարի հետ (տե՛ս առաջին կետի հիմնավորումները): Արձանագրենք, որ այս խնդիրները քննարկվել են նաև իրավասու պետական մարմինների հետ, սակայն բարձրացված հարցերով արդյունք չի արձանագրվել: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք. 1. Նախագիծը լրամշակել՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու իրավասությունը գործող Քրեական դատավարության օրենսգրքով վերապահելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին: Միաժամանակ, առաջարկում ենք Քննչական կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությունը վերապահել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին (1-ին առաջարկը ներկայացվում է որպես խնդրի ժամանակավոր լուծում մինչև 2-րդ մասով առաջարկվող բարեփոխումները): 2. Ձեռնամուխ լինել գործող քննչական մարմինների համակարգի բարեփոխմանը՝ բացառելով գործադիր իշխանության ենթակայության ներքո գտնվող մարմինների, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի ստորաբաժանումների՝ մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությունը և 2022 թ.-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության օրենսգրքով դրանց ենթակայությանը հանձնված գործերով մինչդատական քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմինների: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Տեսնել ավելին