«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
1978 թվականի ՀԽՍՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` պատգամավորների խորհուրդները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդները կազմել են պետական իշխանության ներկայացուցչական մարմինների միասնական սիստեմ:
05.07.1995թ. ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները մինչև Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակել են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:
Վերոգրյալից հետևում է, որ գործադիր կոմիտեները հանդիսացել են պետական իշխանության գործադիր մարմիններ:
15.12.1995թ. «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից լուծարվում են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային, Երևան և Գյումրի քաղաքների շրջանային խորհուրդները, իսկ նրանց գործադիր մարմինները (բացառությամբ Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինների) շարունակում են գործել մինչև համապատասխան մարզպետների նշանակումը և մարզպետարանների կազմավորումը, որից հետո այդ մարմինները կառավարության կողմից սահմանված կարգով լուծարվում են:
ՀՀ վարչապետի 23.02.1996թ. թիվ 78 որոշմամբ նախատեսվել են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումները:
Ո՛չ վերը նշված օրենքով, ո՛չ վարչապետի նշված որոշմամբ կամ այլ ակտով պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների իրավահաջորդ չի ճանաչվել:
Փաստորեն, ժողովրդական պատգամավորների խորհուրդների լուծարումից հետո վերջիններիս կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերից բխող իրավունքների և պարտավորությունների կրողը պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ կառավարության 27.05.2021թ. թիվ 853-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բարձրացված խնդիրը համայնքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների իրավահաջորդության հարցի կարգավորման մասին, ինչպես նաև առաջնորդվելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 25.05.2021թ. թիվ ԿԱ/91-2021 արձանագրության 1.2-րդ կետի պահանջով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.2-րդ բաժնում նշված է, որ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների դիտարկումը, մարդու իրավունքների երաշխավորման ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը: Նախագծի կապը ծրագրի հետ կայանում է նրանում, որ Նախագծի ընդունումը առնչվում է քաղաքացիների իրավունքների իրականացմանը, մասնավորապես, նման կարգավորման բացակայության պայմաններում տարիներ շարունակ ստեղծվել են խոչընդոտներ համապատասխան որոշումներով քաղաքացիներին տրամադրված իրավունքների իրացման համար, քանի որ նշված ակտերը վերաբերում են քաղաքացիների գույքային իրավունքներին և դրանցով սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգություն ընդունելու, գույքը օտարելու և գույքը օգտագործելու, տիրապետելու կամ տնօրինելու հետ առնչվող այլ հարաբերություններ առաջանալիս ի հայտ են եկել խոչընդոտներ՝ Նախագծով նշված մարմինների իրավահաջորդության հարցի կարգավորված չլինելու պատճառով:
-
Քննարկվել է
18.11.2021 - 03.12.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4267
Տպել