Գտնվում է ՀՀ կառավարությունում
««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված է, որ «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը)»: Սակայն գլխավոր հատակագիծը դեռևս չի հաստատվել, հիմնականում՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը:»: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկինում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման գործընթացը կանգ է առել անորոշ ժամկետով, ինչը բարդություններ է առաջացնում թե՛ բնակիչների գույքի օրինականացման, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի տարածքում գտնվող գույքի կառավարման արդյունավետության և բյուջեի համալրման տեսանկյունից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին:
Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում կհստակեցվի Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման ընթացակարգը, ինչպես նաև գլխավոր հատակագծի հաստատման ժամկետը կերկարաձգվի 2 տարով:
-
Քննարկվել է
17.08.2017 - 01.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 8851
Տպել