Հիշել նախագիծը

«ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը:

Իսկ N 2 հավելվածի N 12՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխում» միջոցառմամբ 2021 թվականի համար նախատեսվել է, որ իրականացվելու են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումներին ուղղված միջոցառումներ:

Ուստի սույն Նախագծով առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումներից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-152-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, համաձայն որի՝ «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ և 14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։»:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 13-րդ հոդվածը վերաբերում է դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին, իսկ 14.4-րդ հոդվածը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությանը:

Վերոգրյալ իրավական կարգավորումներից պարզ է դառնում, որ անհրաժեշտ է մշակել Կառավարության որոշման նախագիծ, որ կպարունակի կարգավորումներ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերի, կարգի, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակի վերաբերյալ՝ բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների և դատավորների համար վճարվող հավելումների:

Միաժամանակ, Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 661-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի շրջանակը, որոնց ընդունումը բխում է Օրենքի կարգավորումներից: Որոշմամբ նախատեսվել է նաև ընդունելու «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանող իրավական կարգավորում։

Այսպիսով, հիշյալ իրավական կարգավորման սահմանումը պետք է ապահովի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումը և ապահովի առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների ցանկի, այդ պաշտոնների համար հավելումների տրամադրման կարգի և հավելումների չափի սահմանումը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Առաջարկվող կարգավորման համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Սույն իրավիճակում առավել նպատակահարմար է սահմանել հավելումներ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: Աշխատանքային քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախնական ծրագրվում է ստեղծվելիք վարչությունում նախատեսել 1 վարչության պետի, 3 վարչության պետի տեղակալի, 6 ավագ դատախազի և 5 դատախազի պաշտոնների հաստիքներ:

Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ:

Մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 12 որոշման և Եվրոպական դատախազների խորհրդակցական խորհրդի 2009 թվականի թիվ 4 որոշման (Ժողովրդավարական հասարակությունում դատավորների և դատախազների միջև հարաբերությունների վերաբերյալ) համաձայն «... դատախազների կարգավիճակը պետք է ամրագրված լինի օրենքով՝ հնարավորինս բարձր մակարդակով՝ դատավորների կարգավիճակին նմանաբնույթ ձևով: Դատավորների և դատախազների առաքելությունների նմանությունը և փոխկապակցված բնույթը հիմք են դառնում նույնաբնույթ պահանջներ և երաշխիքներ սահմանելու նրանց կարգավիճակի և ծառայության պայմանների առումով, մասնավորապես՝ աշխատանքի ընդունման, վերապատրաստման, աշխատանքային առաջխաղացման, կարգապահության, տեղափոխման (որ կիրականացվեն միայն օրենքով սահմանված կարգով կամ նրանց համաձայնությամբ), վարձատրության, գործառույթների դադարեցման և մասնագիտական միավորումներ ստեղծելու ազատության հետ կապված»:[1]

Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանների օրենքի նախագծի վերաբերյալ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին տրված թիվ 896/2017 կարծիքի շրջանակներում, նշվել է.

«(...)Մի կողմից պարզ է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորները պետք է ունենան իրավունք ավելի բարձր աշխատավարձի, քան առաջին ատյանի դատարանների ընդհանուր մասնագիտացման դատավորները, և պետք է նաև հաշվի առնել, որ նրանք աշխատում են կարևոր կոռուպցիոն դեպքերի վրա և կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդն ընդունում է հատուկ վարձատրության հնարավորությունը, եթե հատուկ հիմքեր կարելի է առանձնացնել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ կա՛մ մասնագիտության առանձնահատկությունները, կա՛մ նրա պարտականությունների բեռը (ներառյալ անձնական բեռը, որը կարող է լինել՝ ծագած մասնագետի գործառույթի յուրահատկությամբ) պահանջում են այդպիսի վարձատրություն։ Մյուս կողմից, պետք է հարցին խնամքով մոտենալ, որպեսզի ընդհանուր կանոններից մեծ շեղում չարձանագրվի (...)»:[2]

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ ողջամտության սահմաններում ու հիշատակված հիմքերի առկայության դեպքում մասնագիտացված դատախազների համար կարող է սահմանվել առավել բարձր աշխատավարձ: Մասնավորապես, կոռուպցիոն գործերի հետ առնչվող դատախազները, բացի ընդհանուր մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, աշխատում են կոռուպցիոն դեպքերի հետ և կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ: Ընդ որում, արտաքին զգալի ճնշումը պայմանավորված է ոչ միայն գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով, դրանցից բխող ազդեցությամբ և իշխանական լիազորություններով, այլև կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ և համապատասխանաբար դատախազի դիրքորոշման վրա՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությամբ, որը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:

Միաժամանակ, հարկ է նշել, որ պաշտոնատար անձանց տարբերակված վարձատրության հետ կապված իր դիրքորոշումն է հայտնել Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանը հստակորեն տարանջատել է այն չափանիշները, որոնց շրջանակում թույլատրելի է համարում տարբերակված մոտեցումը: Այսպես, 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական մարմինների քննիչների կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (քրեական գործով նախաքննության) իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն: (...) Վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանը հանգում է այն հետևությանը, որ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց առնչությամբ իրականացվող պետության սոցիալական քաղաքականությունը, մասնավորապես, վեճի առարկային առնչվող կենսաթոշակի իրավունքի իրացման ոլորտում, ի թիվս այլնի, ունի այն առանձնահատկությունը, որ առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց համար, ելնելով նրանց կարգավիճակի կամ գործառույթների առանձնահատկություններից, օրենսդիրը սահմանել է ավելի բարձր սոցիալական երաշխիքներ և առավել բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

(...)

Սահմանադրության՝ «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածով սահմանվում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Անձի նկատմամբ տարբերակված, խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731),

- Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881),

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224)»:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ նույնիսկ նույն կատեգորիայի անձանց շրջանում թույլատրելի է համարվում տարբերակված մոտեցում ցուցաբերելը, սակայն տարբերակված մոտեցման հիմքում պետք է ընկած լինեն օբյեկտիվ չափանիշներ և ողջամիտ անհրաժեշտություն:

Նշված չափանիշները բազմիցս վկայակոչել է Սահմանադրական դատարանը․ այդպես, գործերից մեկով, անդրադառնալով նման տարբերակումների հիմնախնդրին, նշել է, որ դատավորների միջև վարձատրության, այդ թվում` կենսաթոշակի չափի տարբերակումը պետք է պայմանավորված լինի միայն օբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես` պաշտոնավարման տևողությամբ, դատավորների կողմից իրականացվող լիազորությունների բնույթով, ծավալով, նրանց պատասխանատվության աստիճանով, այլ ոչ թե առանձին դատավորների պաշտոնավարման առանձին ժամանակաշրջանով, այդ ժամանակաշրջանում ընթացիկ քաղաքականությամբ պայմանավորված լուծումներով, որևէ օրենքի ընդունման կամ ուժի մեջ մտնելու ամսաթվով, կամ դատավորի` կենսաթոշակի անցնելու որևէ ժամանակահատվածով (ՍԴՈ-1463, կետ 4.3):

Քննարկվող դեպքում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնների համար հավելումներ սահմանելը իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշներ և բխում է ողջամիտ անհրաժեշտությունից, քանի որ վերաբերում է ՀՀ դատախազության համակարգում գործող այն ստորաբաժանման դատախազներին, որոնք ի լրումն դատախազի պաշտոնից բխող ռիսկերին, բարձր պատասխանատվությանը և լարվածությանը, կատարելու են խիստ յուրահատուկ մասնագիտական պարտականություններ: Մասնավորապես, կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննության նկատմամբ հանրային հետաքրքրվածության մակարդակը շատ ավելի բարձր է: Դեռ ավելին, ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների կողմից մշտական ուշադրության կենտրոնում են կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, առավելապես, երբ դրանք կապված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և հիշյալ գործերով արդյունավետ և օրինական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը բխում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների առաջ պետության ստանձնած պարտավորություններից, այլև՝ միջազգային կառույցներին անդամակցությունից և ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերից:

Բացի այդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես կանոն կոռուպցիոն հանցագործություններով հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձինք ունեն լծակների հարուստ զինանոց, առավել ևս, եթե զբաղեցնում են կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում կամ որևէ այլ կերպ առնչություն ունեն կամ ունեցել են իրավապահ կամ արդարադատության մարմինների հետ: Նման պայմաններում առավել մեծ են ռիսկերը, որ կոռուպցիոն գործերով հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող և դատական քննության ընթացքում որպես մեղադրող հանդես եկող պաշտոնատար անձի՝ դատախազի նկատմամբ ճնշումների փորձեր կնախաձեռնվեն: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի և հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու, պետության և հանրության շահերը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքում լավագույնս ներկայացնելու ունակություն:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալների մասով հավելման նախատեսմանը, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, ապա հարկ է նշել, որ հավելման սահմանումը տվյալ դեպքում նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներիի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնների համար առաջարկվում է նախատեսել հավելումներ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ակնկալվում է հետևյալ փոփոխությունը.

Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։

 

[1] Տե՛ս https://rm.coe.int/1680747391

[2] Տե՛ս https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2017)020-e

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6287

Տպել