ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-13-րդ մասերով.
«9. Քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), արգելվում է ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝
- սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի),
- հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու,
- կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու,
- ծառապատում իրականացնելու։
- Սույն հոդվածի 9-րդ մասում նշված թույլտվությունը չի պահանջվում հետևյալ դեպքերում՝
- վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու,
- օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու:
- Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։
- Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջը, սեփականատիրոջ կողմից, չիրականացնելու դեպքում՝ Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու նպատակով։
- Քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում ծառերի հատման և ծառապատման թույլտվության տրամադրման կարգը հաստատում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը։»։
Հոդված 2․ Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Կառավարությունն սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 10-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված համայնքի բյուջե մուտաքագրվող գումարի չափը և կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում։