«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«աղբավայրի հսկողություն՝ արտոնագրված աղբավայրի շահագործման արդյունքում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելուն և հետևանքները վերացնելուն ուղղված գործողություններ, որոնք իրականացվում են ուսումնասիրությունների, ակնադիտարկումների, զննումների միջոցով.
թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման (այդ թվում՝ ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերում և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի տարրերի (հող, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, կենդանական և բուսական աշխարհ) որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրում և մշակում՝ գործիքային չափումների, նմուշառումների և լաբորատոր փորձարկումների միջոցով.»։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել «ը.1» մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ը.1) աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.»։
Հոդված 3. Օրենքը լրացնել «17.1» հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 17.1 Աղբավայրերի հսկողությունը և մոնիթորինգը
- Աղբավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված աղբահանություն (աղբի հավաքում, փոխադրում և աղբավայրում տեղադրում) իրականացնող օպերատորի, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբավայրի և դրա հարակից տարածքներում Կառավարության սահմանած կարգով իրականացվում է հսկողություն։
- Աղբավայրը շահագործող օպերատորը Կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում կազմակերպում և իրականացնում է մոնիթորինգ և Կառավարության սահմանած կարգին համապատասխան շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
- Աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը։»:
Հոդված 4. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
-
Քննարկվել է
22.09.2021 - 11.10.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5157
Տպել