Հանրային քննարկմանը ներկայացված նախագծի հիմնավորմամբ թեև կարևորվում է կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման գործընթացում հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, սակայն դրանով անտեսվում է մարդու իրավունքների սահմանադրական նորմերի պահանջների կատարումը, տարբերակում է մտցնում հանրային պաշտոն զբաղեցնողների, հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջև, ինչն անտրամաբանական է դարձնում նախագծի հիմնավորումը։
Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նախատեսվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից սանիտարահամաճարակային անվտանգության սահմանված կանոնների պահպանման պահանջը չի տարածվում հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ դրանով իսկ դրսևորելով խտրական վերաբերմուք։ Այս պարագայում կարելի է ենթադրել, որ նշված անձինք իրենց գործառույթներն իրականացնելիս չեն կարող ապահովել հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից բխող՝ իրենց գործառույթների պատշաճ կատարում, քանի որ նրանց շփումը հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ովքեր պարտավորված են պահպանելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, չի երաշխավորում վարակի տարածման կանխարգելումը: Այսինքն, հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձինք իրենք են դառնալու վտանգի աղբյուր այլոց համար:
Հետևապես, նախագծի այդ լրացումն անընդունելի է։
Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված է համաչափության սկզբունքը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ Հետևապես, վճարովի թեստ հանձնելու կամ անվճար պատվաստվելու իրավաչափության և համաչափության խնդիր է առաջանում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Պատվաստանյութ ստացած մարդիկ կարող են կրկին վարակվել և տարածել հիվանդությունը, իսկ դա նշանակում է, որ դրանով չի լուծվում առողջության պահպանման խնդիրը։
Մինչդեռ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով սահմանված է, որ պետության քաղաքականության հիմնական նպատակներից են՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը։
Նախագծով հանրային ծառայողի առջև դրված է երկընտրանք. կամ պետք է պատվաստվի, կամ էլ 14 օրը մեկ գործատուին ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության, որն իրականացվում է աշխատողի հաշվին։ Նախագծով այս պահանջի չկատարումը հիմք է հանդիսանում հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ պաշտոնից ազատման։ Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նման սահմանափակումը հանգեցնելու է բազմաթիվ խնդիրների առաջացմանը, դատաիրավական գործընթացների, ընդհուպ գործազրկության աճի, հանրապետությունից արտագաղթի։
Լավ կլիներ, որ թեսթավորումը նույնպես լիներ անվճար, կամ վճարի չափը քառապատիկի չափով նվազեցվեր, որպեսզի պատվաստվելու ցանկություն չունեցող անձինք հնարավորինս կարողանային իրենց ֆինանսական միջոցների հաշվին ամսական երկու անգամ թեսթավորվել:
Հետևելով ԶԼՄ- ներում և սոցիալական հարթակներում նախագծի վերաբերյալ հանրության կողմից արտահայտած կարծիքներին՝ ակնհայտ է դառնում, որ հանրության ճնշող մասը մեծամասամբ դեմ է նման օրենսդրական կարգավորումներին, քանի որ լիովին փորձարկում չստացած պատվաստանյութերով քաղաքացիների պատվաստումը անվտանգ չէ, ուստի նման կարգավորումներով նախագծի ընդունումը տեղին չէ և անտրամաբանական է: