«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:
-
28 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Նրա հարավ-արևմտյան հիմքից հոսում է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որը այլ հոսքերի հետ միասին, առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։
2.Կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել վերոնշյալ հրաբխի անխաթար վիճակի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համատեղ:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովել տարածքի, որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցում։
5․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և սպասվելիք փոփոխություններ չի առաջանում:
-
Քննարկվել է
25.08.2021 - 10.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7107
Տպել