«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սույն թվականի մայիսի 16-ին ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ, Օրենք) մի շարք հոդվածների համապատասխան դրույթներ խնդրահարույց են բժշկական կազմակերպություններում վերջինիս գործնական կիրառելիության, մեռելածնությանը վերաբերող և այլ եզրույթների հստակեցման, մեռելածնության և նորածնային մահացության դեպքերի թերգրանցման տեսանկյունից:
Մասնավորապես,
- Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերում «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» տերմինը ուժը կորցրած է ճանաչվել 04.03.2020 թ. ՀՕ-97-Ն օրենքով և ներկայումս այդ տարածքային մարմինները անվանվել են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, ուստի վերջինս անհրաժեշտ է համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դրույթներին:
- Գործող օրենքում մեռելածինը ներկայացված է «մահացած ծնված երեխա» եզրույթով, մինչդեռ, համաձայն ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 16-ի N949-Ն որոշմամբ սահմանված` առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան` մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկադեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումների, մեռելածնություն (մահացած պտղի ծնունդ) է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները:
Հետևաբար, եզրույթում մեռելածնին «երեխա» որակելը չի բխում վերը նշված սահմանումից և կարող է սխալ մեկնաբանությունների առիթ տալ, առավել ևս որ համաձայն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի, երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, ինչը ենթադրում է, որ խոսքը գնում է շնչավոր էակի մասին, որը առնվազն մինչև մահանալը պետք էր շնչած և կենդանի լիներ:
Ավելին, նույն, մեռելածնության ծննդի գրանցմանը նվիրված հոդվածում տարբեր արտահայտություններում օգտագործվում է նաև «երեխա» եզրույթը (օր., «երեխայի մայր հանդիսացող», «երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձև», «կամ որտեղ երեխան մահացել է» ), ինչը տարընկալման տեղիք է տալիս, արդյոք խոսքը վերաբերում է մեռելածնին թե նորածնին:
3. Նույն հոդվածի 1-ին մասում «մինչև ծնունդը (պերինատալ) մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը» արտահայտությունը նպատակահարմար չէ, քանի որ «մինչև ծնունդը» և «պերինատալ» բառերը համարժեք չեն, հաշվի առնելով, որ պերինատալ շրջանը ներառում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո: Միաժամանակ, մեռելածնության և կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածնի մահվան դեպքում բժշկական կազմակերպության կողմից տրվում է Պերինատալ մահվան մասին բժշկական վկայական:
4. Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում առկա է « եթե մահացած ծնված երեխայի ծնողը մահվան պահից 7-օրյա ժամկետում....» արտահայտությունը, որը ևս տարընկալման տեղիք է տալիս, քանի որ հասկանալի չէ «մահվան պահը» նկատի ունեն մոր արգանդում պտղի մահը ախտորոշելու օրը և ժամը, թե մահացած պտղով ծննդալուծման օրը և ժամը, որն էականորեն տարբերվում է:
5. Հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կարգավորմամբ բժիշկը գրանցում է մեռելածնի ծնունդը այն դեպքում, եթե ծննդկանը կամ նրա ամուսինը 7-օրյա ժամկետում չեն դիմել բժշկական կազմակերպություն` պերինատալ մահվան բժշկական վկայականը ստանալու համար: Այստեղ միանգամից առաջ են գալիս մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծնողը կարող է ստանալ բժշկական վկայականը, սակայն հետո չգրանցել մեռելածնի ծնունդը, հաշվի առնելով, որ ներկայիս օրենսդրությամբ ծնողը չի կարող մեռելածնին հուղարկավորել, քանի որ վերջինս չունի մահվան վկայական, իսկ որևէ մեկը չունի լծակ կամ պարտավորություն վերահսկելու, արդյոք մեռելածնի ծնունդը գրանցվել է թե ոչ, ինչի հետևանքով կխեղաթյուրվի մեռելածնության վերաբերյալ ազգային վիճակագրությունը:
6. Համաձայն գործող օրենքի 61-րդ հոդվածի կարգավորումների, ի տարբերություն նախորդ օրենքի, տարանջատված չէ նորածնային մահերի և այլ մահերի գրանցման գործընթացը, մինչդեռ այստեղ ևս առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես, այն դեպքում, եթե նորածնային մահերի գերակշիռ մեծամասնության դեպքում ծնողը չի ստանձնում բժշկական կազմակերպությունում մահացած նորածնի (մինչև 28 օրեկան երեխա), իսկ երբեմն էլ նորածնային հասակից ավելի մեծ երեխայի, հուղարկավորության պարտավորությունը, ապա այն պետք է կազմակերպվի այն համայքի ղեկավարի կողմից, որի տարածքում է գտնվում բժշկական կազմակերպությունը, ուստի հարց է առաջանում, թե ով պետք է դիմի ՔԿԱԳ մարմիններ` մահվան պետական գրանցումը իրականացնելու համար, քանի որ որևէ մեկի վրա այս պարտավորությունը դրված չէ:
Միաժամանակ, այն դեպքում, եթե ծնողը ստանձնում է մահացած նորածնի հուղարկավորության պարտականությունը, որոշակի պայմաններում իր կողմից մահը գրանցելու դիմում կարող է և չներկայացվել, եթե չլինի հուղարկավորության համար հողահատկացման խնդիր կամ նորածինը հուղարկավորվի, օրինակ, գյուղական համայնքի ընտանեկան գերեզմանատանը: Այս դեպքում նույնպես կխեղաթյուրվի մանկական մահացության իրական պատկերը, որը ձևավորվում է ՔԿԱԳ տվյալների հիման վրա:
Իսկ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 30.01.2014թ. N 145-Ն որոշմամբ սահմանված կարգով (հավելված N 7) իրականացվում են տարբեր պետական մարմինների և այլ կազմակերպությունների տեղեկատվական համակարգերի հետ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տվյալների համադրման աշխատանքներ, այդ թվում նաև ՔԿԱԳ տվյալների շտեմարանների հետ, ՔԿԱԳ նոր Օրենքով սահմանված՝ տվյալների ներկայացումը քաղաքացիների կողմից կհանգեցնի արդի տեղեկատվության ստացման ժամկետների ուշացմանը (կամ ընդհանրապես չստանալուն), որը կարող է հանգեցնել նաև, օրինակ՝ ընտանեկան նպաստների ավել վճարումներին և հետագայում նաև դրանց ետ գանձմանը, որը, նման պարագայում, հանգեցնում է քաղաքացիների դժգոհությանը:
7. Ընթացիկ տարվա «Մահվան մասին ակտային գրանցման բովանդակությունում» դեռևս «կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը,» տվյալներն առկա են, մինչդեռ վերջերս ուժի մեջ մտած օրենքում այդ պահանջը հանված է: Օրենքի 61-րդ և 63-րդ հոդվածները՝ «կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը,» արտահայտությամբ համալրելու առաջարկը (ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի ներկայացուցչի կողմից) պայմանավորված է մահացած անձանց կրթության և զբաղմունքի վերաբերյալ ամփոփ վիճակագրական տվյալների ստացման և դրանց ժամանակագրական շարքերը համալրելու անհրաժեշտությամբ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ուժը կորցրած ճանաչված օրենքի համապատասխան հոդվածներում սույն տեղեկատվությունը ներառված է եղել:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
1.Նախագծով առաջարկվում է «մահացած ծնված երեխա» եզրույթը փոխարինել «մեռելածին» եզրույթով, ինչը առավել ճիշտ է արտահայտում երևույթի իմաստը, համապատասխանեցնել եզրույթները «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դրույթներին, ինչպես նաև «Պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը» արտահայտությունը օգտագործել առանց վերջինիս ոչ համարժեք արտահայտությունների:
- Նախագծով առաջարկվում է սահմանել գործընթաց, որի արդյունքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վրա դրվում է պարտավորություն` այն դեպքերում, երբ ՔԿԱԳ մարմիններ դիմումը պետք է ներկայացվի ծնողի կողմից, սահմանված ժամկետում ճշտել մեռելածնի ծննդի կամ նորածնի մահվան պետական գրանցման առկայությունը, իսկ վերջինիս բացակայության դեպքում ստանձնելու մեռելածնի ծննդի կամ նորածնի մահվան մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը:
Միաժամանակ, այն դեպքերում, երբ նորածնի մահը պետք է գրանցվի բուժհաստատության կողմից, սակայն ծննդի գրանցումը ևս բացակայում է, հնարավորություն տալ բժշկական կազմակերպության ներկայացուցչին միաժամանակ գրանցել նաև ծնունդը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների հետ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն մեռելածնությունը բնորոշող և այլ եզրույթները, որի միջոցով կբացառվեն տարընթերցումները և տարբեր, այդ թվում զգայական մակարդակում ներկայացվող մեկնաբանությունները, ինչպես նաև կմիօրինականացվեն տարբեր իրավական ակտերում «մեռելածնությանը» կամ «մեռելածնին» վերաբերող եզրույթները, կբացառվեն մեռելածնության և նորածնային մահացության թերգրանցումները այն դեպքերում, երբ ծնողը չի կատարում մեռելածնի ծննդի կամ նորածնի մահվան գրանցման իր պարտականությունը, վիճակագրական վերլուժություն կատարելու նպատակով «Մահվան պետական գրանցման համար դիմումում» և «Մահվան մասին ակտային գրանցման բովանդակությունում» կավելացվեն կրթության, աշխատանքի վայրի, զբաղմունքի վերաբերյալ տվյալները:
-
Քննարկվել է
25.08.2021 - 10.09.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7382
Տպել