ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը: Այստեղից հետևում է, որ համաներումը՝

1) մարդասիրական ակտ է և հետապնդում է նույնպիսի նպատակներ.

2) տարածվում է անհատապես չորոշված անձանց շրջանակի նկատմամբ.

3) բովանդակային առումով դրսևորվում է հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ դատվածությունը վերացնելու ձևով, այլ խոսքով՝ իր գործողությամբ ընդգրկում է ինչպես քրեական դատավարության մինչդատական փուլը, այնպես էլ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռին հաջորդող ժամանակահատվածը:

Համաներում հայտարարելը մի կողմից պետության (որին վերապահված է քրեական հետապնդման իրականացումը), մյուս կողմից՝ քաղաքացիների (որոնք հանցավոր արարքներ կատարելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության քրեական օրենքով նախատեսված ձևերով և սահմաններում) միջև հարաբերությունների կարգավորման տեսակ է[1] ։

Պետությունն համաներում հայտարարում է՝ ելնելով ոչ միայն քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից, այլև ժողովրդավարական իրավական պետությունում նման մարդասիրական քայլի սոցիալական պայմանավորվածությունից: Այս համատեքստում հարկ է նկատել, որ համաներման ինստիտուտի դերին և նշանակությանն անդրադարձել է նաև «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի Հանձնաժողով)` նշելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, ի թիվս ներման, առկա է գթասրտության ևս մեկ դրսևորում, այն է՝ համաներումը:

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով համաներման ինստիտուտի նշանակությունը, պարբերաբար միջոցներ է ձեռնարկում մարդասիրական այդ ակտի ընդունման ուղղությամբ:

 Մասնավորապես՝ նպատակ ունենալով գնահատելով ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողքին կանգնելով՝ քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին նվիրումը,

ցուցաբերելով մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ,

առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է սույն Նախագծը, որով կկարգավորվի

  • մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում  հայտարարելու հետ կապված հարաբերությունները, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, ինչպես նաև

2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ:

Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:

Հատկանշական է, որ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որի համաձայն մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց (այսուհետ՝ անձանց) նկատմամբ  կկիրառվեն համաներում  հայտարարելու հետ կապված հարաբերությունները, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, ինչպես նաև

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ՝ ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք:

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Համաներում հայտարարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

                      

 

ՀՀ քննչական կոմիտե

 

 

[1] Տե՛ս ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, Գ.Հարությունյանի, Ա. Վաղարշյանի խմբագրությամբ, Եր.: Իրավունք, 2010, էջ 771:

  • Քննարկվել է

    23.08.2021 - 07.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20968

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Սարգսյան

06.09.2021

Կարծում եմ չպետք է առանձնացվի զին ծառայության դեմ հանցանք գործած մարդկանց ներում տալը և մնացածին անտեսել։ Չհաշված մի քանի հանցանքներ, բոլոր առաջին անգամ հանցանք գործած մարդիկ էլ պետք է ներման հնարավորություն ստանան, այն էլ այս դատական համակարգի ձեռքով դատվածները, որ մարդու անհատականությունը ընդհանրապես դեր չի խաղում։ Միանում եմ մեծամասնության առաջարկներին, որ հարկավոր է լայնամասշտաբ համաներում արվի բոլոր կալանավորված և քրեական գործերով հետապնդվողների նկատմամբ։

Ani Hovsepyan

06.09.2021

Միանշանակ լայնածավալ համաներում: Համաճարակից, պատերազմից հետո համաներում պետք է հայտարարել այն էլ այն դեպքում երբ անկախության 30ամյակն է: Հումանիզմը ներկայումս, կարծում եմ , կարևոր կոմպոնենտ է` մանավանդ ժողովրդավար ՀՀ ում:

Zinaida Martirosyan

05.09.2021

LAYNAMASHTAB ENK PAHANJUM HAMANERUM HAYATARAREL

Տեսնել ավելին