ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
4 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև հոդվածում առկա տարընթերցվող ձևակերպումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը գնահատելու և արդյունքում երկրին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որը նախապայման է հանդիսանում երկրի կողմից հավաստագրի պահպանման համար: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի ներկայումս գործող համապատասխան դրույթը անորոշ է սահմանում կանխատեսելիությունը և կանխամտածվածությունը` մեղադրական դատավճռի հիմնավորման համար:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՄԻԱՎ վարակի փոխանցման կամ վարակման վտանգի ենթարկելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքների առկայությունը և դրանց կիրարկումը շեղում են անհրաժեշտ ուշադրությունը ձեռնարկվելիք միջոցառումներից, ազդում են համաճարակի դեմ պայքարի արդյունքների վրա, և կարող են հակառակ ազդեցություն թողնել խոցելի խմբերի վրա, որոնց նկատմամբ հասարակությունը խտրական վերաբերմունք է դրսևորում: Միաժամանակ ապացուցված չէ քրեական պատասխանատվության դերը ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման կամ հանցագործության տարածման կրճատման մեջ:
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը առաջարկում է երկրներին վերանայել իրենց քրեական օրենսդրությունը` սահմանափակելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, ու փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը կոչ է անում չկիրառել քրեական պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար .
- երբ անձը տեղեկացված չէ իր հիվանդության մասին,
- երբ անձը չի հասկանում, թե ինչ ուղիներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը,
- բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին,
- չի բացահայտել իր կարգավիճակը, քանի որ վախեցել է բռնությունից կամ այլ ծանր բացասական հետևանքներից,
- ձեռնարկել է որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնի վարակի փոխանցման վտանգը (օրինակ՝ սեռական հարաբերություններ պահպանակի օգտագործումով),
- երբ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն` ընդունելով հնարավոր վտանգը:
ՄԻԱՎ-ի փոխանցման քրեականացման նպատակը կայանում է նրանում, որ կիրառվի պատիժ վտանգավոր արարքի համար և կանխարգելվի ՄԻԱՎ-ի փոխանցումը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դիտավորությամբ ՄԻԱՎ-ի փոխանցումը հազվադեպ երևույթ է, քանի որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր գիտեն իրենց կարգավիճակի մասին, ձեռնարկում են որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնեն վարակի փոխանցման վտանգը: Մնացած դեպքերում քրեականացումն անհիմն է, օրինակ եթե անձը բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին կամ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառոււմներ վտանգի նվազեցման նպատակով, դա վկայում է անձի ոչ դիտավորյալ գործունեության մասին: Շատ դեպքերում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է վարակումից անմիջապես հետո, երբ անձը դեռ տեղեկացված չէ իր կարգավիճակի մասին: Երբեմն նույնիսկ սույն անձինք չեն տեղեկանում վարակի առկայության մասին դեռ երկար ժամանակ` խորհրդատվության և թեստավորման բացակայության կամ խտրականության նկատմամբ վախի պատճառով: Այս դեպքերում նույնպես քրեական պատասխանատվությունը հիմնավորված չէ և չի ծառայում իր նպատակին:
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը չի ողջունում այն մոտեցումը, երբ երկրի օրենսդրությունը պարտավորեցնում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց բացահայտել ՄԻԱՎ վարակի կարգավիճակը իրենց զուգընկերոջը կամ առողջապահական աշխատակիցներին, քանզի յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր առողջության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման և օրենքը չի կարող պահանջել նման տեղեկատվության բացահայտում, հատկապես, եթե այն կարող է հանգեցնել խարանի և խտրականության դրսևորման: Ինչպես նշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջազգային ղեկավարող սկզբունքներում, առողջապահական օրենսդրությունը կարող է թույլ տալ բուժաշխատողին իր պացիենտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկացնելու նրա զուգընկերոջը, եթե.
- ՄԻԱՎ դրական անձի վարքագիծը չի փոխվել խորհրդատվությունից հետո,
- ՄԻԱՎ դրական անձը հրաժարվել է տեղեկացնել իր զուգընկերոջը,
- Առկա է փոխանցման իրական վտանգ,
- ՄԻԱՎ դրական անձի ինքնությունը չի բացահայտվում իր զուգընկերոջը:
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը առաջարկում է պետություններին խուսափել ՄԻԱՎ վարակի հետ կապված հատուկ հոդվածներ սահմանելուց, իսկ կանխամտածված վարակման դեպքում կիրառել ընդհանուր քրեական հոդվածները:
Այն դեպքում, երբ բռնությամբ ուղեկցված իրավախախտումը հանգեցնում է ՄԻԱՎ վարակի փոխանցման կամ ստեղծում է փոխանցման մեծ վտանգ, ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը կարող է համարվել ծանրացուցիչ հանգամանք, եթե տվյալ անձնավորությունն իրավախախտում կատարելիս իմացել է իր կարգավիճակի մասին:
2011թ-ի փետրվարի 17-ին Դանիայում կասեցվեց քրեական օրենսգրքի 252 հոդվածը: Այս հոդվածի հիման վրա պատասխանատվության էին ենթարկվել ընդամենը 18 անձ: Դանիական կառավարությունը հիմնել էր աշխատանքային խումբ, որը ՄԻԱՎ-ի և դրա փոխանցման գիտականորեն հիմնավորված փաստարկների հիման վրա կորոշեր հոդվածի վերանայման նպատակահարմարությունը: Դանիայի փորձը միակը չէ, 2010 թ-ին Նորվեգիայում նման պաշտոնական խումբ էր ստեղծվել վերանայելու Տույժերի օրենսգրքի այն բաժինը, որը պատասխանատվություն էր սահմանում հանրային առողջության համար վտանգավոր վարակների փոխանցման համար, սույն հոդվածը մինչ այժմ կիրառվել էր ՄԻԱՎ-ի փոխանցման պատասխանատվության համար:
Մի շարք երկրներում (օր.՝ Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Խորվաթիա, Մալթա, Շվեյցարիա և այլն) քրեական պատասխանատվություն է սահմանված միայն այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ վարակելու համար:
Այս զարգացումները մատնանշում են, որ կառավարությունները ընդունում են, որ ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը և հետևանքները կարող են նվազեցվել ապաքրեականացման և հակառետրովիրուսային բուժման հասանելիության բարձրացման դեպքում:
ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքում: Սույն հոդվածի համաձայն` այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ եթե վերջինս կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի նկատմամբ կամ հղի կնոջ նկատմամբ, ապա պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
Այս առումով ՀՀ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասի հիմավորվածությունը վիճելի է, քանի որ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը հստակ չի մեկնաբանում պատասխանատվության ենթակա դեպքերը և երկակի մեկնաբանման հնարավորություն է տալիս: «Ակնհայտ վտանգի ենթարկել» կարող է դիտվել ցանկացած գործողություն, որի հետևանքով տեսականորեն մարդը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Բացի դրանից, ՀՀ Քրեական օրենսգրքի 123 հոդվածի 1-ին մասը չի նախատեսում այն մեղքի ձևը, որի դեպքում անձը ենթակա է պատասխանատվության: Այս ձևակերպման ներքո, անկախ այն բանից, թե անձը այլ անձի վարակվելու ակնհայտ վտանգի է ենթակրել դիտավորությամբ թե անզգուշությամբ, ենթակա է քրեական պատասխանատվության: Հոդվածի գործող ձևակերպման ներքո «այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը» առաջացնում է քրեական պատասխանատվություն` անկախ այդ արարքի արդյունքում առաջացող հետևանքներից: Այսինքն, եթե նույնիսկ «այլ անձը» արդյունքում չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
- Կարգավորման նպատակը և բնույթը
1) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից` ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ համատեղ:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է օրենսգիրքը համապատասխանեցնել ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի պահանջներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽUԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱUԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում վերջինիս ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի, համայնքային բյուջեների եկամուտների և ծախuերի վրա այն կունենա չեզոք ազդեցություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
-
Քննարկվել է
02.08.2017 - 22.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 10007
Տպել