Հիշել նախագիծը

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  

  

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման      անհրաժեշտությունը

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ:  

Օրենքի 7-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները:

Օրենքի 12-րդ հոդվածի փոփոխությունները պայմանավորված են հետևյալով.

Օրենքը սահմանում է միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգատագործվող հարթակների վրա: Ներկայիս դրությամբ ՀՀ-ում գրանցված ցածր դասի օդանավ շահագործողների կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված թռիչքային հարթակների կառուցմանը, որոնց հետագա շահագործման հարցը գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ, իսկ Նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանվել ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները և դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը, ինչև թույլ կտա կանոնակարգել դրանց օգտագործումը:

      Օրենքի 35-րդ հոդվածի փոփոխությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 2.1.10 կետի պահանջներից:

      Օրենքի 52-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքում վերջին փոփոխությունը կատարվել է 2018 թվականի մարտի 14-ի ՀՕ-294-Ն օրենքով, որի ընդունումից հետո ԻԿԱՕ-ի հրապարակած փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ, որոնք ենթակա են պարտադիր կիրառման անդամ պետությունների կողմից: Մասնավորապես՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» հավելվածի նոր՝ 17-րդ խմբագրությամբ ավիացիոն անվտանգության բնագավառում, սահմանվել են նոր չափորոշիչներ, որոնք նախատեսում են ՀՀ օրենսդրության պարտադիր համապատասխանեցում նշված պահանջներին և չափորոշիչներին: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

 1) Նախագծով Օրենքի 12-րդ՝ օդանավակայանները և աերոդրոմները հոդվածում փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման շրջանակներում վերջին ժամանակաշրջանում արձանագրված ցածր դասի օդանավերի (ինքնաթիռներ, ուղղաթիռներ) շահագործման ակտիվության հետ, որոնց կողմից հիմնականում օգտագործվում է «Զվարթնոց» օդանավակայանը, ինչն առաջացնում է շահագործողական որոշակի սահմանափակումներ: Ցածր դասի օդանավերի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս դրանց թռիչք/վայրէջքների համար օգտագործել ոչ միայն աերոդրոմներ, այլ նաև հողային ծածկույթով համապատասխան հարթակներ, որոնց շահագործման պայմանները ներկայիս դրությամբ սահմանված չեն: Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա կանոնակարգել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգատագործվող հարթակներին շահագործման թույլտվության տրման գործընթացը և շահագործման պայմանները:

2) Նախագծով Օրենքի 52-րդ՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը հոդվածն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածի և ԻԿԱՕ «Ավիացիոն անվտանգության ձեռնարկ» Դոկ. 8973/9 փաստաթղթի վերջին փոփոխություններին, ինչպես նաև Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ) միջազգային կազմակերպության Դոկ. 30 փաստաթղթի դրույթներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Փոփոխության արդյունքում հստակեցվել են ավիացիոն անվտանգության գործառույթի ապահովման համար պատասխանատու մարմինների և անձանց (օդանավակայաններ շահագործող կազմակերպություններ, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններ և դրանց անձնակազմի անդամներ, ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներ, ՀՀ տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններ) լիազորությունները:

Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հավելվածին համապատասխան՝ կարգավորվում են նաև չվերթների ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման ապահովման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես լիազորված մարմնին և ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններին՝ վերջիններից պահանջով, այնպես էլ օտարերկրյա լիազորված մարմիններին՝ ՀՀ-ից թռիչքներ իրականացնելու դեպքում՝ ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն:

  3) Նախագծով կատարվել են նաև մի շարք ընթացակարգային և գործառույթային բնույթի փոփոխություններ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: 

  1. Ակնկալվող արդյունքը

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխանեցում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ստանդարտների վերջին փոփոխություններին, ինչպես նաև թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջների և դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգի սահմանում, որը կնպաստի ՀՀ-ում  ընդհանուր նշանակության ավիացիայի (փոքր ավիացիայի) զարգացմանը, թռիչքների և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը: 

  1. Տեղեկատվություն

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ հետևյալ իրավական ակտերում.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշում,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշում,
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշում,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշում,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների/Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի (ARM AIR ՕPS) մասին» N 188-Ն հրաման:
  6. «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    10.08.2021 - 26.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5026

Տպել