Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N327-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մսային տավարաբուծության զարգացման, ինչպես նաև նշված ճյուղի առանձնահատկություններով պայմանավորված եկամուտների ստացման ուշ ժամկետների հետևանքով վարկի մարման արտոնյալ ժամկետի երկարացմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2020 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 435.5 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի զգալի մասը ստացվել է տավարաբուծությունից: Ներկայումս մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 320 կգ-ը, այն դեպքում, երբ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ և բարձր կենդանի զանգվածով, ուստի անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել մսային տավարաբուծությունում տոհմային գործը զարգացնելու համար։
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից, որի շրջանակներում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (ըստ ցեղերի սահմանափակումներ չկան) ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։
Ծրագրի մեկնարկից սկսած 21 շահառուի կողմից ձեռք է բերվել 1129 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից 212-ը (շուրջ 19%-ը) մսային ուղղության են՝ 126 գլուխ աբերդին անգուս և 86 գլուխ կալմիկական ցեղերի։
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում շուրջ 15%-ով ավելացել է տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև ցեղային բազմազանությունը՝ հոլշտին, սիմենթալ, աբերդին-անգուս, ուկրաինական տափաստանային, կալմիկական ցեղեր:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։
Մսային տավարաբուծությունում ընդունված է մսացու մատղաշը մինչև 4-6 ամսականը աճեցնել կաթնային-խտացրած կերաբաժնով։ Սպանդի ենթարկվող գլխաքանակի մեծ մասը կազմում է մատղաշը և ինտենսիվ աճեցման դեպքում (առանց արոտի օգտագործման) այն ցանկալի է իրացնել 14-16 ամսականում՝ 400-420 կգ կենդանի զանգվածով, արոտների օգտագործման դեպքում նպատակահարմար է մատղաշը իրացնել 18-20 ամսականում՝ 420-450 կգ կենդանի զանգվածով։
Հաշվի առնելով այն, որ մսային ուղղության տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում ստացված կաթն օգտագործվում է մատղաշի աճեցման համար և չի իրացվում, որի հետևանքով էլ վարկի մարման համար միջոցներ չեն գոյանում, ինչպես նաև կենդանիների հղիության (9 ամիս) և մսացու մատղաշի առաջարկվող իրացման ժամկետները (14-18 ամիս), անհրաժեշտություն է առաջանում մսային ուղղության կենդանիներ ձեռք բերելու դեպքում արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս։
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և մսային տավարաբուծության ճյուղի զարգացում, որի արդյունքում կբարձրանա տավարի մսի ինքնաբավության մակարդակը և Նախարարության կողմից կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ միջոցառման միջնաժամկետ ծածխասային ծրագրերով հաստատված ֆինանսական միջոցներից էականորեն չի տարբերվում (հաշվարկների համաձայն 1 գլուխ մսային ուղղության տոհմային կենդանու ձեռքբերման համար տրամադրվող վարկի սուբսիդավորման գումարը 12 ամիս արտոնյալ ժամկետով 10 տոկոս սուբսիդավորման դեպքում կազմում է շուրջ 304 հազար ՀՀ դրամ, իսկ 24 ամիս արտոնյալ ժամկետում 10 տոկոս սուբսիդավորման դեպքում ՝ շուրջ 354 հազար ՀՀ դրամ, 14 տոկոս սուբսիդավորման դեպքում համապատասխանաբար կազմում է 426 հազար ՀՀ դրամ և 496 հազար դրամ)։
-
Քննարկվել է
04.08.2021 - 19.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5282
Տպել