Լրամշակման փուլում է
« ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------------- 2021 թվականի N -Ն
ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց համար ամենամսյա պատվովճար տալու կարգը՝ համաձայն հավելվածի.
2) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը՝ ընտանիքի համար` 100000 դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց վրա։
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի -------------- -ի N -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար (այսուհետ` պատվովճար) տալու հետ կապված հարաբերությունները:
- Պատվովճարը նշանակվում և վճարվում է Օրենքով սահմանված կարգով Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց այսուհետ՝ Շահառու:
- Պատվովճարը նշանակում, վճարումն ապահովում և պատվովճարի գործը վարում (փաստաթղթերը հաշվառում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն):
- Պատվովճարը նշանակվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն Շահառուին, ով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն, հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում:
- Պատվովճար նշանակելու համար Շահառուի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է Ծառայությունը` ինքնաշխատ եղանակով: Անհրաժեշտության դեպքում՝ Ծառայության կողմից կարող են իրականացվել հարցումներ համապատասխան մարմիններին՝ դիմումի և ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով։
- ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ
- Պատվովճար նշանակելու համար Շահառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ ներկայացնում է Ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
- Շահառուն պատվովճար նշանակելու համար գրավոր դիմումի հետ ներկայացնում է ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և Ծնողական փառքի մեդալ ստանալը հաստատող վկայականը:
- Շահառուն կրում է պարտականություն իր վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու, այդ թվում՝ Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկվելու դեպքում՝ տասնօրյա ժամկետում Ծառայությանը տեղեկացնելու համար։
- Ծառայության տարածքային կենտրոնի աշխատողը`
- դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
- տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները (այդ թվում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված և դիմումատուի կողմից ստորագրված հայտարարությունը) և էլեկտրոնային լուսապատճեները մուտքագրում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում (այսուհետ` շտեմարան).
- հաշվառում է անձի դիմումը և տալիս դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացական, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:
- Ծառայության համապատասխան ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և առկա տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
- նշանակել պատվովճար.
- մերժել պատվովճարի նշանակումը:
- Պատվովճարի նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
- պատվովճարի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
- անձը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի․
- անձը դատական կարգով զրկվել է Ծնողական փառքի մեդալից։
- Պատվովճարը նշանակվում (անձը ձեռք է բերում պատվովճար ստանալու իրավունք) և վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
- Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կցվում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճեները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ: Ընդ որում, պատվովճարի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:
- ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
- Պատվովճարը նշանակվում է ցմահ։
- Յուրաքանչյուր ամսվա պատվովաճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով։
- Պատվովճար վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
- Պատվովաճարի վճարումը շարունակելու համար Շահառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ վճարող կազմակերպությանը ներկայանալու (պատվովճար ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ վճարող կազմակերպությանը և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
- Չվճարված պատվովճարի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա պատվովճարի գումարի հետ` մինչև սահմանված կարգով պատվովճար վճարելը դադարեցնելը:
- Եթե պատվովճար վճարելը դադարեցվել է, ապա չվճարված պատվովճարի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:
- Շահառուի մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով, Շահառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:
- Շահառուի մահվան դեպքում չվճարված պատվովճարի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ Շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Ծառայության տարածքային կենտրոնին է ներկայացվել շահառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում շահառուի մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
- ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
- Պատվովճարի ստանալու իրավունքը դադարեցվում է՝
- Շահառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
- Շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
- Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկվելու դեպքում.
- Շահառուի` իր պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը Ծառայության որևէ տարածքային կենտրոնում ներկայացնելու դեպքում.
- պատվովճար ստանալու իրավունքը կորցնելու կամ պատվովճարի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:
- Սույն կարգի 22-րդ կետով նշված դեպքերում պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
- Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է` շահառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին կամ Ծնողական փառքի մեդալից զրկելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պատվովճարը ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:
- Պատվովճար վճարելը դադարեցվում է`
- պատվովճար ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
- սույն կարգի 17-րդ սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու դեպքում:
- Պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դեպքերում` այդ հանգամանքը առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
- Պատվովճար վճարելը վերսկսվում է` պատվովճար վճարելը սույն կարգի 25-րդ կետի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սահմանված հայտարարությունն ստորագրելու մասին վճարող կազմակերպությունից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է պատվովճարը վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում։
- Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է, և պատվովճար վճարելը վերսկսվում է, եթե Շահառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում։
- Պատվովճարից պահումներ կատարելու, ավել վճարված պատվովճարի գումարը բռնագանձելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։
-
Քննարկվել է
18.05.2021 - 02.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6281
Տպել