Հիշել նախագիծը

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումներով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք):

Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։

Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանող իրավական կարգավորում։

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգն ու այդ գիտելիքների իմացության բավարար մակարդակը։ Բացառություն են կազմում Հակակոռուպցիոն կոմիտեում կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց վերաբերյալ լեզվական գիտելիքների պահանջ օրենքով ներկայացված չէ:

Հարկ է նաև նշել, որ Օրենքի 48-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում պաշտոնի կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք չեն համապատասխանում Օտար լեզուների իմացության վերաբերյալ պահանջին, սակայն նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում, վերջիններս պարտավոր են ներկայացնել պահանջվող Օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ: Նշված ժամկետում օտար լեզուների իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ազատվում է պաշտոնից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դեպքում լիազորությունները դադարեցվում են:

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև կապահովվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անխոչընդոտ կիրարկումը։

  • Քննարկվել է

    10.05.2021 - 25.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5633

Տպել