ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱ¬ՍԻՆ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից, որի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Կառավարությանը վերապահված է բուժաշխատողների ռեգիստրի (այսուհետ` ռեգիսրտ) ստեղծման լիազորություն:
Ռեգիստրի ստեղծման նպատակն է առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումը:
Բուժաշխատողների ռեգիստրը երկրի հանրային առողջության կառավարման և հզորացման կարևոր գործիք է: Առողջապահական աշխատուժի պլանավորման, բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպման, առողջապահական մասնագետների հավաստագրման համար խիստ անհրաժեշտ է ճշգրիտ և իրական ժամանակում թարմացվող առողջապահական աշխատուժի շտեմարանների առկայությունը` տվյալ պահին աշխատող, չաշխատող և կլինիկական օրդինատուրայում սովորողների (քանի որ արտակարգ իրավիճակներում իրենք նույնպես ներգրավվում են, որպես բժշկական սպասարկում իրականացնողներ) վերաբերյալ ամբողջական տեղեկատվության և հետագա վերլուծության և կանխատեսման համար: Ռեգիստրը բժշկական անձնակազմի տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ առողջապահական ծառայություններ մատուցողները առաջնային աղբյուր են բժշկական ծառայության և պացիենտի հետ կապված տվյալների էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրման համար:
2020 թվականի կորոնավիրուսային հիվանդության և նույն թվականի ռազմական իրավիճակը ցույց տվեցին բժշկական անձնակազմի տեղակայման արդյունավետ պլանավորման և կառավարման կարևորությունը: Կենտրոնացված բժշկական աշխատուժի տեղեկատվական համակարգի և տվյալների հավաքագրման իրավական կարգավորման բացակայությունը դժվարացրեց անձնակազմի արդյունավետ տեղակայման և կորոնավիրուսային հիվանդության բուժման վերաբերյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը:
Ներկայումս ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի առողջապահական տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից հավաքագրում է տարեկան վիճակագրական հաշվետվություններ, Առողջապահության նախարարի կողմից հաստատած ձևաթղթերի միջոցով: Հավաքագրված տեղեկատվությունը պարունակում է միայն ամփոփ տեղեկատվություն` բժշկական հաստատություններում աշխատող բժշկական մասնագետների մասնագիտացումների, սեռի, դրույքի մասին, որոնք ամփոփվում են հանրապետության, մարզի, բժշկական հաստատության մակարդակով և հրապարակվում են:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը, որը հիմք կհանդիսանա առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բժշկական մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքման, հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, վերլուծության, կանխատեսման և օրենքով նախատեսված դեպքերում փոխանցման համար: Սույն փաստաթուղթը հանդիսանում է ռեգիստրի վարման աշխատանքները կարգավորող կարևորագույն փաստաթուղթ:
Միաժամանակ նախագծով նախատեսվում է սույն ռեգիստրի ինտեգրումը տվյալների այնպիսի բազաների, ինչպիսիք են` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3», ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ բուժաշխատողների ռեգիստր, որն իր հերթին կցված կլինի տարբեր բազաների, և հնարավորություն կտա ամբողջական տվյաներ ունենալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների` որպես առողջապահության ոլորտում մարդկային ներուժի, վերաբերյալ:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.05.2021 - 23.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7375
Տպել