ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
7 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______-ի 2021 թվականի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴեկտեմբերԻ 25-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
________ի -ի N -Ն որոշման
«Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի ընտրության կազմակերպման, անցկացման և նշանակման հետ կապված հարաբերությունները:
- Հաստատության տնօրենի թափուր տեղի ընտրությանը (այսուհետ՝ մրցույթ) կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետ՝ հավաստագիր) ստացած անձը:
- Մրցույթում հաղթած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց:
- Մրցույթն անցկացնում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) սույն կարգի և խորհրդի կողմից հաստատված տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգի համաձայն:
- Խորհրդի կազմը փոփոխության չի ենթարկվում հաստատության տնօրենի մրցույթի հրապարակման օրվանից մինչև սահմանված կարգով հաստատության տնօրենի մրցույթի անցկացումը և նշանակումը:
- Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, որը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը համաձայն սույն կարգի ձևի հրապարակում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում, հաստատության կայքում (առկայության դեպքում), ինչպես նաև կարող է հրապարակվել առցանց հարթակներում:
- Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է.
1) հաստատության տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ.
2) այլ պատճառներով հաստատության տնօրենի թափուր տեղի առաջանալուց հետո երեք ամսվա ընթացքում:
3) սույն կետի 2-րդ ենթակետով հաստատության տնօրենի թափուր տեղի առաջանալու դեպքում կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող` ով հանդիսանում է տվյալ հաստատության տնօրենի տեղակալ կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ով ունի հավաստագիր:
- Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` յոթերորդ աշխատանքային օրը:
- Մասնակցության հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով:
- Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:
- Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հավաստագիրը:
- Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր.
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում).
6) ինքնակենսագրություն:
- Տնօրենի թեկնածուն (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարարությամբ սահմանված ժամկետում լիազոր մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանն է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Փաստաթղթերը առձեռն ներկայացնելու դեպքում պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, այնուհետև բնօրինակները վերադարձվում են Հավակնորդին: Հավակնորդը կողմից փաստաթղթերը Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը` խորհրդի նախագահին: Բնօրինակները չներկայացնելու դեպքում Հավակնորդին չի թույլատրվում մասնակցել մրցույթին:
- Լիազոր մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից Հավակնորդի ներկայացված պահանջվող փաստաթղթի բացակայության դեպքում, այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հավակնորդին և տրվում հնարավորություն` ներկայացնել բացակայող փաստաթուղթը մինչև մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը:
- Ուսումնական հաստատության տնօրենը կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կամ պարտականություններ կատարողը անհրաժեշտության դեպքում, տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար հավակնորդին տրամադրում է տեղեկատվություն հաստատության գործունեության մասին (դասախոսական, ուսանողական համակազմի, ուսումնադաստիարակչական, ուսուցանվող մասնագիտությունների, արտալսարանային գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):
- Տվյալ հաստատության խորհրդի նախագահը մրցույթից մեկ շաբաթ առաջ անձնակազմի կառավարման ստորաբաժանումից հանձնման-ընդունման ակտով ընդունում է մրցույթին մասնակցելու համար ներկայացված հավակնորդների ցուցակը և հայտարարությամբ պահանջված փաստաթղթերի փաթեթը:
- Խորհրդի նախագահը հայտարարությամբ պահանջված փաստաթղթերի փաթեթը ստանալուց հետո առավելագույնը երկու օրվա ընթացքում Հավակնորդ(ներ)ի կողմից ներկայացված հաստատության զարգացման ծրագիրը (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) տրամադրում է խորհրդի անդամներին:
- Եթե տվյալ հաստատության կառավարման խորհրդի անդամը ցանկություն ունի մասնակցել հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ապա մինչև մրցույթի ավարտը կասեցվում է խորհրդի անդամի նրա լիազորությունը:
- Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
- Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել մրցույթին մասնակցելու համար, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, որն ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին (այսուհետ` ղեկավար): Սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
- Մրցույթին մասնակցում է լիազոր մարմնի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով և պարտավոր է`
1) պահպանել չեզոքություն.
2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.
3) ուսումնասիրել սույն կարգով սահմանված արձանագրությունը.
4) մրցույթի արդյունքներն ամփոփելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով, կամ տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:
- Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե՝
1) խորհրդի նիստն իրավազոր չէ.
2) լիազոր մարմնի ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:
- Հետաձգված մրցույթի մասին խորհրդի նախագահը գրավոր երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնի ղեկավարին` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար, ինչպես նաև դրա մասին տեղեկացնում է խորհրդի բոլոր անդամներին և հավակնորդներին:
- Հետաձգված խորհրդի նիստը կրկին չկայանալու դեպքում խորհուրդը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին` նշելով նիստի չկայանալու պատճառը, և սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ:
- Հավակնորդը մրցույթին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
- Հավակնորդը խորհրդին բանավոր ներկայացնում է ուսումնական հաստատության 5 տարվա զարգացման իր ծրագիրը, որում պետք է պարտադիր ներառված լինեն.
1) հետևյալ բաղադրիչները.
ա. իրավիճակի վերլուծություն,
բ. նպատակների և խնդիրների սահմանում,
գ. սահմանված նպատակների իրականացումն ապահովելուն ուղված գործողությունների և միջոցառումների հաջորդականությունն ու ժամանակացույցը,
դ. պատասխանատուները,
ե. արդյունքների գնահատման չափանիշները,
զ. ռիսկերը,
է. բյուջեն,
ը. վերահսկողության մեխանիզմները:
2) Ծրագրի մշակման պարտադիր քայլերը.
ա. հաստատության առաքելության սահմանումը,
բ. առկա իրավիճակի վերլուծությունը,
գ. հաստատության ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը,
դ. հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը,
ե. գործունեության ոլորտների և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը,
զ. յուրաքանչյուր նպատակի խնդիրների սահմանումը,
է. յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունների, դրանց պատասխանատուների, ժամկետների, ակնկալվող արդյունքների սահմանումը,
ը. զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների սահմանումը,
թ. զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունների սահմանումը,
ժ. զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմների, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշների ձևակերպումը,
ժա. հաստատության մասին համառոտ տեղեկանքի կազմումը:
- Խորհուրդը հավակնորդի հետ անցկացնում է հարցազրույց` նրա ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակներում: Խորհրդի անդամը իր կողմից տրված հարցերի վերաբերյալ հանակնորդի պատասխանները գնահատում է բավարար կամ հիմնավորում ոչ լիարժեքությունը:
- Մրցույթի ընթացքը ձայնագրվում և արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ, իսկ ձայնագրությունը պահպանվում է լիազոր մարմնում` առնվազն վեց ամիս:
- Հավակնորդների հետ հարցազրույցից հետո տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:
- Խորհրդի նախագահը, քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է փակ քվեարկության արդյունքները:
- Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ կամ երկու հավակնորդ, բայց մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և սույն կարգի համաձայն՝ հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը երեք և ավելի է և ոչ ոք չի ընտրվել խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն` երկու առավել ձայն հավաքած հավակնորդների միջև, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն՝ հայտարարվում է նոր մրցույթ:
- Խորհուրդը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված հավակնորդի վերաբերյալ ընդունում է որոշում և տալիս է եզրակացություն, որի մեջ նշվում է`
1) թափուր պաշտոնի անվանումը.
2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և վայրը.
3) հաղթող ճանաչված հավակնորդի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը.
4) հաղթող ճանաչված հավակնորդի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում խորհրդի քվեարկության արդյունքները:
- Եզրակացությունը ստորագրում են խորհրդի նախագահը, քարտուղարը և անդամները, որից հետո արձանագրության հետ միասին մեկ օրինակը տրամադրվում է լիազոր մարմնի ներկայացուցչին:
- Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին մրցույթի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, եզրակացությունը, հավակնորդին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում, ընտրված տնօրենի անձնական գործը և փաստաթղթերը:
- Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում`
1) լիազոր մարմնի ներկայացուցչի բացասական եզրակացության հիման վրա,
2) հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ գրավոր բողոքի ուսումնասիրության համար լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա,
3) դատական կարգով:
- Մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ` մեկ ամսվա ընթացքում:
- Գրավոր բողոքը լիազոր մարմին կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման և բողոքի ստացման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:
- Բողոքը ուսումնասիրելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է Հանձնաժողով, որը ձևավորվում է բողոքը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի 3 անդամ: Հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել լիազորված մարմնի՝ տվյալ ուսումնական հաստատության մրցույթին մասնակցած լիազոր մարմնի ներկայացուցիչը և խորհրդի անդամը:
- Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամներից առնվազն 2-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:
- Հանձնաժողովի նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:
- Հանձնաժողովի գրավոր եզրակացությունն ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:
- Հանձնաժողովը կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացվելիս չեն պահպանվել սույն կարգով և տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին` հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Բողոք ներկայացնողը բողոքարկման արդյունքի մասին տեղեկացվում է Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված որոշումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
- Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգով սահմանված մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը:
- Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ):
- Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել լիազոր մարմնին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության կամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կազմակերպության վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար՝ լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:
- Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև մրցույթի մեկնարկը (մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ) ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և լիազոր մարմնի թույլտվությունը:
- Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):
- Լիազոր մարմինը սույն կարգում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին՝ դրա մասին տեղեկացնելով (գրավոր կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգում նշված պահանջին: Արտակարգ դրության պայմաններում լիազոր մարմինը կարող է սահմանափակել դիտորդների թիվը՝ թույլատրելով գրանցվել և ներկա գտնվել մրցույթին առավելագույնը երեք դիտորդի՝ նախապատվություն տալով առաջին երեք դիմողին:
- Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված՝ խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:
- Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է`
1) պահպանել չեզոքություն.
2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.
3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ մասնակիցներից որոշակի հեռավորության վրա՝ պահպանելով լռություն:
- Դիտորդի կողմից սույն կարգի 53-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:
Ձև
Մրցույթի հայտարարություն
______________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2021 թվականի -----ի 4-ի N -Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ կետի համաձայն՝ __________________________________________________________ __________________________________________________________________________-ի (ուսումնական հաստատության անվանումը)
Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները լիազոր մարմին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ______________________________________________-ում (Լիազոր մարմնի անվանումը)
202___ թվականի_____ -ից մինչև_____ -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը_________ -ից մինչև ժամը________ -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 202__ թվականի _______-ին՝ ժամը ________-ին, ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ (ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)
Տեղեկությունների համար դիմել _________________________________________________ _________________________________________________________________________________ (անձնակազմի կառավարման ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Քննարկվել է
30.04.2021 - 21.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 8655
Տպել