«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Կառավարության որոշման նախագծի
- Անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում՝ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածայնություն հաղորդելու նպատակադրությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.
Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների կազմակերպական-իրավական ձև, և դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով և համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է՝
«Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:
Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի»:
«Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է.
«10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:»
Բոլոր բուհերի կանոնադրությունների համապատասխան, կանոնադրության մեջ փոփոխություններ կարող են կատարել հիմնադիրը, ինչպես նաև հաստատության կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող հոգաբարձուների խորհուրդը։
Հիմնադրի՝ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նորմը բխում է նաև «Հիմնադրամների մասին» օրենքից։
Այսպես, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդված ի 1-ին և 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝
«1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):
- Կանոնադրությունը սահմանում է`
9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.»։
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:»։
Ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի 21-րդ հոդվածի
- Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմիններիմիջոցով: Հիմնադրամիմարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը, ռեկտորը):
Նույն օրենքի 22-րդ հոդվածով ամրագրված է.
«1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:»։
Բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհրուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։
Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։
Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրմաների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով։
Հիմնադրամների կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխությունների նպատակն է համակարգի կայունությունն ապահովելու միջոցով բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելը։ Որպես այդ նպատակի ապահովման միջոց առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, ինչպես նաև սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։
3.Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը և անհրաժեշտ խթան կհանդիսանա համակարգում բարեփոխումների իրականացմանը։
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: