Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.02.2017 17:02:26 | Նախագծով առաջարկվող լրացումները. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս 1. Առաջարկվող կարգավորման հակասությունը ՀՀ Սահմանադրությանը. Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում կատարել լրացումներ: Նշված հոդվածով սահմանվում են ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս: Նշված հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի րնթացքում (դատարանների միջնորդությամբ): (...) Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանի միջնորդությամբ» բառից հետո լրացնել «միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ»: Նախագծով առաջարկվում է նաև նույն հոդվածը լրացնել նոր մասերով. «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ»: Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև իրավախախտման քննության (այդ թվում՝ բողոքարկման վարույթի) ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե տեխնիկական միջոցներով իրավախախտում չի հայտնաբերվում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները դրանց ամրագրումից 48 ժամ հետո ոչնչացվում են: Արգելվում է տեսանյութերը կամ լուսանկարները, իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելը:»: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: Կոնվենցիայի և սահմանադրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ միջամտությունը մարդու անձնական կյանքին արգելված է: Այն պետք է հարգվի պետության կողմից և կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ինչը պետք է անհրաժեշտ և պիտանի լինի ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում, սկզբունքի ընդհանուր կանոնի համաձայն, սահմանափակումը պետք է ուղղված լինի բացառապես պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, հետևաբար այլ նպատակով անձի անձնական կյանքին միջամտելը չի կարող համարվել թույլատրելի: Անհրաժեշտ է նաև նշել, որ Նախագծով առաջարկվող լրացումն ունի ընդհանրական շարադրանք, որում ուղղակի ոստիկանության ծառայողին հայեցողական լիազորություն է վերապահվում՝ հասարակական կարգի պահպանության ընթացքում տեսանկարել կամ լուսանկարել, իսկ որպես այս լիազորության վերապահման հիմնավորում նշվում է, որ դա անհրաժեշտ է հասարակական կարգի պահպանության համար: Նախագծի հիմնավորման մեջ չկա որևէ նշում, - թե ինչպես է այն ազդելու հասարակական կարգի պահպանության վրա, - եթե կարող է ունենալ ազդեցություն, արդյոք չկա այլ միջոց, որը կունենա նույն արդյունավետությունը: Ստացվում է, որ ներկայացված չէ սահմանափակման համաչափության և նպատակի վերաբերյալ հստակ հիմնավորում, ինչպիսի պայմաններում այն հակասության մեջ է գտնվում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Առաջարկվող լրացման մեջ, փաստորեն, նշվում է, որ ոստիկանության ծառայողը հասարակական կարգի պահպանություն իրականացնելիս կարող է տեսանկարել կամ լուսանկարել: Ժողովրդավարական հասարակարգում անձի բնական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը գնահատելու համար պետք է ելնել յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններից: Առաջարկվող լրացման բովանդակությունը ցույց է տալիս, որ դրա ընդունման նպատակը բացառապես իրավախախտման փաստի արձանագրումն է և ոչ թե հասարակական կարգի պահպանությունը: Այսպես, Նախագծի համաձայն արգելվում է տեսանյութերը կամ լուսանկարները իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելը: Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ անհրաժեշտ է պարզել և պատասխանել հետևյալ հարցադրմանը. Արդյոք «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ հասարակական կարգի պահպանումը և իրավախախտման բացահայտումը նույնականացվում են: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության խնդիրները, որի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝ 1) մարդու անվտանզությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում. 2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը. 3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը. 4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը (...) Ներկայացված դրույթի վերլուծությունը ցույց է տալիս, որ Օրենսդիրը հստակ տարանջատել է հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման, հանցագործությունների բացահայտման խնդիրը, հասարակական կարգի պահպանության խնդրից, ուստի դրանք չեն կարող նույնացվել: Հետևապես Նախագծով առաջարկվող տեսանկարելու և լուսանկարելու լիազորության վերապահումը հետապնդում է ոչ թե հասարակական կարգի պահպանության խնդրի լուծման նպատակ, այլ ծառայում է որպես իրավախախտման բացահայտման խնդրի գործիք, ինչը ուղղակիորեն հակասության մեջ մտնում ՀՀ Սահմանդրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Այսպիսով արձանագրում ենք, որ. - Աոկա չէ բավարար հիմնավորում սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, հետևաբար անձնական կյանքին չմիջամտելու սահմանափակումը չի կարող համարվել պիտանի միջոց ժողովրդավարական հասարակարգում: - Անհրաժեշտ է սահմանել հստակ չափանիշներ, թե որ դեպքում ոստիկանության ծառայողը իրավունք կունենա իրագործել իր այդ լիազորությունը: - Անհրաժեշտ է սահմանել երաշխիքներ, որով անձը կկարողանա վիճարկել ոստիկանության ծառայողի կողմից առանց բավարար հիմքի տեսանկարման կամ լուսանկարման լիազորությունը իրացնելու դեպքում: - Անհրաժեշտ է սահմանել ոստիկանության ծառայողի այնպիսի պարտականություն, ինչպիսին է տեսանկարման կամ լուսանկարման փազորությունը իրականացնելուց առաջ բոլորին հասկանալի և լսելի տարբերակով նախազգուշացնելը: - Հստակեցնել տեխնիկական միջոցներով իրավախախտում չհայտնաբերելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացնելու օրենսդրական պահանջը չկատարելու հետևանքները: 2. Առաջարկվող կարգավորման հակասությունը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է իրավական ակտերին ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին: Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի II գլխում՝ 12-րդ հոդվածում, որը սահմանում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս: Մինչդեռ առաջարկվող լրացումը ընդամենը ոստիկանությանը վերապահում է հայեցողական լիազորություն. «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ»: Այսինքն ստացվում է, որ այն ոչ թե ոստիկանության ծառայողի պարտականությունն է, այլ հայեցողությունը, լուսանկարել, թե՝ ոչ, տեսանկարել, թե ոչ: Ելնելով վերոգրյալից, արձանագրում ենք, որ. ✓ Նախագծով առաջարկվող լրացումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին: Նախագծով առաջարկվող լրացումները. Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս 3. Առաջարկվող կարգավորումաև հակասությունը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում կատարել լրացում: Նշված հոդվածը սահմանում է ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս: Նախագծով 21-րդ հոդվածը լրացվում է նոր 1.1 կետով. «1.1) վարչական մարմինների փոխօգնության կարգով պաշտոնատար անձանցից, ենթադրյալ վկաներից, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինող կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.» «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է օրենսդրական տեխնիկայի այլ կանոնները: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն: Նախագծով առաջարկվում է ընդունել այնպիսի նորմ, որով ոստիկանությանը վերապահվում է որոշակի լիազորություն, այն է՝ (...) վկաներից (...) պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, հետևաբար ենթադրվում է, որ մյուս կողմի համար այն պետք է առաջացնի որոշակի պարտականություն: Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական նորմով նախատեսված չէ վկայի կողմից բացատրություն տալու պարտականություն կամ բացատրություն տալուց հրաժարվելու համար իրավական հետևանք: Ավելին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչական վարույթում ապացույց կարող է հանդիսանալ բացառապես վկայի ցուցմունքը, և վկայի բացատրությունը որևէ ապացուցողական ուժ չունի, ուստի անհասկանալի է նման պայմաններում բացատրություն պահանջելու լիազորության սահմանման անհրաժեշտությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նորմի կատարումը, նախ և առաջ կարող է դառնալ անհնարին (Օրինակ` վկան չի ցանկանում բացատրություն տալ), այնուհետև անընդունելի (Վկայի բացատրությունը վարչական վարույթում որևէ ապացուցողական ուժ չունի), և ի վերջո նախատեսված չէ որևէ հետևանք վկայի կողմից բացատրություն տալուց հրաժարվելու դեպքի համար: Նախագծի մյուս մասը վերաբերում է տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ ստանալու իրավունքին: Գտնում ենք, որ նման ձևակերպումը հակասության մեջ է ՀՀ Սահմանադրություն 31-րդ հոդվածի հետ, մասնավորապես՝ հաշվի չեն առնվել անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը: Նախագծից պարզ չէ, թե արդյոք տեղեկություններ ստանալու իրավունքը ներառում է նաև անձնական տվյալներ ստանալը: Գտնում ենք, որ ոստիկանության ծառայողը չի կարող ստանալ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ, տվյալներ և փաստաթղթեր, եթե հարուցված չէ համապատասխան վարույթ և չի հիմնավորվում պահանջվող տեղեկատվության կապը և անհրաժեշտությունը վարույթին, և Նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսված չէ անձնական տվյալների գաղտնիության պահպանման բավարար երաշխիք: Ուստի, արձանագրում ենք, որ. - Նախագծով առաջարկվող լրացումը հակասության մեջ է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հողվածի 3-րդ մասի հետ: - Անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող 21-րդ հողվածի լրացումը 1.1-րդ կետում «պատճեններ» բառից հետո լրացնել «բացառությամբ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների» բառերով և շարադրել հետևյալ խմագրությամբ. «1.1) վարչական մարմինների փոխօգնության կարգով պաշտոնատար անձանցից, ենթաղրյալ վկաներից, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինող կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ` բացառությամբ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների»: | 1. Առաջին կետով ներկայացված առաջարկության եզրակացությունը հասարակական կարգի հասկացության վերաբերյալ սահմանափակ պատկերացում (մոտեցում) է: Վարչական դատարանները տարբեր գործեր քննելիս անդրադարձել են հասարակական կարգ հասկացությանը (օրինակ՝ ՎԴ/3587/05/14, ՎԴ/8034/05/13, ՎԴ/8030/05/13, ՎԴ/9037/05/13, ՎԴ/9044/05/13, ՎԴ/9043/05/13, ՎԴ/9038/05/13): Մասնավորապես, ըստ դատարանների, «հասարակական կարգ» եզրույթը պետք է հասկանալ որպես հասարակական նշանակության վայրերում (այդ թվում` փողոցներում) այնպիսի իրադրության առկայություն, որի պայմաններում ապահովված է քաղաքացիների արժանավայել վարքագիծը, կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը, ինչպես նաև այդ վայրերում գտնվող անձի կամ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը։ Ուստի, այն գործողությունները, որոնք ուղղված են վերը նշված իրադրության խախտմանը, պետք է որակվեն որպես հասարակական կարգի պահպանության դեմ ուղղված գործողություններ: Այսպիսով, իրավախախտումների կանխումը, խափանումը, հայտնաբերումն ու բացահայտումն ամբողջությամբ ընդգրկվում են հասարակական կարգ հասկացության մեջ, հետևաբար օրենքի նախագծով լիարժեքորեն երաշխավորվում է քաղաքացիների մասնավոր կյանքի ոլորտ պետական միջամտության անհրաժեշտությունն ու համաչափությունը: Համաչափության սկզբունքը հարգելու փաստ է նաև նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող կարգավորումը, որի համաձայն` եթե տեխնիկական միջոցներով իրավախախտում չի հայտնաբերվում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները դրանց ամրագրումից 48 ժամ հետո ոչնչացվում են: Բացի այդ, արգելվել է տեսանյութերը կամ լուսանկարները, իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելը: 2. Առաջարկությունն ընդունվել է: 3. Չի ընդունվել: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Ներկայումս շրջանառության մեջ է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն իրավասու վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասության սահմաններում տրված օրինական հանձնարարականը կամ օրինական պահանջը չկատարելու կամ իր գործառույթների կամ պաշտոնեական պարտականությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելու համար: Նախագծով լրացվող դրույթը հետևանքների մասով չի կիրառվի, քանի դեռ ապահովող նորմը սահմանված կարգով ուժի մեջ չի մտնի: Ինչ վերաբերում է «բացատրություն» հասկացության կիրառմանը, ապա այն օգտագործվել է ելնելով այն հանգամանքից, որ վարչական իրավախախտումները կանխելիս վարույթ հարուցված չի լինում, հետևաբար և «ցուցմունք» տերմինը չի կարող օգտագործվել: Անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների պահանջի վերաբերյալ հիմնավորումներն ընդունելի չեն, քանի որ ոստիկանությունը կիրառելու է դրանք վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, այսինքն` օրենքով նախատեսված լեգիտիմ նպատակով: Մարդու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը կարող է սահմանափակվել ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ Կոնվենցիան «հանցագործություն» հասկացությունը չի դիտում նեղ իմաստով. դրա տակ պետք է հասկանալ նաև վարչական իրավախախտումները: Եվրոպական երկրների մեծ մասում իրավախախտումների տարբերակումն ըստ հանցագործության կամ վարչական զանցանքի օրենսդրությամբ նախատեսված չէ: Ուստի դրա տակ պետք է առբերել նաև վարչական իրավախախտումները: Բացի այդ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ոստիկանությունը օրենքով սահմանված դեպքերում իրավասու է հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ: | 1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում լրացվել է նոր դրույթ` ամրագրելով տեսաձայնագրման կամ լուսանկարահանման մասին նախազգուշացնելու պարտականությունը: 2. Լրացվող դրույթները նախատեսվել են օրենքի 22-րդ հոդվածում, որն ամրագրում է ոստիկանության իրավունքները: |