Հիշել նախագիծը

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի ընդունման

անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը - «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած որոշ, մասնավորապես՝ հսկողության և վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Հայկական ագրոպարենային արտադրանքի ու վայրաճ բույսերի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի ու վայրաճ բույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով կամ երաշխավորված ավանդական արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով, արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում, և այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սևանի իշխանն» է։

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորում են  «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենքը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում։ Չնայած դրան աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների մշակման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման օրենսդրական կարգավորման հետ կապված առկա են որոշակի բացթողումներ և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ։ Բանն այն է, որ օրենքով հստակ տարանջատված չեն աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը կարգավորող դրույթները։ Մյուս կողմից  օրենքով հստակ նշված չէ, որ տեխնիկական հատկորոշումներով սահմանված պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները պետք է հավատարմագրված լինեն «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներով, իսկ հավատարմագրումն իրականացվում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020-2013 «Համապատասխանության գնահատում. Հսկողություն իրականացնող տարբեր տեսակի մարմինների գործունեությանը ներկայացվող պահանջներ» ազգային ստանդարտի հիման վրա։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության հիմնական սկզբունքներից է նաև կողմնորոշումը դեպի որակ, ըստ որի անհրաժեշտ է կենտրոնանալ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման, մոնիտորինգի և խթանման վրա` շեշտը դնելով նաև հարուստ ու հնագույն սննդի մշակույթի վրա և զուգահեռաբար մշակել ավանդական ապրանքների և գինու որակական նույնականացման համակարգը։
  2. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինները և դրանց գործունեության շրջանակները։

Արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը, իսկ արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (մարմինների) կողմից և ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։

Բացի այդ պետական վերահսկողություն իրականացող լիազոր մարմնին հնարավորություն է տրվում  անհրաժեշտության դեպքում դիմելու ծագման երկրի համապատասխան իրավասու մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
  2. Ակնկալվող արդյունքը – Սույն նախագծի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները և հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին։
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում: 8. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման մեջ։
  • Քննարկվել է

    09.04.2021 - 25.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6274

Տպել