Հիշել նախագիծը

«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին»

որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի դրույթներից և պայմանավորված է ընդերքօգտագործման արդյունքնում խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկման և նրանց վերահաշվարկման հետ, ինչի արդյունքում կստեղծվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի փաստացի խախտված հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող օրենսդրությամբ ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկումը և վերահաշվարկումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը հաստատելու մասին» N 365-Ն հրամանի պահանջների: Նախահաշվային արժեքների հաշվարկումը իրականացվում է ընդերքօգտագործողի կամ պայմանագրային հիմունքներով նախագծային ինստիտուտի կողմից և այն ներառվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում, իսկ ինդեքսավորումը նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատվաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն աճել են 10 տոկոսով՝ Աշխատանքային արժեքի հիմքում դրված գների համեմատ: Նախահաշվային արժեքում հաշվի չի առնվում ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի նախագծման, իրականացման ու ավարտից հետո անհրաժեշտ բոլոր միջոցառումների ծախսերը՝ մասնավորապես նախագծի մշակման, մեղմացման միջոցառումների, ավարտից հետո պահպանման ծախսերը, իսկ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 750-Ն որոշման պահանջներին համաձայն, որն ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N750-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1643-Ն որոշմամբ:

Այդ խնդիրները կարգավորելու նպատակով անհարժեշտություն է առաջացել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման ժամանակ հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ սահմանված պահանջները և նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման ծախսերը, անհրաժեշտ է նաև սահմանել արդյունավետ մեխանիզմներ ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների վերահաշվարկման համար, քանի որ ընդերքօգտագործողները սեփական նախաձեռնությամբ ինդեքսավորում չեն իրականացնում և կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների մասին տեղեկատվություն չեն ներկայացնում:

Խնդիրը կարգավորելու համար առաջարկվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքների հաշվարկներում հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ սահմանված պահանջները և նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերն ըստ ռեկուլտիվացման փուլերի և ուղղությունների, ինչպես նաև նախահաշվային արժեքների վերահաշվարկման իրականացումը համատեղել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված գործընթացների հետ՝  այն իրականացնել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասից կամ նրա մի մասից հրաժարման գործընթացների ժամանակ:

3. Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանարապետության կառավարության կողմից քաղաքականությունն ուղղված է ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանը և խախտված հողերի վերկանգնման ապահովմանը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման խնդիրների արդյունավետ կարգավորման միջոցով ապահովել ֆինանսական երաշխիքներ ընդերքօգտագործման արդյունքում փաստացի խախտված հողերի վերկանգնման համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրատեսական արժեքների հաշվարկում և վերահաշվարկում, արդյունքում՝  լանդշաֆտների հնարավոր վերականգնում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    24.03.2021 - 08.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5113

Տպել