Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառուների շրջանակը մեծացնելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։

2․ Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Ծրագիրն իրականացվում է զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց համար, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի: Ընդ որում, ծրագրում ընդգրկվելու նպատակով շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս տևողությամբ, ամսական կտրվածքով՝ երեխայի խնամքի կազմակերպման նպատակով վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ) կամ դայակի հետ կնքված պայմանագրով նախատեսված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 68000 դրամ է:

Նախագծով առաջարկվում է հանել նշված առաջնահերթությունները և ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը երկու տարվա փոխարեն տրամադրել երեք տարի։ Փոփոխության նպատակն է ընդլայնել շահառուների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծրագրում ընդգրկվել մինչև երեխայի երեք տարին լրանալը և պետական աջակցությամբ հոգալ երեխայի խնամքի հետ կապված ծախսերը։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մեծացնել ծրագրի շահառուների շրջանակը և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունը։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում և նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Զբաղվածության կարգավորման 2021 թ. պետական ծրագրով նախատեսվում է ծրագրում ընդգրկել 600 անձ, որի համար արդեն իսկ հատկացված է 448 800 000 դրամ։ Նախագծի ընդունման պարագայում կանխատեսվում է, որ 2021 թ. ընթացքում ծրագրում կընդգրկվի մոտ 2000 անձ, որի համար կպահանջվի 1 496 000 000 դրամ (68000 x 11 x 2000)։

Արդյունքում, ՀՀ 2021 թ. պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 1 047 200 000 դրամ (1 496 000 000 - 448 800 000 = 1 047 200 000)։

Հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվում է շահառուին ցուցաբերել աջակցություն մինչև երեխայի երեք տարին լրանալը, 2022-2024 թթ. համար ևս յուրաքանչյուր տարվա կտրվածքով անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեով նախատեսել 1 496 000 000 դրամ՝ պայմանագրային պարտավորությունների կատարման և ծրագրի շարունակականության ապահովման համար։

2022 թ.-ին ոչ միայն 2021 թ. կնքված պայմանագրերը սպասարկելու, այլ նաև ծրագրում նոր շահառուներ ընդգրկելու պարագայում՝ 2022 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկազմեն ավելի, քան 1 496 000 000 դրամ։

 

  • Քննարկվել է

    15.03.2021 - 30.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4988

Տպել