Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ուղղված է ՀՀ գործող օրենսդրության` մասնավորապես ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և գործող ՀՀ կառավարության որոշման միջև անհամապատասխանության վերացմանը և քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման թույլատրելիությանը։

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

      Հաշվի առնելով քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման անհրաժեշտությունը, մշակվել է Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը:

      Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին: 82-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:                

      Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 30-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական ծառայողի արձակուրդը՝ մասնավորապես հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը։

      Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ։ Սակայն ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ ծառայողի ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում, բացառությամբ Որոշման հավելվածի 19-րդ կետում նշված ենթակետերի, որոնք են․

1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ.

2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

      3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում: Վերոնշյալ կետերը սահմանված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում։

      ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը չեն խոչընդոտում աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխմանը, եթե աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման համար 18 ամսվա ժամանակահատվածը չի անցել, ինչը հնարավորություն է տալիս ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի։

      Այստեղ ակնհայտ է գործող Որոշման անհամապատասխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ ՀՀ աշխատանքային օրենսգքին, որի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ  ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։ Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին։

      Որոշման հավելվածի 23-րդ կետով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են տվյալ աշխատանքային տարում՝ բացառությամբ կարգի 24-րդ և 25-րդ կետերով նախատեսված դեպքերի։ Որոշման 24-րդ կետով սահմանված է, որ կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը կամ ամենամյա արձակուրդը տվյալ աշխատանքային տարում չտրամադրվելու դեպքում, այն տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, սակայն ոչ ուշ քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։ Որոշման հավելվածի 25-րդ կետով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի արձակուրդը կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով չտրամադրելու դեպքում քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ այն կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին, ինչը նշանակում է, որ նշված կետերի բացակայության դեպքում աշխատողի ամենամյա արձակուրդը չի կարող տեղափոխվել հաջորդ աշխատանքային տարի, նույնիսկ եթե 18 ամիսը դեռ չի լրացել։ Ակնհայտ է Որոշման և ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի միջև անհամապատասխանությունը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։

  1. Ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    05.03.2021 - 26.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6299

Տպել