Հիշել նախագիծը

OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1491-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն

 

OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Ավիացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ   է.

  1. Ստեղծել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:
  2. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կազմը ՝ համաձայն հավելված N 1-ի:
  3. Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:
  4. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելված N 2-ի:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի  Հանրապետության

             վարչապետ                                                                  Ն. Փաշինյան

2021թ. ____________

  ք.Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թ.

     N _____Ն որոշման   

 

ԿԱԶՄ

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կոմիտեի նախագահ)
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (կոմիտեի տեղակալ)
  3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
  6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
  7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
  8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
  9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
  10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
  11. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ
  13. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավար (համաձայնությամբ)
  14. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թ.

     N _____Ն որոշման   

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառվարման համակարգի մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:
  2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով` գործելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:
  3. Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:

 

  1. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և համապատասխան պետական կառվարման համակարգի մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, համապատասխան պետական կառվարման համակարգի մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:

 

III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է կոմիտեի նախագահից, տեղակալից և անդամներից:
  2. Ազգային կոմիտեն գլխավորում է կոմիտեի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
  3. Ազգային կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է ազգային կոմիտեի գործունեությունը.

2) նշանակում է ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում և վարում է ազգային կոմիտեի նիստերը.

4) ներկայացնում է ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:

  1. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
  2. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են ազգային կոմիտեի նախագահի կամ, նրա հանձնարարությամբ կոմիտեի տեղեկալի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:
  3. Ազգային կոմիտեի նիստերը վարում է ազգային կոմիտեի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, կարող է վարել ազգային կոմիտեի տեղակալը կամ ազգային կոմիտեի անդամներից մեկը:
  4. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է ազգային կոմիտեի քարտուղարը` ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:
  5. Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:
  6. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:
  7. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Ազգային կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է:
  8. Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը: Եթե ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է ազգային կոմիտեի որոշմանը:
  9. Ազգային կոմիտեի նախագահի հրավերով` ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
  10. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`

1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.

2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.

3) նիստի օրակարգը.

4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.

5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:

  1. Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է ազգային կոմիտեի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:
  2. Ազգային կոմիտեի տեղակալն և անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրին, ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ծանոթանալու ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.

3) ելույթ ունենալու ազգային կոմիտեի նիստում.

4) ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.

5) կազմակերպելու ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

  1. Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`

1) մասնակցել ազգային կոմիտեի աշխատանքներին.

2) իր իրավասության սահմաններում ապահովել ազգային կոմիտեի և ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.

3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:

  1. Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
  2. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
  3. Ազգային կոմիտեի անդամներն ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1491-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի  Հանրապետության

             վարչապետ                                                                        Ն. Փաշինյան

 

2021թ. ____________

         ք.Երևան

 
 

  • Քննարկվել է

    18.02.2021 - 06.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5165

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ