Հիշել նախագիծը

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Դեռևս 2016 թվականի նոյեմբերին հանձնարարական ստացվեց, համաձայն որի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի  և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի՝ համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ: Հարցի վերաբերյալ նախարարությունը, լինելով առևտրի և ծառայությունների ոլորտի պետական քաղաքականություն մշակող մարմին նախաձեռնեց քննարկումներ ոլորտի բիզնես մասնակիցների կողմից և սկսեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները։ Սակայն ԱԺ ներկայացվեց քաղաքապետարանի կողմից մշակված օրենքի նախագիծ, որը ընդունվեց 2018 թվականին ՀՕ-378-Ն։

Համաձայն ՀՕ-378-Ն օրենքով սահմանվեց «սահմանափակման ենթակա ծառայություն» հասկացությունը, որը սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր է, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում։ Իսկ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներ են հանդիսանում կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)։ Օրենքով սահմանվեց, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:

Ընդ որում օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: Իսկ համայնքի ավագանու կողմից  Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների դրույթը ուժի մեջ էր մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մի շարք համայնքների ավագանիների կողմից սահմանվցին օբյեկտների տեղակայման պահանջներ․ Մասնավորապես՝ Երևանի ավագանում 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշմամբ սահմանվել է, որ  սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը լինելով ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին օրենսդրական վերլուծության արդյունքում պարզել է, որ օրենքների եզրափակիչ հատվածներում բացակայում են անցումային դրույթները, որոնց միջոցով հնարավոր կլիներ ապահովել մինչ այդ օրենքների ընդունումը համապատասխան ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների համար հստակ և որոշակի կարգավորումների միջոցով անցումի իրականացումը` նույն գործունեությամբ համապատասխան թույլտվության առկայությամբ զբաղվելու հնարավորության ապահովման համար:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Վերոնշյալ դիտարկումներից ելնելով` հարկավոր է փաստել, որ Օրենքով նշված կարգավորումներն ունեն վերանայման կարիք:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոլորտում տարիներ շարունակ արդեն իսկ շատ բիզնեսները հայտնվել են փակվելու շեմին՝ կրելով հսկայական ֆինանսական կորուստներ։

Ստորև ներկայացնում ենք սահմանափակման ենթակա առաջատար 5 ընկերությունների կողմից ֆինանսկան ներդրումների, աշխատատեղերի քանակի և ՀՀ պետական և համայնքային բյուջե վճարված գումարի չափի և բիզնեսի արժեքի վերաբերյալ համառոտ տեղեկանք։

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋԱՏԱՐ 5 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԻ և ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

ՄԻՆՉ ՕՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԸ

ԲԻԶՆԵՍԻ ԳՏԱՀԱՏՄԱՆ ԱՐԺԵՔԸ

ԴԻՎԱ

գ․ Ջրվեժ, Բագրևանդի 41,56

400.000.000 դրամ

40.000.000 դրամ

60

2.000.000.000 դրամ

Շառլոտ

Երևան, Չարենցի 1-ին նրբ, տուն 65

150.000.000 դրամ

20.000.000 դրամ

70

1.000.000 ԱՄՆ դլոլար

Օմեգա

Երևան, Տերյան 59,1,35

388.000.000 դրամ

17.250.0000 դրամ

37

780.000.000 դրամ

Քրեյզի

երևան, Քոչար 25 շ, բն 27

2.200.000 դրամ

30.000.000 դրամ

150-200

1.000.000 ԱՄՆ դլոլար

Մատրյոշկա ակումբ

Բագրևանդի 98, Արարատյան 623/11

500.000 ԱՄՆ դոլար

17.800.000 դրամ

48

1.000.000 ԱՄՆ դլոլար

 

Սահմանափակման ենթակա ծառայության վերոնշյալ օբյեկտների ստեղծման և կայացման համար մինչ օրս կատարվել է ավելի քան 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի ներդրում,

- սահմանափակման ենթակա ծառայության վերոնշյալ օբյեկտների ստեղծման և կայացման համար ներգրավված ընդհանուր վարկային միջոցներից մինչ օրս առկա են 800,000,000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարի չափը գերազանցող չմարված վարկային պարտավորութուններ,

- ստեղծվել են ավելի քան 400 (չորս հարյուր) աշխատատեղեր,

- տարեկան ՀՀ պետական բյուջե և համայնքային բյուջե են վճարվում ընդհանուր ավելի քան 125,000,000 (հարյուր քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ գումար,

- ստեղծված բիզնեսները գնահատվում են ավելի քան 4,000,000,000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ:

Նշված տնտեսվարողների գործունեությունը մեծապես տուժել է նաև 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով, և մինչ օրս: 2020 թվականի գրեթե ողջ ժամանակահատվածում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությունը եղել է սահմանափակված, որի արդյունքում նշված տնտեսվարողները ոչ միայն զրկվել են ավելի քան 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ աշխատելու հնարավորությունից, այլև սեփական միջոցների հաշվին, ինչպես նաև օգտվելով պետական աջակցությունից փորձել են պահպանել իրենց մոտ առկա աշխատատեղերը:

Վերոնշյալ Օրենքի կիրարկումը հանգեցնելու է սահմանափակման ենթակա ծառայություններ մատուցող օբյեկտների մեծամասնության դադարեցմանը, ինչն անընդունելի է Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած տնտեսական մարտահրավերների առկայության պարագայում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է կանխել սահմանափակման ենթակա ծառայություն մատուցող բազմաթիվ տնտեսվարողների գործունեության դադարեցումը, նրանց ակնկալվող սնանկացումը, հնարավորություն ընձեռելու սահմանափակման ենթակա ծառայություն մատուցող տնտեսվարողներին առնվազն երկու տարվա ընթացքում սեփական գործունեությամբ վերականգնելու իրենց կրած վնասները, վերականգնելու կրճատած աշխատատեղերը, ինչպես նաև` իրենց գործունեությունը համապատասխանեցնելու գործող նոր իրավակարգավորումներին: Միաժամանակ` նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար:

  • Քննարկվել է

    16.02.2021 - 05.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6445

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սարգսյան

02.03.2021

Գտնում ենք, որ շրջանառվող նախագծի ընդունումը միանշանակ անհրաշետ է, սակայն այն միայն ժամանակավոր լուծում է ոլորտում ներկայումս առկա խնդիրների համար, որոնց համընդհանուր լուծումը կարող է տրվել օրենսդրական փաթեթային կարգավորումների տարբերակով, որի նախապատրաստման համար կպահանջվի ավելի երկար ժամանակահատված: Քանի որ ներկայիս պայմաններում տնտեսվարողներն այդ ժամանակը չունեն և կարող են մինչ այդ ի սպառ սնանկանալ կամ դադարեցնել իրենց գործունեությունը, գտնում ենք, որ շրջանառվող նախագիծը բավարար է` ապահովելու համար խնդրի ժամանակավոր լուծումը, ուստի առաջարկում ենք հնարավորինս արագ այն ընդունել...

Դավիթ Սարգսյան

02.03.2021

...Գտնում ենք, որ ավագանիներին վերոնշյալ օբյեկտների տեղակայման (հեռավորության) պահանջներ սահմանելու լիազորություն տալու հետ մեկտեղ, օրենսդիրը պարտավոր էր սահմանել նաև այդ պահանջների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը, հակառակ դեպքում վերոնշյալ լիազորող նորմը կարող է հանգեցնել համայնքների ավագանիների ամենաթողության, խտրականության և սուբյեկտիվիզմի դրսևորման: Որպես անալոգիա կարող էր կիրառվել որոշակի վայրերում աղմուկին վերաբերող սանիտարական նորմերի սահմանման և դրանց կիրառման մոդելը, որի կիրառման համար` նախ 1992 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է <<Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին>> ՀՕ-43 օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ <<սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը>>, ապա ՀՀ կառավարության կողմից 1993 թվականի հոկտեմբերի 12-ի N 518 որոշման 5-րդ կետով հաստատվել են սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման կիրարկման կարգն ու պայմանները, ապա նոր միայն համապատասխան մարմինների կողմից վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա սկսել են սահմանվել համապատասխան նորմեր, օրինակ` ՀՀ առողջապահության նախարարության 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով սահմանվել են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը:

Դավիթ Սարգսյան

02.03.2021

Օրենքի նախագծի ընդունումը դարձել է հրատապ հրամայական ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների համար, քանի որ վերջիներիս կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-378-Ն օրենքի ընդունումով <<սահմանփակման ենթակա ծառայություն>> մատուցող բիզնեսների համար ստեղծվել է իրենց գործունեությունն ակամայից դադարեցնելու, բազմաթիվ աշխատատեղեր կրճատելու, բազմամիլիոնանոց բիզնեսները կորցնելու մի աննախադեպ իրավիճակ, որն ավելի է խորացել COVID-19 համավարակի և պատերազմի պատճառով ՀՀ-ում սահմանված սահմանափակումների հետևանքով: Վերոնշյալ օրենքի անորոշության, ձևակերպումների անհստակության և իրավակարգավորումների թերի լինելու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենքում լրացված 15.3-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Երևան և Ջրվեժ համայնքների ավագանիների կողմից ընդունված համապատասխանաբար 25.12.2019թ. 188-Ն և 12.11.2019թ. N 67-Ն որոշումներով սահմանվել են սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների տեղակայմանը և հեռավորությանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք աղերս չունեն վերոնշյալ օրենքի ընդունման անհրաժեշտության, կարգավորման նպատակի, բնույթի և ակնկալվող արդյունքի հետ:

Տեսնել ավելին