ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների գրանցման ընթացքում հանդիպում են դեպքեր, երբ համապատասխան գործարքը կամ իրավական ակտը՝ ներառյալ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) գրանցումը վիճարկվում է դատական կարգով: Նման դեպքերում առաջանում է գրանցման վարույթի շարունակման և իրավունքների (սահմանափակումների) գրանցման կամ դատական վեճի առկայության հիմքով վարույթը կասեցնելու հարցը մինչև դատական ակտի կայացումը: Դրա հետ մեկտեղ առաջանում է ածանցյալ այն հարցը, թե Կադաստրի կոմիտեն նման պարագայում ունի հայեցողական, թե իմպերատիվ լիազորություն՝ կախված կոնկրետ գործի հանգամանքներից: Նման անհստակությունը հետևանք է օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում նշված հարցի ոչ միանշանակ կարգավորմանը:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»:
Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008թ. ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում, որպես պետական գրանցման հիմնական սկզբունք և խնդիր, սահմանված է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը:
Թվարկված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) գրանցումը հանդիսանում է դրանց ճանաչման, երաշխավորման և պաշտպանության հիմնական տար և հիմք ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ լիարժեքորեն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու համար: Ընդ որում պաշտպանության ենթակա է նաև սահմանված կարգով կնքված սակայն դեռևս պետական գրանցում չստացած գործարքների (իրավական ակտերի) հիման վրա ձեռք բերված գույքային իրավունքները՝ գույք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը:
- Առկա իրավիճակը
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցման թվով 8 հիմք, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ դրանց` տվյալ իրավունքին կամ սահմանափակմանը վերաբերող մասերի գործողության կասեցումը իրավասու մարմնի որոշմամբ (6-րդ կետ), պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին դատական ակտ ներկայացնելը (7-րդ կետ) և առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր (8-րդ կետ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համադրումից բխում է, որ դատական վարույթի առկայության դեպքում պետական գրանցման վարույթը կասեցվում է, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև համապաստասխան դատական ակտի կայացումը: Մինչդեռ բացակայում է որևէ կարգավորում առ այն, որ վեճի առկայության դեպքում այդ մասին համապատասխան տեղեկատվություն պետք է ներկայացվի Կադաստրի կոմիտե, իսկ Կադաստրի կոմիտեն չունի այդ հագամանքը ինքնուրույն պարզելու լիազորություն: Հետևաբար վեճի առկայության վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում համապատասխան գրանցումները կկատարվեն, իսկ վեճի առկայության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝ ոչ: Ուստի առաջանում է ոչ միասնական մոտեցում: Հարկ է նշել, որ վեճի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվության հիման վրա պետական գրանցման պահանջ սահմանվելու դեպքում գրանցման վարույթը կերկարաձգվի: Բացի այդ այն իրավաչափ չէ ստորև նշված հիմնավորումներով:
Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ վեճի առկայությունը դրանց նկատմամբ գործարք կնքելու արգելք չէ՝ բացառությամբ պետական կամ համայնքային հողերի (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 12-րդ կետ, 62-րդ հոդվածի 12-րդ կետ): Հետևաբար, եթե ներկայացվել են Օրենքով սահմանված փաստաթղթերը, ապա բացակայում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում նշված անհնարինության տարրը:
Այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը վիճարկում է այլ անձի անվամբ (վարչական ակտի հասցեատիրոջ անվամբ) կատարված իրավունքների պետական գրանցումը կամ իրավական ակտը, որի հիման վրա վերջինս ձեռք է բերել համապատասխան իրավունքներ, ապա պետական գրանցման վարույթը չի կասեցվում (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): Սակայն հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է նման դեպքերում ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնել վարչական ակտի կատարումը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մաս): Դատական ակտի հիման վրա և Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով կոմիտեն կասեցնում է գրանցման վարույթը: Գործող իրավակարգավորումների պայմաններում, երբ օրինակ դատարանը մերժել է հայցվորի միջնորդությունը, սակայն առկա է դատական վարույթ, ապա առաջանում է գրանցման վարույթի կասեցման հարցի քննարկման և(կամ) կասեցման պահանջ:
Սահմանված կարգով կնքված գործարքից (իրավական ակտից) բխող սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթը վեճի առկայության հիմնավորմամբ կասեցնելը, հատկապես այն դեպքում երբ կողմերը ամբողջությամբ կամ մասամբ կատարել են իրենց պարտավորությունները (հանձնվել է գույքը, վճարվել է պայմանագրային գումարը և այլն), չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքներին, քանի որ տվյալ դեպքում, ըստ էության սահմանափակվում է տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունները: Մինչդեռ, եթե նպատակը գույքի հետագա օտարման բացառումն է, ապա դատարանը կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառել տնօրինման իրավազորության սահմանափակում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է նաև գրավի առարկայի բռնագանձման գործընթացը դատարանի կողմից կասեցնելու հնարավորություն:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Թվարկված անհստակությունները վերացնելու համար առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Իրավունքի պետական գրանցման վարույթը չի կասեցվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի հիման վրա:
Նախագծի ընդունման դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը չի կասեցվելու այն հիմնավորմամբ, որ գրանցման օբյեկտի նկատմամբ առկա է դատական վեճ: