Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգ։
-
6 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Avag Sayan 06.02.2021 00:07:39 | 25 հոգանոց վաշտին մեկ հրամանատարը քիչ է, վերահսկողությունը դժվար կլինի։ | Հանրակթական դպրոցում ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի, որտեղ ուսուցիչները աշխատում են 25 և ավելի աշակերտական կազմի հետ։ Այս դեպքում նույնպես ընտրված է նույն մոդելը և առաջարկությունը հիմնավորված չէ, թե ինչու՞ է դժվար վերահսկելի: | |
2 | Հրաչյա Պետրոսյանց 08.02.2021 22:11:12 | Նախաձեռնությունը միանշանակ գովելի է, սակայն այն ինչ ներկայացվում է նախագծում թերի է և ոչ գրագետ մշակված: Փորձեմ հակիճ ներկայացնել դիտարկումները: 1. Առաջին դիտարկումը վերաբերվում է բոլոր կետերին. Նախագիծը կազմվել է սիրողական մակարդակով՝ հիմնվելով ներկայումս գործող ՆԶՊ առարկայի դասագրքի հիման վրա, որը ընդհանրապես չի համապատասխանում մեր պահանջներին: Նախագծում սուր կերպով առանձնանում են չոր զինվորական և չոր քաղաքացիական ձեռագրերը, ինչը խոսում է այն մասին, որ ռազմական մանկավարժության որևէ առանձնահատկություն հաշվի առնված չէ: 2. Ընհանրապես որևէ հիմնավորում չկա, թե ինչի համար է ճամբարը հավասարեցվում գնդի և ինչի համար են ստեղծվում պայմանական երկու գումարտակները և մեկ դիվիզիոնը: Ինչից ելնելով են վաշտերում լինելու 25-ական աշակերտ, դասակներում՝ 12, իսկ ջոկերում՝ 6: Եթե ճամբարի ընդհանրական խնդիրն է աշակերտների համար ապահովել ՆԶՊ առարկայի գործնական դասընթացների անցկացում բանակային առօրյայով, ապա անհասկանալի է, թե ինչու ենք մենք աշակերտների մոտ ձևավորում սխալ պատկերացում բանակի մասին, որտեղ գումարտակը կազմվում է երեք վաշտերից, որոնցից յուրաքանչյուրում կա երեք դասակ, իսկ յուրաքանչյուր դասակում երեք ջոկ: Այսինքն ի սկզբանե մենք նախազորակոչային տարիքի աշակերտների մոտ ձևավորում ենք սխալ պատկերացում զորամասի ստորաբաժանումների կառուցվածքի վերաբերյալ: 2. Անհասկանալի է նաև ճամբարի ղեկավար կազմի կազմի պաշտոնները, որոնք բանակից վերցրած աղավաղված պաշտոններ են, իմ կարծիքով բյուրոկրատական չինովնիկության տիպական պաշտոններ, որոնք որևէ էական օգուտ չեն տալու խագարելուց բացի: 3. Վաշտերի, դասակների ու ջոկերի անձնակազմի թվաքանակը ուղիղ ազդեցություն է թողնելու որոշ ռազմամասնագիտական առարկաների ուսումնասիրության ժամանակ: 4. Մեծագույն սխալ եմ համարում օրական 15 աշակերտի վերակարգի կազմում ընգրկելը, այսինքն օրական 15 հոգու պարապմունքներից կտրելը: Դպրոցական ճամբարը զորամաս չէ, որտեղ իրականացվում է զորքերի ծառայություն և անհրաժեշտ է այդ քանակությամ վերակարգի նշանակումը: 5. Ճամբարի կանոնակարգը չի կարող վերցվել ՀՀ ԶՈւ կանոնագրքերից , այն առավելագույնս կարող է կազմվել դրանց նմանությամբ հարգելիներս: Դուք երևի մոռանում եք, որ գործ ունեք աշակերտների հետ, այլ ոչ թե զինվորների: 6. Ի՞նչ է նշանակում աղջիկների ստորաբաժանում կին զինղեկի ղեկավարությամբ: Դուք հասկանո՞ւմ եք ձեր ասածի անտրամաբանությունը: Իսկ եթե չլինեն այդ քանակությամբ կին զինղեկներ ի՞նչ եք անելու: Ինչպես նաև կարծում եմ, որ խառը կազմով ստորաբաժանումները աշակերտների համար ավելի ոգևորիչ ու խթանիչ կարող են լինել: 7. Ծրագրային մասը ուղղակի որոշ կետերում ուղղակի աբսուրդի է վերածվում: Օրինակ եթե որևէ մեկը կարողանա ինձ բացատրել, թե ի՞նչ է նշանակում մարտավարության հիմնական կանոններ, ապա կարելի է միջնորդել, որպեսզի նրան ռազմական գիտությունների դոկտորի կոչում շնորհեն: 8. Ընդհանրապես դեմ եմ ժամապահի ծառայության հետ կապված որևէ նյութի ուսումնասիրում: 9. Գոյատևման հիմունքներին տրված 1 ժամը ծիծաղելի է, դրան կարելի է հատկացնել շատ ավելի շատ: 10. Ընդհանրապես ծրագրում ներկայացված թեմաները կարելի է ամբողջությամբ ուսումնասիրել առավելագույնս 6 օրվա ընթացքում, այստեղից հարց, թե ի՞նչու 12 օր: Հարգելիներս եթե դուք ներկայացնում եք ճամբարի նախագիծ, ապա մենք վաղուց արդեն իրականացնում ենք նմանատիպ ճամբարային հավաքներ ՙՙԱՅԲ,, դպրոցում, որի ՆԶՊ ուսուցիչը և զինղեկն եմ հանդիսանում ես 2018 թվականից: Իմ բոլոր դիտարկումները ունեն կոնկրետ փորձից ելնելով հիմքեր: | Նախագծով կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ չկան։ | |
3 | Հրաչյա Պետրոսյանց 08.02.2021 22:19:37 | Գտնում եմ, որ նման ձևաչափով ճամբարի անցկացումը լինելու է անարդյունավետ և ֆինանասկան չարդարացված ծախսեր է առաջացնելու: Առաջարկում եմ նախագիծ ուղարկել լրամշակման և ձեր պաշտոններից մի փոքր իջնել ներքև ու քննարկել այն մարդկանց հետ, ովքեր գործնականում իրականեցնելու են աշակերտների ռազմամարզական ուսումնառությունը ճամբարների ընթացքում: | Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման և այն կարգավորող հարաբերությունների վերաբերյալ հստակ առաջարկությունների դեպքում՝ կընդունվի։ | ՝ |
4 | Հրաչյա Պետրոսյանց 16.02.2021 12:23:45 | Ծիծաղելի է, երբ կետ առ կետ ներկայացված թերությունները նշելուց հետո պատասխան է գրվում, որ առաջարկություն չկա։ Ի հարկե կա հստակ առաջարկություն։ Առաջարկում եմ նախագիծը այս տարբերակով չընդունել և ուղարկել լրամշակման։ Ճիշտն ասած այնպիսի տպավորություն է, որ նախագծի հեղինակները գործում են ջայլամի սկզբունքով, ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել, հստակ առաջարկություն չկա։ | ||
5 | Հրաչյա Պետրոսյանց 18.02.2021 11:45:52 | Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ հարցերը. 1. Ով է ֆինանսավորելու ոչ պետական դպրոցների բանակումները և ինչ կարգով, 2. Նախագծում որևէ ձևով ընդհանրապես առանձնացված չեն ոչ պետական դպրոցները։ Այստեղից բխում է առաջարկություն' Նախագծում նշել, որ տվյալ կարգը վերաբերվում է միայն պետականներին կամ հստակ առանձնացնի ոչ պետականների առանձնահատկությունները: | Ճամբարի իրականացումը այս տարվա համար փորձնական է, իրականացվելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանակում և համաձայն «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26․12-րդ ենթակետի՝ հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը։ | |
6 | Armenia 14.02.2021 20:46:01 | Շատ հոյակապ ծրագիր է խոսքեր չկան ապրեն այն գրագետ մարդիկ, որ առաջ են տանում այսպիսի լավ գախափարները, ես միայն կասեմ շնորհակալություն, այս հայրենասեր մարդկանց: | ||
7 | Դավիթ Սահակյան 24.02.2021 22:32:41 | Ըստ Կարգի 45 և 46 կետերի ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին, սակայն հստակեցված չէ, արդյո՞ք դա վերաբերվում է ոչ պետական դպրոցներին: Եթե այո, ապա առաջարկում եմ Կարգում հստակեցնել ոչ պետական դպրոցների ֆինանսավորման կարգը: Եթե ոչ, ապա առաջարկում եմ Կարգում հստակ նշել, որ այն վերաբերվում է միայն պետական դպրոցներին: | Ճամբարի իրականացումը այս տարվա համար փորձնական է, իրականացվելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանակում և համաձայն «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26․12-րդ ենթակետի՝ հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը։ | |
8 | Դավիթ Սահակյան 24.02.2021 22:52:37 | Կետ 19-ում նշված է, որ յուրաքանչյուր վաշտում 25-աշակերտ է, իսկ մեկ վաշտը բաղկացած է երկուական դասակներից` յուրաքանչյուրում` 12 աշակերտ: 12*2=24: Նույն տրամաբանությամբ դիվիզիոնում ստացվում է ոչ թե 100, այլ 96 աշակերտ: Առաջարկում եմ խմբագրել: | Առաջարկությունն ընդունվել է։ Շնորհակալություն։ | |
9 | Դավիթ Սահակյան 24.02.2021 22:52:37 | Ըստ կետ 19-ի ստացվում է, որ 100 աշակերտի հետ աշխատելու է 6 մեծահասակ: Ստացվում է 16-17 աշակերտին մեկ մեծահասակ: Ամփոփաթերթի եզրակացություններում հիմնավորվում է, որ հանրակրթական ծրագրով 25 աշակերտի հետ աշխատում է 1 ուսուցիչ և նույն տրամաբանությունը կիրառվում է ճամբարի վրա: Առաջարկում եմ կիրառել ոչ թե դպրոցի տրամաբանությունը, այլ ճամբարների կազմակերպման նորմատիվ հաշվարկը` որտեղ 5-6 երեխաներին հաշվարկվում է մեկ մեծահասակ: Դա պայմանավորված է նրանով, որ դասարանում ուսուցիչը աշխատում է 45 րոպե, իսկ ճամբարում երեխաները գտնվում են 24 ժամ` դրանից բխող բոլոր կարգապահական, անվտանգային, կազմակերպչական և այլ առանձնահատկություններով: | Առաջարկությունը ընդունվել է։ Շնորհակալություն։ | |
10 | Սևադա Աղաջանյան 25.02.2021 20:20:40 | <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայից ստացած գիտելիքների ամրապնդման և կարողությունների ու հմտությունների զարգացման համար ԱՌԱՋՐԿՈՒՄ ԵՄ 12 օրյա ռազմամարզական ճամբարային հավաքի փոխարեն ամեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում /8-րդ, 9-րդ, 10-րդ,11-րդ դասասարանցիների հետ/ դպրոցներում կազմակերպել երկօրյա հավաքներ՝ պլանավորելով ու անցկացնելով միայն գործնական պարապմունքներ / ուսումնական տարվա ընթացքում ուսուցանված գործնական պարապմունքների թեմաների շրջանակում/: Առաջին օրը պլանավորել դպրոցում, երկրորդ օրը՝ բաց տեղանքում: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ նաև դպրոցներին հրաձգային վարժության համար հատկացված օդամղիչ հրացանները փոխարինել ՏՕԶ-8 տիպի փոքր տրամաչափի սպորտային հրացաններով: | Ռազմամարզական ճամբարը նախատեսված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական պարապմունքերի միջոցով: Առաջարկությունը չի առնչվում կարգի հետ։ | |
11 | Սևադա Աղաջանյան 25.02.2021 21:52:33 | Երկօրյա հավաքները՝ յուրաքանչյուր դասարանի համար 2 օր հաշվարկով /եթե դասարանում աշակերտների թիվը 15 է ու ավել/, իսկ դասարաններում, որտեղ աշակերտների թիվը քիչ է՝ հավաքները պլանավորել ու անցկացնել համատեղ՝ ապահովելով ուսուցման առավելագույն արդյունավետություն: | Ռազմամարզական ճամբարը նախատեսված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական պարապմունքերի միջոցով: |