ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի բուժման հակաուռուցքային, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման նպատակով կիրառվող թեստ-հավաքածուների անընդմեջ մատակարարման անհրաժեշտությամբ, դրանց որակի ապահովմամբ, գնումներն ավելի մրցակցային և արդյունավետ դարձնելով, բյուջետային միջոցների խնայողությամբ:
Ուռուցքային հիվանդությունները (քաղցկեղը) առողջապահության գերակա խնդիրներից են, ունեն լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ, ինչպես նաև բարձր մահաբերություն: Ուստի արդյունավետ հակաուռուցքային դեղերի առկայությունը շատ կարևոր է այդ հիվանդություններից մահացության ցուցանիշների իջեցման տեսանկյունից: Ներկայումս միջազգային շուկայում առկա են քաղցկեղի բուժման բարձր արդյունավետությամբ օժտված պրեպարատներ, որոնք մինչ այժմ մասամբ ձեռք են բերվել առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով, առանց միջազգային հարթակների կողմից գնառաջարկներ ստանալու և, ավելի ցածր գների դեպքում, ուղղակիորեն միջազգային հարթակներից դեղերի գնման հնարավորության, իսկ մասամբ էլ ձեռք չեն բերվել` Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու և/կամ տեղային շուկայում դրանց չլինելու հետ կապված:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման դեղերը 2018 թվականից ի վեր ձեռք են բերվում սույն որոշման շրջանակներում, ապահովելով որակյալ դեղերի անընդմեջ մատակարարում: Վերջին տարիներին աշխարհում սկսել են կիրառվել տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ ախտորոշման նորարական մեթոդներ` թեստ համակարգեր, որոնք առայժմ ձեռք են բերվում միայն Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` ուղղակիորեն Հիմնադրամի կողմից միջազգային հարթակներից իրականացվող գնումների եղանակով, տեղային շուկայում համարժեք ախտորոշիչ նյութերի բացակայության պատճառով: Քանի որ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը մոտենում են պետական ֆինանսավորմանը անցնելու շրջանին` նպատակահարմար է տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների գնումը նույնպես ներառել սույն որոշման մեջ` Հայաստանի Հանրապետությունում նշյալ երկու հիվանդությունների թե՛ բուժման և թե՛ ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր միջոցների անխափան մատակարարում ապահովելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Հակաուռուցքային դեղերի, ինչպես նաև տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների գնման համար ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը և թեստ հավաքածուները հայկական շուկայում լայն տարածում չունեն, կամ էլ առայժմ բացակայում են, և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը և թեստ հավաքածուները գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում:
Սույն որոշմամբ կիրարկված մեխանիզմները անցած տարիների ընթացքում արդեն իրենց արդյունքն են տվել և ապացուցել արդյունավետությունը հակատուբերկուլոզային և ՄԻԱՎ դեղերի գնման դեպքում:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սույն որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղային մրցույթի արդյունքում մատակարարների իրավունքները:
Որոշման երկրորդ կետի 5-րդ ենթակետում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների ներառումը պայմանավորված է Գլոբալ Հիմնադրամի (ԳՀ) կողմից Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռք բերման որակի նկատմամբ վարվող քաղաքականության պահանջներով: Սույն պահանջը գործում է ինչպես ԳՀ կողմից ֆինանսավորմամբ գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների վրա, այնպես էլ ԳՀ դրամաշնորհների տրամադրման ավարտից հետո պետության կողմից ստանձնվող պարտավորությունների մասով: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրերից պետությանը պարտավորությունների անցումային պլանների բարեհաջող իրականացումն է հանդիսանում նոր և ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախապայման: Այս մասին է նաև Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Դումիտրու Լատիցեվչիի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2019թ. փետրվարի 26-ին ուղարկված գրությունը:
Որոշման երկրորդ հավելվածով նախատեսված գործակալների ցանկում «Այ + սոլյուշնս» կազմակերպության ավելացումը պայմանավորված է նույն ցանկում ընդգրկված մյուս կառույցներին նման պրոֆիլով գործունեության իրականացմամբ: Կազմակերպությունը իրականացնում է մեծածավալ գնումներ բազմաթիվ երկրների կառավարությունների համար, եղել է նաև Հայաստանի Հանրապետության համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հակառետրովիուսային դեղերի մատակարարը Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, իսկ 2019 թվականի հոկտեմբերի 14-ին գրավոր հետարքրքրություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած այս ինքնատիպ մրցակցային հարթակին մասնակցելու մասով: Այս հավելումը առնվազն հնարավորություն կընձեռի որոշմամբ նախատեսված գնումները ավելի մրցակցային և արդյունավետ դարձնել հետագայում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանի Հանրապետությունում որակյալ հակաուռուցքային դեղերի, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների անընդմեջ մատակարարում` այդ դեղերի և թեստ հավաքածուների գնումները առավել մրցակցային և արդյունավետ դարձնելով և հանգեցնելով բյուջետային միջոցների խնայողության:
-
Քննարկվել է
14.01.2021 - 29.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7240
Տպել