Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 9.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«9.1) ընտանիքի սոցիալական գնահատում` ընտանիքի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների և գույքային և ոչ գույքային ռեսուրսների հետազոտման բազմակողմանի գործընթաց, որն ուղղված է բացահայտելու, հայտնաբերելու և գնահատելու պատճառների, հետևանքների և հարաբերությունների միջև այն կապերը, որոնք բնութագրում են ընտանիքի կյանքում ստեղծված իրավիճակը.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում 1-ին և 2-րդ մասերի և  18-րդ հոդվածի 1-ին մասի «համայնք» բառը իր հոլովաձևերով փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմին» բառերով՝ իր հոլովաձևերով: 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «սոցիալական սպասարկում իրականացնող» բառերը փոխարինել «խնամք, այդ թվում բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող,» բառերով, իսկ 9-րդ մասի 1-ին կետը «սնունդ`» բառից հետո լրացնել «առնվազն» բառը: 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում.»: 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «սոցիալական աջակցության համայնքային» բառերը փոխարինել «տեղական սոցիալական» բառերով, 3-րդ կետում «կամավոր» բառը` «սեփական» բառով, իսկ 5-րդ մասից հանել «համալիր կենտրոններում տեղակայված» բառերը:

 Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում 1-ին մասը «ստեղծվում են» բառերից հետո լրացնել «ընտանիքի սոցիալական գնահատման,» բառերը, իսկ «ներառված» բառից հետո` «, ինչպես նաև լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի կատարած տնային այցելության ընթացքում ձեռք բերված» բառերը, 4-րդ մասը «պարունակում են» բառերից հետո լրացնել «ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, ընտանիքի անդամների անձնական տվյալները,» բառերը և հանել «սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած անձանց անձնական տվյաները,» բառերը: 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«5.1) ընտանիքի սոցիալական գնահատումը.»: 

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր 36.1-րդ, 36.2-րդ և 36.3-րդ հոդվածներով հետևյալ բովանդակությամբ. 

« Հոդված 36.1 Ընտանիքի սոցիալական գնահատումը 

  1. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:
  2. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով, որը ներառում է`

1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը.

2) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

3) ընտանիքի անապահովության գնահատումը.

4) ընտանիքի անապահովության միավորի որոշումը:

  1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով`

1) տալիս է սույն օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված եզրակացությունները.

2) որոշում է կայացնում դիմողին՝

ա. սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին.

բ. ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելու մասին: 

Հոդված 36.2 Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը 

  1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը` սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով սոցիալական աջակցություն հայցողի կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու (այսուհետ` դիմող) դիմումը կամ հայտը ստանալուց հետո.

1) ընթացք է տալիս դրանց սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

2) ընտանիքին հաշվառում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքի չափահաս անդամներից մեկի, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա.

3) դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ.

4) տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալները ներառվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ` տնային այցելության ընթացքում

5) կատարում է առաջին տնային այցելությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող`

ա. 15 աշխատանքային օրվա ընթացքում.

բ. մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղեկությունը ստացվել է բանավոր դիմումների, ահազանգերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների միջոցով և դրանցում առկա է անձի (ընտանիքի) անձնական տվյալների և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություն` ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայրը.

6) տնային այցելությունը կատարվում է դիմողի և (կամ) նրա ընտանիքի սոցիալական և նյութական պայմանները ուսումնասիրելու նպատակով.

7) տնային այցելության ընթացքում գնահատվում է՝

ա. դիմողի (ընտանիքի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կարիքները կամ դրանց բացակայությունը, առկա կարողությունները և հմտությունները, ինչպես նաև այդ կարողությունների և հմտությունների  հետագա զարգացման  հնարավորությունների առկայությունը կամ բացակայությունը.

բ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանները, մասնավորապես՝ բարեկեցությունը կամ աղքատությունը, բնակության պայմանները, կենսագործունեության սահմանափակումները, ընտանիքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ընտանեկան բռնության առկայությունը կամ բացակայությունը կամ դրա սպառնալիքը.

գ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանների վրա` տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցությունը.

դ. խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակահարմարությունը:

  1. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

1) ներառում է

ա. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անձնական տվյալները, սոցիալական վիճակը, զբաղվածությունը, եկամուտը, գույքային և ոչ գույքային  ռեսուրսները բնութագրող այլ տվյալները.

բ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալական խնդիրների, կարիքների նկարագրությունը,

գ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անհատական սոցիալական ծրագիրը.

դ. աջակցող ցանցի անդամների տվյալները.

ե. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունները.

զ. սոցիալական աջակցություն տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումը, սոցիալական աջակցության ծավալը, տրամադրման ժամկետները, դադարեցման հիմքերը.

2) ինքնաշխատ եղանակով որոշում է ընտանիքի անապահովության միավորը:

  1. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում հաշվառվելու, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների միջև փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

 

Հոդված 36.3 Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները և ընտանիքի անապահովության միավորը 

  1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ և այլ պայմանների հիման վրա:
  2. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:
  3. Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում՝

1) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:

  1. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում ներառված տվյալների հիման վրա: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ կիրառվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն օրենքի 36.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ձևավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության հիման վրա իրականացվող ծրագրերում:
  3. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի, անձնական տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի, 39-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 40-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերի «սպասարկող» բառն՝ իր հոլովաձևերով, փոխարինել «սատարող» բառով՝ իր հոլովաձևերով: 

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «նպատակով» բառից հետո լրացնել «կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար»,  4-րդ մասը` «տիրապետում է» բառից հետո «խնամակալի կամ խնամատար ծնողի կամ որդեգրել ցանկացող անձի,», 5-րդ մասի 3-րդ կետը՝ «աջակցություն» բառից հետո «հայցողի, խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար դիմողի (ընտանիքի), սոցիալական աջակցություն», իսկ «սոցիալական» բառից հետո` «խնդիրները, գույքային և ոչ գույքային ռեսուրսները, սոցիալական» բառերը: 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:  

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ գլուխը: 

Հոդված 2. Օրենքի 13-րդ, 16-րդ և 22-րդ հոդվածների 1-ին մասերի «Ընտանիքների անապահովության» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական» բառերով: 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:  

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:  

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:  

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:  

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: 

 

 

 

  • Քննարկվել է

    29.06.2017 - 17.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

29.06.2017 14:57

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11062

Տպել