Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Այս ակտերի թվին են դասվում նաև հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները: Միևնույն ժամանակ, հոդվածում բացակայում է դիմումի ապահովումը մերժելու կամ դիմումի ապահովումը վերացնելու մասին որոշումը` որպես բողոքարկման ենթակա միջանկյալ ակտ: Մինչդեռ դիմումի ապահովման դեպքում ևս նույն տրամաբանությունն է գործում, ինչ հայցի ապահովման դեպքում, այսինքն` դիմումի ապահովումը մերժելու կամ վերացնելու որոշումները պետք է բողոքարկման ենթակա լինեն:

Վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածն ունի հետրյալ բովանդակությունը. «1. Սույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով։»: 196-րդ հոդվածը ներառված է «Նորատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» գլխում: Նշված կարգավորումից բխում էր, որ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերը բողոքարկման ենթակա են հենց վարչական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 06.10.2015 ՍԴՈ-1231 որոշմամբ 196-րդ հոդվածի «ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և 92-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր: Սակայն, այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո որևէ կարգավորում, առ այն, թե ինչ կարգով են բողոքարկվում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերը, օրենսգրքում չի լրացվել:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը` որպես բողոքարկման ենթակա միջանկյալ ակտ նախատեսելով նաև դիմումի ապահովումը մերժելու և դիմումի ապահովումը վերացնելու մասին որոշումները:

Միաժամանակ` առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերի բողոքարկման վերաբերյալ դրույթ: Մանսավորապես` 141-րդ հոդվածը վերաբերում է վերաքննիչ դատարանում գործի քննության կարգին և այս հոդվածում սահմանված են դրույթներ, որոնք սահմանում են վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննելու և որոշումները կայացնելու կարգը։ Այս հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է լրացնել կարգավորում առ այն, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են 5 դատավորի կազմով:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կլրացվեն համապատասխան կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են իրավակիրառ պրակտիկայում:

 

  • Քննարկվել է

    08.01.2021 - 24.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4147

Տպել