«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ ռազմավարական փաստաթղթերով․
1) Կառավարության 16.05.2019թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 353-րդ կետով հարկային ստվերի գնահատման և կրճատման նպատակի շրջանակներում նախատեսված է երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մշակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման միջոցառումը (353.5-րդ կետ), որի համար որպես ակնկալվող արդյունք նախատեսված է երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի սեփականատերերի, կադաստրային գնահատման և վերջիններիս փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովված լինելը,
2) Կառավարության 28.11.2019թ. N1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության 14-րդ թիրախային կետով (ստվերային տնտեսության ծավալների շարունակական կրճատում, արտոնյալ հարկ վճարողների բացառում) նախատեսված է երրորդ անձանցից տեղեկությունների ստացման և արդյունավետ օգտագործման հնարավորությունների ընդլայնումը,
3) Կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի կառավարման համակարգերի կատարելագործման նպատակի Էլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրման և զարգացման ենթանպատակի այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման միջոցառման (1.1.4) շրջանակներում նախատեսվում է այլ գերատեսչություններում առկա և հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների հասանելիության ապահովումը հարկային մարմնի համար։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին, որի շրջանակներում ստանձնել է պարտավորություն՝ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով միջազգային համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման նպատակով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկայությունը, իրական սեփականատերերի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին։ Նշված կարգավորմանը համապատասխան՝ Կառավարության 06.04.2017թ. N388-Ն որոշմամբ սահմանված է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը:
ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: Երրորդ անձ է համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը նույն կետով այլ բան սահմանված չլինելու դեպքում` Կառավարության սահմանած կարգով, հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Երրորդ անձի կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են` գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին։ Նշված կարգավորմանը համապատասխան՝ Կառավարության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ սահմանված են անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը (համաձայն N1 հավելվածի), շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը (համաձայն N2 հավելվածի)։
ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ երրորդ անձի կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են` գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները ինչպես գույքի, այնպես էլ դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին։ Իսկ գործող որոշմամբ հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վարչարարության իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված` բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և (կամ) գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վարչարարության իրականացման ժամկետը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Իրավական ակտի նախագծի նպատակն է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընդլայնելով հարկային մարմնի կողմից ստացվող տեղեկությունների շրջանակը, բարելավել հարկային մարմնի կողմից կատարվող վերլուծությունների որակը: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Կառավարության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ հաստատված՝ անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգում։
Առաջարկվում է սահմանել, որ Կադաստրի կոմիտեն հարկային մարմին է ներկայացնում հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կադաստրային գնահատման (վերագնահատման) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ համաձայն Կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N1 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն Կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի: Տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Հարկային մարմինը բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով։ Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորի կողմից հարկային մարմին տրամադրվում են ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով։
Նկատի ունենալով Կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման համապատասխան հավելվածների՝ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հանգամանքը, առաջարկվում է սահմանել, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N388-Ն որոշման N1 ձևով 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հարկային մարմին է ներկայացվում մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ։
Նախագծով առաջարկվող կարգավորումների, դրանց ուժի մեջ մտնելու և նախագծի՝ քննարկման համար ներկայացման ժամկետների առումով հարկ է նկատի ունենալ հետևյալը․
- Կառավարության 07․05․2020թ․ N713-Ն որոշմամբ 2021թ․ հունվարի 1-ից Կառավարության 06․04․2017թ․ N388-Ն որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` 2021թ․ հունվարի 1-ից անշարժ գույքի միասնական հարկի ներդրման հանգամանքով պայմանավորված։ Ըստ այդմ, թվով 6 հավելվածների փոխարեն սահմանվել են թվով 3 հավելվածներ։ Միաժամանակ սահմանվել է, որ նշված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում է էլեկտրոնային տեսքով՝ տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում, և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով, իսկ համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո այդ տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորին են տրամադրվում ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով,
- Կառավարության 23․07․2020թ․ N1227-Ն որոշմամբ Կառավարության 07․05․2020թ․ N713-Ն որոշման հավելվածը լրացնել 5-րդ կետով, համաձայն որի՝ www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)»։ Միաժամանակ, նույն որոշմամբ առաջարկվել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպել www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այնուհետ՝ ՀԷԿՄՀ) ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառավարել ՀԷԿՄՀ-ի գործարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրումներ պահանջվելու դեպքում՝ ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոցների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնել ՀԷԿՄՀ-ի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողություններ,
- հարկային օրենսգրքում փոփոխություներ նախատեսող՝ 18.06.2020թ. ՀՕ-321-Ն օրենքի 15-րդ հոդվածով (նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում հաշվառող մարմիներին) և 22-րդ հոդվածներով (անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում հաշվառող մարմիններին) համապատասխան փոփոխություններ են նախատեսվում Կառավարության 06․04․2017թ․ N388-Ն որոշման մեջ։
23․11․2020թ․ Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաս-տանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N713-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները պետք է ներկայացվեն նույն հավելվածներով (ոչ թե նոր հավելվածով), հետևաբար՝ առաջարկվող կարգավորումները «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումներում փոփոխություններ չի առաջացնում։
-
Քննարկվել է
09.12.2020 - 24.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5134
Տպել