ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված է երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը։
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։
Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:
Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։
Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նոր ծնված երեխայի մյուս ծնողին, եթե՝
1) նոր ծնված երեխայի ծնողները ունեն գրանցված ամուսնություն․
2) նոր ծնված երեխան և նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնված երեխաները և զավակները սերված են նույն ծնողներից (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրներն են)՝ երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստը նշանակված լինելու դեպքում։
Գործընթացը հնարավորինս պարզ ընթացակարգով իրականացնելու համար դիմումին կից պահանջվում է ներկայացնել փաստաթղթեր միայն այն դեպքում, երբ դրանք առկա չեն նպաստի գործում: Չի պահանջվում նաև մարտական գործողություններին մասնակցելը հավաստող փաստաթուղթ, քանի որ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ աշխատանքային քննարկմամբ պարզվել է, որ նման փաստաթուղթ կարող է տալ զորամասը կամ ԶՈՒ գլխավոր շտաբը, ինչը ներկայումս նպատակահարմար չէ:
Նախագծի ընդունումը բյուջետային լրացուցիչ ծախսերի չի հանգեցնի, քանի որ նախագծի ընդունմամբ ֆինանսավորված գումարները բանկերը կարող են վճարել մյուս ծնողին, ում տվյալները բանկին կտրամադրի լիազոր մարմինը՝ Սոցիալական ապահովության ծառայությունը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կպարզեցվի ռազմական դրության ժամանակահատվածում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման ընթացակարգը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: