Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում  քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, առաջին կազմերի դատավորներին ներկայացվող պահանջները: Հատկանշական է, որ,առաջարկվում է հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմը համալրել նույն ընթացակարգով, այն տարբերությամբ, որ վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար պահանջվում է առավել խիստ մասնագիտական փորձառության պահանջ:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

 Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել են փորձագետների իրավունքները և պարտականությունները՝ նախատեսելով նաև դրույթ առ այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում փորձագետների կարծիքները:

Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաև փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների  ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում և օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Նախագծով սահմանել է նաև դրույթ, առ այն, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման անցկացման կարգի առանձնահատկությունները, այդ թվում՝ փորձագետներ պարտադիր ներգրավելու կարգավորումները գործելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլև վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:

  • Քննարկվել է

    31.07.2020 - 15.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15120

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am)

15.08.2020

3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով նախատեսել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահի համար 18.00 և հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար 17.00 գործակիցը: Մինչդեռ նույն օրենքով ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար պաշտոնային դրույթաչափի հաշվարկման գործակից է սահմանված 11.00, իսկ դատավորի համար՝ 10.00: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով սահմանված չէ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նույնական են օրենքի գործող կարգավորմանը՝ վերաքննիչ դատարանի նախագահ՝ 11.50 և վերաքննիչ դատարանի դատավոր 11.00 գործակցով: Վարձատրության նման էական տարբերության պայմաններում ակնհայտ անարդարացի մոտեցում է դրսևորվում ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև՝ նսեմացնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կատարվող գործունեության բարդությունը, կարևորությունն ու պատասխանատվությունը: Առաջարկում ենք. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և նախագահի համար նախատեսել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարձատրության համեմատ արդարացի վարձատրություն:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am)

15.08.2020

2. Նախագծի 15-րդ հոդվածում նախատեսված է ԲԴԽ-ի կողմից հանրապետության նախագահին հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու առաջադրելիս դատավորների թեկնածուների ցուցակի հաջորդականություն, ըստ որի չորրորդ հերթում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուներին տրվում է առավելություն: Նախ, գտնում ենք, որ գիտական աստիճանով պայմանավորված՝ թեկնածուն չպետք է ունենա առավելություն, և նույնիսկ նման առավելության պայմաններում, գիտական աստիճանը պետք է կապված լինի հակակոռուպցիոն դատարանի գործունեության որորտին: Ավելին, գիտական աստիճան ունեցող դատավորի թեկնածուի գնահատման շրջանակներում պետք է ստուգման առարկա դառնա գիտական աստիճանի շնորհման գործընթացի օրինականությունը, աշխատությունում գրագողության բացակայությունը և այլն: Առաջարկում ենք. - Հակակոռուպցիոն դատարանի դատավորի՝ գիտական աստիճան թեկնածուներին առավելություն տրամադրել բացառապես հակակոռուպցիոն դատարանի գործունեության ոլորտին առնչվող գիտական աշխատանքի դեպքում: - Գիտական աստիճան ունեցող թեկնածուների գնահատման ընթացքում ստուգման առարկա դարձնել դիտական աստիճանի շնորհման օրինականությունը, աշխատությունում գրագողության բացակայությունը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am)

15.08.2020

1. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին կարող է ներգրավել փորձագետներ: Փորձագետների ներգրավման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը: Նախագծի 21-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսվում է, որ որպես փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Գտնում ենք, որ մասնագիտացված դատարանի դատավորների ընտրությանը ներգրավվող անձինք, ովքեր իրավասու են լինելու խորհրդատվական կարծիք ներկայացնել դատավորի թեկնածուի հավակնորդի մասին, պետք է ավելի երկար /նվազագույնը` առնվազն 7/ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունենան: Ավելին, որևէ լրացուցիչ չափանիշ, քան մասնագիտական աշխատանքային փորձառությունն է, փորձագետների համար նախատեսված չէ: Գտնում ենք, որ փորձագետները պետք է լինեն բարձր մասնագիտական և մարդկային որակներ ունեցող անձինք, անկախ, զերծ շահերի բախման և այլ ռիսկերից: Նաև, անհասկանալի է հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության կարգը օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանելը, այլ ոչ հիմնական հոդվածներով: Առաջարկում ենք. - Փորձագետների համար նախատեսել մասնագիտական աշխատանքային փորձառության առնվազն 7 տարվա պահանջ: Նախատեսել նաև միջազգային փորձագետների ներգրավման հնարավորություն: - Փորձագետների համար սահմանել այլ մասնագիտական և մարդկային հատկանիշները բնորոշող պահանջներ՝ անկախության ապահովման և շահերի բախման բացառման նպատակով: - Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության կարգը նախատեսել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիմնական հոդվածներով, այլ ոչ օրենքում փոփոխություն կատարող իրավական ակտի անցումային դրույթներով:

Տեսնել ավելին